Եվրոպական երեք թոփ ակումբ հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով․ գործակալ Բարբոսա
Գործակալ Պաուլո Բարբոսան տեղեկություններ է հայտնել այն մասին, թե եվրոպական որ թիմերն են հետաքրքրություն ցուցաբերում Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ ու կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նկատմամբ:
Նրա խոսքով՝ իտալական մի քանի առաջատար թիմեր ուշադիր հետևում են հայ կիսապաշտպանին։ Բարբոսան նշել է, որ հետաքրքրությունը կոնկրետ է և գալիս է Սերիա Ա-ի առաջատար ակումբներից։
«Շատ առաջատար ակումբներ են հետևում նրան՝ «Յուվենտուսը», «Ինտերը», «Նապոլին»։ Նա պայծառ ապագա ունի, քանի որ մի քանի մրցաշրջան անընդմեջ ցուցադրում է իր որակները», — Բարբոսայի խոսքերն է փոխանցում Odds.ru-ն։
Հիշեցնենք, որ օրեր առաջ կրկին խոսվում էր Սպերցյանի նկատմամբ «Ինտերի» հետաքրքրության մասին, սակայն միլանյան գրանդի մամուլի ծառայությունից նշել են, որ իրենք նման տեղեկություն չունեն։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա խաղացողը «ցուլերի» կազմում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագրի ժամկետը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականը, իսկ Transfermarkt-ը նրան գնահատում է 25 միլիոն եվրո։
Աղբյուրը՝ Armsport.am:
