Վեճ՝ քաղաքացու և ոստիկանի միջև
Նոյեմբերի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ նույն օրը ժամը 19։45-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայի 5/3 հասցեի մոտ երթևեկության ժամանակ ճանապարհը զիջելու հարցի շուրջ առաջացել է վիճաբանություն, որտեղ «Hyundai» ավտոմեքենայի վարորդը բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ հարձակվել է ոստիկանության ծառայողի վրա, քաշքշել, որի արդյունքում պարանոցի շրջանում ստացել է քերծվածք, այնուհետև իր ավտոմեքենայի սրահից վերցրել դանակը մոտեցել ոստիկանին և այդ պահին վերջինը ներկայացել է ոստիկանության ծառայող՝ ներկայացնելով ծառայողական վկայական, որից հետո վերջինս նստել է իր ավտոմեքենան և հեռացել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ամենից ոստիկանության ծառայողը իր կողմից շահագործվող «Toyota» մակնիշի ավտոմեքենայով վարել է նշված ավտոմեքենայի հետևից և հասնելով Կարմիր Բլուր փողոց, այնտեղ նրան է մոտեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տեսուչ Պետրոսյանը՝ իր կողմից շահագործվող «Toyota» ավտոմեքենայով և այդ ժամանակ «Hyundai»-ի վարորդը ավտոմեքենայով հարվածել է «Toyota»-ին, ինչի հետևանքով այն բախվել է բետոնե պատնեշին և գազատար խողովակին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ժամը 20։45-ի սահմաններում Կարմիր Բլուր փողոցից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով կիրառելով ձեռնամարտի հնարքներ նշված ավտոմեքենայի վարորդին ձերբակալել և իր կողմից շահագործվող «Hyundai» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ պարզվել է, որ վերջինս հանդիսանում է Երևանի բնակիչ 49-ամյա Հայկ Ս․-ն։
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի հատուկ պահպանվող տարածք և ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Հայկ Ս․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։
