Մոլորակի հարուստները խոշոր կորուստներ են կրել
Առաջին առեւտրական շաբաթվա ընթացքում մոլորակի 400 ամենահարուստ մարդիկ ընդհանուր առմամբ 194 մլրդ դոլար էին կորցրել չինական տնտեսության կրճատման, ինչպես նաեւ նավթի գնի նվազման հետեւանքով: Այս շաբաթը 2011-ից ի վեր ամենավատն էր ամերիկյան ֆոնդային շուկայում: Համեմատության համար` 2015-ի առաջին հինգ առեւտրական օրերի ընթացքում միլիարդատերերի ցուցակի անդամների կարողությունը նվազել է 29 մլրդ դոլարով: Ամենախոշոր կորուստը` 5,9 մլրդ դոլար կրել է Amazon.com-ի հիմնադիր Ջեֆֆ Բեզոսը, որն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում չորրորդ հորիզոնականն է զբաղեցնում: Վարկանիշի առաջատար Բիլլ Գեյթսը 4,5 մլրդ դոլար է կորցրել, ցուցակում նրան հետեւող Ամանսիո Օրտեգան զրկվել է 3,4 մլրդ դոլարից: Ընդհանուր առմամբ այս շաբաթվա ընթացքում 1 մլրդ դոլար եւ ավելի կորուստ է ունեցել 47 միլիարդատեր: «Bloomberg»-ի միլիարդատերերի ցուցակի ընդհանուր կարողությունը գնահատվել է 3,7 տրիլիոն դոլար (մոտավորապես հավասար է Գերմանիայի ՀՆԱ-ին) մեկ տարի առաջվա 4 տրիլիոն դոլարի դիմաց, նշում է ԻՆՏԵՐՖԱՔՍԸ:
