Ամեն ինչ ունայն է, եթե կյանքումդ չունես Աստծո ներկայությունը
Խորհուրդներ՝ Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի կողմից:
Պետք է կարողանանք…
-Երիտասարդներին պաշտպանելուց զատ, պետք է կարողանանք նրանց մեջ սերմանել քրիստոնեական մեր արժեքները: Երբ երիտասարդներին թողնում ենք «քաղցած», նրանք աջ ու ձախ են նայում՝ քաղցը լրացնելու համար: Մեր արժեքները սերմանելու դեպքում՝ նրանց պաշտպանելու կարիք չի լինի: Այդ սնունդով նրանք կքայլեն, այն նրանց համար կդառնա ուժ: Քրիստոսի հետ քայլողը, Տիրոջով քաղցը հագեցնողը չի կարող այլ արժեքների կրող լինել՝ անտարբեր, հայհոյող, հարվածող: Ինչ արժեք, որ կրեցինք, այն էլ լինելու է մեզ համար առաջնային: Որ լեզվով աղոթում ենք, չենք կարող հայհոյել: Մեր եկեղեցիները լեցուն են երիտասարդներով, որոնք պատրաստակամ են Քրիստոսի ետևից քայլելու: Պետք է կարողանանք նրանց աշխուժությունը ճիշտ հունի վրա դնել:
Երբ խախտվում է ներդաշնակությունը…
-Երբ երիտասարդները հոգում են միայն մարմնի կարիքները, խախտվում է մարմնի ու հոգու ներդաշնակությունը: Առաջանում է հոգևոր քաղց: Նրանք հայտնվում են փնտրտուքների մեջ, փորձում իրենց առօրյան լցնել: Եթե փնտրում են հոգևորը, գտնում են այն: Եթե փնտրում են սանձարձակությունը, կգտնեն դա: Մենք պետք է կարողանանք նրանց ճիշտ համախմբել: Առանց Քրիստոսի հնարավոր չէ ստանալ իրական երջանկություն ու խաղաղություն: Ի վերջո երիտասարդների փնտրտուքները կարող են տանել դեպի եկեղեցի՝ հաղորդվելու Տիրոջ Մարմնին ու Արյանը: Եկեղեցում մեր տեղը գտնելու համար կան ճանապարհներ:
Քրիստոնյա լինել, չի նշանակում…
-Քրիստոնյա լինել, չի նշանակում ուրախ չլինել, երիտասարդական կյանքով չապրել, նշանակում է այդ ուրախությունն ապրել Քրիստոսի ներկայության մեջ: «Ունայնություն ունայնությանց,- ասաց Ժողովողը,- ամեն ինչ ունայն է»։ Ամեն ինչ ունայն է, եթե դու չունես Աստծո ներկայությունը քո կյանքում, ոչնչից չես կարողանում ստանալ ցանկալի ուրախությունը: Երբ կա Քրիստոսի ներկայությունը, ամեն բան դառնում է որոշյալ, ունայնությունը վերանում է: Ապրել Քրիստոսի ներկայության մեջ նշանակում է զգալ Քրիստոսի սերը, Նրա խոսքերը փորձել կյանքի կոչել, Նրա հետ միասին քայլել: Այն շատ պարզ ու միևնույն ժամանակ բարդ է: Պարզ է, երբ կարողանում ես Տիրոջը գտնել, բարդ է, երբ փորձում ես պարզապես ինքդ քեզ պարտադրել: Երիտասարդները պետք է փորձեն համատեղել իրենց հետաքրքրությունները հոգևորի հետ:
Հոգևոր կյանքով ապրել չի նշանակում…
-Հոգևոր կյանքով ապրել չի նշանակում կորցնել ազատ կամքը: Եթե գալիս ես եկեղեցի, մասնակցում ծիսական արարողություններին, չի նշանակում, որ դառնում ես վանական: Եկեղեցում որևէ մեկը երիտասարդի ազատությունը չի սահմանափակում: Այսօր ազատություն ասելով ոմանք պատկերացնում են սանձարձակությունը: Ազատ լինել չի նշանակում մեղքի մեջ լինել: Երբ ապրում ես մեղքով լեցուն կյանք, կորցնում ես ազատությունդ, դառնում ես գերի: Պետք է ազատ լինել՝ ապրելով Քրիստոսի մեջ:
Qahana.am
