Պաշտոնական ընդունելություն՝Վրաստանի նախագահի անունից/տեսաշար/

Ի պատիվ պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի` Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի և տիկին Մակա Չիչուայի անունից տրվել է պաշտոնական ընթրիք: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Գիորգի Մարգվելաշվիլին հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում անդրադարձել են հարգանքի ու փոխվստահության վրա խարսխված հայ-վրացական միջպետական հարաբերություններին, ինչպես նաև հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամությանը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում երկկողմ կապերի ամրապնդման հեռանկարին: *** Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի կողմից տրված պաշտոնական ընդունելությանը Հարգելի՛ պարոն Նախագահ, Հարգարժա՛ն տիկին Չիչուա, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Նախ մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում պարոն նախագահին հայկական պատվիրակությանը ցուցաբերվող ջերմ, իսկապես եղբայրական ընդունելության համար: Այս այցը, աներկբայորեն, Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև արդյունավետ զարգացող համագործակցության հերթական ապացույցն է: Այսօր տեղի ունեցած բանակցությունները մեկ անգամ ևս վկայեցին երկկողմ հարաբերություններին ավելին տալու, դրանց որակական նոր բովադակություն հաղորդելու մեր ձգտումը: Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների պատմությունն ի սկզբանե խարսխվել է մեր ժողովուրդների անկեղծ համակրանքի, փոխադարձ հարգանքի ու վստահության վրա: Դարեր ի վեր մեր մշակութային ռահվիրաները՝ գրողներն ու լուսավորիչները, նկարիչները, դրամատուրգները, դերասաններն ու երաժիշտները իրենց խոսքն ու գործը ծառայեցրել են հայ և վրացի ժողովուրդների մերձեցմանը: Այս պահին տեղին է հիշել մեծանուն հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հետևյալ տողերը. «Մի մեծագույն իմաստություն կա՝ ժողովուրդների լավ հարաբերությունները, որ գալիս են դարերի խորքից»: Իսկապես, հենց այսպիսին՝ պատմության էջերից սերող է հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունը: Այն ծնվել է հեռավոր անցյալում, արմատավորվել ու կաթիլ-կաթիլ ամրացել դարերի ընթացքում։ Մենք յուրահատուկ ջերմությամբ ենք վերաբերում Վրաստանին ու վրացականին: Այսօր մեր կենցաղի մաս են կազմում թե՛ վրացական կինոն, երգն ու պարը և թե՛ վրացական հացը, գինին և խոհանոցը։ Եվ կարևոր է, որ այսօր Վրաստանի հետ մեր հարաբերությունները կառուցում ենք ժամանակի ոգուն ու մեր հարուստ ժառանգությանը համահունչ, ինչը մեր միջպետական բարձր մակարդակի հարաբերությունների անսասան հիմքն է, և ինչը մենք իրավացիորեն կոչում ենք՝ եղբայրական: Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի այս հոբելյանական տարում մենք հպարտանալու բան ունեք։ Կարող ենք գոհունակությամբ փաստել, որ մեր համագործակցությունը բարձր մակարդակի վրա է գտնվում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Ուրախ եմ, որ մեր երկրների միջև ավանդական բազմաշերտ կապերը տարեցտարի նոր բովանդակությամբ են հարստացվում: Խոսքս առաջին հերթին այնպիսի կարևոր ոլորտներում համատեղ ձեռքբերումների մասին է, ինչպիսիք են տրանսպորտային, էներգետիկ, գյուղատնտեսական և զբոսաշրջության ոլորտները: Հետևողականորեն ընդլայնվում և բազմազան է դառնում մեր առևտրաշրջանառության կառուցվածքը, ակտիվանում է համագործակցությունը գիտության, մշակույթի և կրթության ոլորտներում: Խորհրդանշական է, որ մեր երկխոսությունը մշտապես ընթանում է լիակատար փոխըմբռնման և փոխվստահության մթնոլորտում: Հավատացած եղեք, որ մենք հետևողական ենք մեր փոխադարձ ջանքերի առարկայացման հարցում, ինչի արդյունքները անկեղծորեն գոհացնում են հայ ժողովրդին։ Իհարկե, հայ-վրացական բարեկամության թելերից մեկն էլ մեծաքանակ հայ համայնքն է, որը լինելով վրաց հասարակության ներդաշնակ մի մասը՝ ձեր ժողովրդի հետ միասին կերտում է Վրաստանի ապագան: Մի առիթով վրաց ժողովրդի արժանավոր զավակներից մեկը, հռչակավոր գրող Նոդար Դումբաձեն ասել է. «Հայերը և վրացիները հնագույն մշակույթի ժողովուրդներ են: Մենք միասին ենք քայլել պատմության քառուղիներով: Մենք հարևաններ ենք ‎ֆիզիկապես, մինչդեռ ոգով, պաթոսով, արարմամբ նույն էությունն ենք: Մեր հարազատությունը մեզ ճակատագրով է տրված»։ Պատմությունն ինքն է վկայում, որ մեր պետությունների ամենակարևոր շաղկապը հենց մեր ժողովուրդների բազմադարյա բարեկամությունն է, հոգևոր ու մշակութային մտերմությունը: Մեզ միավորող արժեքներ, որ երկար, շատ երկար փորձաշրջան են անցել։ Եվ հենց սա է մեր փոխգործակցության ելակետը: Հարգելի՛ բարեկամներ, Թույլ տվեք բաժակ բարձրացնել ի պատիվ Վրաստանի Նախագահի և տիկին Չիչուայի, Վրաստանի բարօրության ու առաջընթացի, և իհարկե ի պատիվ մեր երկկողմ բարեկամության ապագայի:   *** Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի ելույթը Նախագահ Սերժ Սարգսյանի պատվին տրված պաշտոնական ընդունելությանը Ձե՛րդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության Նախագահ, Պարո՛ն Սերժ Սարգսյան, Տիկի՛ն Ռիտա Սարգսյան, Հարգելի՛ հյուրեր, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Սրտանց ողջունում եմ բոլորիդ: Ուրախ եմ ինձ ընձեռված հնարավորության՝ Վրաստանում Ձեզ հյուրընկալելու համար: Այսօրվա այցը Վրաստանի և Հայաստանի միջև պատմական բարեկամության ևս մեկ ակնառու արտահայտություն է: Հատկանշական է, որ մեր դիվանագիտական հարաբերությունների վերականգնման 25-ամյակն ավարտվում է նման հիշարժան իրադարձությամբ: Մենք միայն հարևաններ չենք, մեր համագործակցության ավանդույթը հազարամյակների պատմություն ունի, և այն այսօր ևս հաջողությամբ զարգանում է: Մեր բարեկամության գաղտնիքը միայն Քարթլոսի և Հայոսի լեգենդար եղբայրությունը չէ: Մեր մշակույթը, արվեստը, բանահյուսությունը, ավանդույթները միմյանց հետ փոխշաղկապված են, իսկ պատմությունը հագեցած է փոխսատարման օրինակներով: Ճիշտ դա է մեզ հնարավորություն տվել հաղթահարելու բազմաթիվ փորձություններ, միավորել է մեզ բազմաթիվ մարտահրավերիների դեմ և պահպանել տվել այն ինքնատիպությունը, ինչով այսչափ հպարտանում են մեր ժողովուրդները: Ձերդ Գերազանցություն, Վրաստանը շատ է գնահատում և փայփայում այս բարեկամությունը:Մենք ուրախությամբ ենք հետևում այն հաջողություններին, որոնց Հայաստանի Հանրապետությունը հասնում է Ձեր ղեկավարությամբ: Օգտվելով առիթից և սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման առիթով: Այստեղ կրկին ցանկանում եմ հավաստել, որ Վրաստանը միշտ կլինի տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության ակտիվ աջակցող: Մենք պատրաստ ենք և՛ այսօր, և՛ ապագայում մեր բարեկամների հետ կիսվել մեր եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման օգուտներով և այն հնարավորություններով, որ Վրաստանը ստեղծում է տարածաշրջանների և մայրցամաքների միջև համագործակցության առումով: Պարո՛ն Նախագահ, Ուրախ եմ, որ մեր հարաբերությունների ամուր և հրաշալի ավանդույթները ամրապնդվում են մեր անձնական բարեկամությամբ ևս: Ես հիշում եմ իմ այցը Հայաստան և անջնջելի տպավորությունները, որոնք ես ունեցել եմ Ձեր սրտաբուխ հյուրընկալության արդյունքում: Դրանից հետո մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել, և դրանք բոլորն էլ բարեկամությամբ և անկեղծությամբ էին ոգեշնչված: Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ճիշտ այս ոգով թույլ տվեք ձեզ առաջարկել մեր թանկագին հյուրի՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի և առաջին տիկնոջ՝ տիկին Ռիտա Սարգսյանի, կենացը: Ուզում եմ նաև շնորհավորել Ձեր բոլորի գալիք՝ 2018 տարին և մաղթել երջանկություն, առողջություն և բազում հաջողություններ՝ բարեկամ հայ ժողովրդի խաղաղության և բարեկեցության համար: Կեցցե՛ն մեր հյուրերը, Կեցցե՛ մեր բարեկամությունը:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Հայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ները Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Զախարովայի կոշտ արձագանքը Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am