Աչք է դրել Հայ առաքելական եկեղեցու գանձերին․ «Հրապարակ օրաթերթ»
Դեկտեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ իբրեւ թե անհայտ անձինք գողացել են Արարատի մարզի Տափերական համայնքում պահվող 15-րդ դարի Ավետարանը: Ոմանք հիմնավոր կասկածներ ունեն, որ գողությունը հրահանգավորված է եղել վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողմից: Եվ ահա թե ինչու է այդ կասկածը հիմնավոր: Գողության հաջորդ իսկ օրը ՔՊ-ական երկու պատգամավորուհիներ շատ օպերատիվ ձեւով ԱԺ են ներկայացնում մի քանի օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ, որոնք ուղղված են Հայ առաքելական եկեղեցու սեփականություն հանդիսացող՝ մշակութային արժեք ներկայացնող ունեցվածքի նկատմամբ իշխանության ներկայացուցիչների համար հասանելիություն ապահովելուն:
Այդ գողությունը, թերեւս, ընդամենը պատրվակ եւ հիմնավորում պետք է հանդիսանար՝ այս փոփոխությունների իրականացման համար, թե՝ տեսեք, Հայ առաքելական եկեղեցին չի կարողանում պատշաճ ապահովել իր սեփականությունը հանդիսացող եւ իր տնօրինման տակ գտնվող պատմական եւ մշակութային արժեքների պահպանությունը, ուստի պետք է պետական հսկողություն: Օրենքների նման հսկայական փաթեթի պատրաստումը մի օրվա գործ չէր, ինչը ենթադրել է տալիս, որ գործ ունենք վաղօրոք ծրագրված օպերացիայի երկու փոխկապակցված օղակների հետ:
Փաշինյանը հայտնի է իր ագահությամբ, փողի, ոսկու եւ հարստության նկատմամբ ունեցած անհագ սիրով, եւ Հայ առաքելական եկեղեցում դարերով հավաքված ու պահվող հարստությունը չէր կարող վրիպել նրա աչքից: ՔՊ-ական երկու պատգամավորուհիների` Թագուհի Ղազարյանի եւ Հասմիկ Հակոբյանի՝ խորհրդարան ներկայացրած օրենքների նախագծերի այդ փաթեթն օգնելու է հագուրդ տալ փաշինյանական այդ սիրո դրսեւորմանը` նախ հասանելիություն ունենալ Հայ առաքելական եկեղեցու ունեցվածքի նկատմամբ, իսկ հետագայում՝ նաեւ դրանց տիրանալու մտադրությամբ:
Առաջին նախագծով «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» օրենքում առաջարկվում է հսկայական փոփոխություններ իրականացնել: Մասնավորապես, առաջարկվում է օրենքի 3-րդ հոդվածց հանել հետեւյալ սահմանումը` մշակութային արժեքների պահպանական ցուցակում դրանք կարող են գրանցվել միայն սեփականատիրոջ ցանկությամբ: Ինչի՞ մասին է խոսքը. օրենքը նախատեսում է, որ պետությունը` մշակույթի նախարարությունը, կազմում է մշակութային արժեքների պահպանական ցուցակ` պետական պահոցներում գրանցված, ինչպես նաեւ պետական սեփականություն չհամարվող եւ ոչ պետական պահոցներում պետության կողմից պահպանվող մշակութային արժեքների ռեգիստր: Բնական է, որ հարգելով մարդու սեփականության իրավունքը, օրենքը նախատեսում է, որ մշակութային արժեք հանդիսացող առարկայի սեփականատերը կարող է եւ չհամաձայնել, որ իր սեփականությունը գրանցվի այդ ռեգիստրում: Հիմա դա արվելու է պարտադրաբար՝ ուզո՞ւմ է սեփականատերը, թե՝ ոչ: Բայց սա միայն սկիզբն է:
Սույն երկու հզոր օրենսդիրներն իրենց առաջարկած փոփոխություններով մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման ոլորտում լիազորված պետական մարմնին, այսինքն՝ ԿԳՄՍ նախարարությանը, իրավասություն են տալիս իրականացնել մշտադիտարկում համայնքային եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող պահոցներում՝ թանգարաններում, արխիվներում, գրադարաններում եւ այլ պահոցներում մշտապես պահպանվող մշակութային արժեքների նկատմամբ, ինչպես նաեւ՝ սույն օրենքով նախատեսված Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկը մշակելու եւ մշակութային արժեքների պահպանական ցուցակը կազմելու կարգի եւ չափորոշիչների, արվեստաբանական եւ մշակութաբանական փորձաքննության անցկացման կարգի եւ չափորոշիչների համաձայն՝ իրականացնել համայնքներին եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող մշակութային արժեքների հաշվառում, ուսումնասիրություն եւ փորձաքննություն՝ Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկի մշակման եւ մշակութային արժեքների պահպանական ցուցակի կազմման նպատակով։
Սա առնվազն նշանակում է մի բան. ցանկացած պահի իշխանության ներկայացուցիչները կարող են մտնել եկեղեցու պահոցներ եւ հաշվառման, ուսամնասիրության կամ փոձաքննության անվան տակ տանել այնտեղ պահվող ցանկացած իր, առարկա: Հետո թե ինչ տեղի կունենա փորձաքննության ենթարկվածի հետ, կվերադարձվի, թե ոչ, կամ՝ ինչ տեսքով կվերադարձվի, որեւէ մեկը չի կարող ասել:
Ի՞նչ կարող ենք ասել. Փաշինյանն ամեն ինչ անում է օտար զավթիչներից եւ թալանչիներից ոչնչով չտարբերվելու համար, անում է ամեն ինչ, որ ամբողջովին համապատասխանի իրեն տրվող այդ որակումներին:
