Արտաքին միջամտության վտանգավոր զուգահեռականները

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջերս ստորագրված «ԵՄ-ՀՀ գործընկերության ռազմավարական օրակարգը» կարևոր քայլ է Հայաստանի և Եվրոպական Միության հարաբերությունների խորացման ճանապարհին։ Այն, անկասկած, բացում է նոր հնարավորություններ Հայաստանի համար՝ միջազգային հարթակում իր դիրքերը ամրապնդելու, տնտեսական և քաղաքական կապերն ընդլայնելու տեսանկյունից։ Սակայն, որքան էլ այս զարգացումները ողջունելի են, անհրաժեշտ է խորությամբ ու բազմակողմանի դիտարկել դրանց հետևանքները հատկապես Հայաստանի անվտանգության, էներգետիկ անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարական ինստիտուտների վրա հնարավոր ազդեցությունների համատեքստում։

Առաջին հայացքից թվում է, թե ԵՄ-ի կողմից միլիոնավոր եվրոների հատկացումը Հայաստանի զարգացման ու անվտանգության համար կարող է միայն դրական ազդեցություն ունենալ, սակայն իրականում կան մի շարք մտահոգիչ հանգամանքներ, որոնք անտեսել չի կարելի։ Նախ` երբ խոսվում է Հայաստանի էներգետիկ դիվերսիֆիկացիայի ու անվտանգային միջավայրի կայունացման մասին, որպես առաջնահերթություն դրվում է Ռուսաստանի ազդեցության նվազեցումը։ ԵՄ-ն պատրաստվում է 500 մլն դոլարի չափով գումարներ ներդնել, որ հայկական էլեկտրական ցանցերը կապվեն վրացականի և թուրքականի հետ։ Միաժամանակ, ռուսական գազից ու ուրանից կախվածությունը փոխարինվելու է այլընտրանքային մատակարարներով՝ առաջին հերթին ադրբեջանական և վրացական էներգակիրներով, որոնք, անկասկած, ավելի թանկ են և, որ ամենակարևորն է, աշխարհաքաղաքական տեսանկյունից ոչ պակաս ռիսկային։ Եթե Հայաստանը հրաժարվում է ռուսական գազից ու ատոմակայանից ստացվող էներգիայից, ապա անխուսափելիորեն հայտնվելու է Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկ ազդեցության տակ։

Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ կախվածության ուղղության փոփոխություն, այն էլ՝ դեպի թշնամական տրամադրվածություն ունեցող երկրներ։ Այս իրավիճակում Հայաստանը կարող է անգամ կորցնել նույնիսկ այն փոքրաթիվ լծակները, որոնք դեռևս պահպանվում են էներգետիկ անվտանգության ոլորտում։ Ավելին, ռուսական կողմը, տեսնելով այս միտումները, կարող է գնային ճնշումներ գործադրել, ինչն էլ կհանգեցնի էլեկտրաէներգիայի թանկացման, որի արդյունքում էլ ոչ միայն կխորանա կախվածությունը հարևան երկրներից՝ Վրաստանից, Ադրբեջանից ու Թուրքիայից էներգակիրների ներկրումներից, այլև մեր երկրում էներգակիրների թանկացման հետ մեկտեղ գնաճային մեծ ֆոն կստեղծվի։ Այս համատեքստում տեղին է հիշել, թե ռուսական գազի՝ ներկայիս գինը Հայաստանի տնտեսության համար ինչքան ձեռնտու է։ Էներգետիկ անվտանգության տեսանկյունից սա պարզապես բացարձակ անպատասխանատու քաղաքականություն է և կարող է երկարաժամկետ առումով լրջորեն վնասել Հայաստանի ինքնիշխանության հիմքերը։

Եվրամիության մեկ այլ կարևոր նախաձեռնություն է միլիոնավոր եվրոների հատկացումը «հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի» համար, որը նույնպես հղի է լուրջ վտանգներով։ ԵՄ պաշտոնյաները չեն թաքցնում, որ իրենց աջակցությունն ուղղված է գործող իշխանություններին՝ ընդդեմ ընդդիմության, որը, ըստ նրանց, համարվում է արտաքին ուժերի հիբրիդային պատերազմի գործիք։ Այս մոտեցման շրջանակում նախատեսվում է, օրինակ, մի դեպքում՝ 15, մյուս դեպքում՝ 5 մլն եվրոյի հատկացում՝ ապատեղեկատվության դեմ պայքարի անվան տակ։ Սակայն իրականում նման ծրագրերը հաճախ դառնում են ներքաղաքական գործընթացների ուղղակի միջամտության հարթակ։ Օրինակները, որ եվրոչինովնիկները բերում են, այն է՝ Ուկրաինան և Մոլդովան, ցույց են տալիս, որ ԵՄ-ի ազդեցությամբ նման երկրներում հաճախ ուժեղանում են քաղաքական ռեպրեսիաները, փակվում են ընդդիմադիր կուսակցություններ, սահմանափակվում են ընտրական իրավունքները։ Այս ամենը կատարվում է ժողովրդավարության անվան տակ, բայց իրականում ձևավորվում է ընտրողական մոտեցում, երբ ժողովրդավարության սկզբունքները կիրառվում են ըստ այն նախընտրության, թե ում է աջակցում արտաքին դերակատարը։

Եթե Հայաստանում փորձեն ներդնել Մոլդովայի փորձը, ապա վտանգ կա, որ հասարակության պառակտվածությունը նոր երանգներ կստանա, իսկ քաղաքական դաշտում կխորանա բևեռացվածությունը, ինչը կարող է հանգեցնել անկայունության ու լուրջ ներքին ցնցումների։ Հատկապես վտանգավոր է այն, որ ԵՄ-ն ֆինանսական աջակցությունը կապում է ոչ թե Հայաստանի ինստիտուցիոնալ հզորացման, այլ կոնկրետ քաղաքական խմբի, այսինքն՝ գործող իշխանության հետ։ Սա արդեն իսկ խաթարում է ժողովրդավարական մրցակցային միջավայրը և հող է նախապատրաստում արտաքին միջամտությունների համար։ Ժողովրդավարությունը ենթադրում է հավասար հնարավորություններ բոլոր քաղաքական ուժերի համար, օրենքի գերակայություն և մարդու իրավունքների պաշտպանություն՝ անկախ քաղաքական հայացքներից։

Սակայն այսօր Հայաստանում, չնայած ժողովրդավարության մասին բարձրաձայն հայտարարություններին, իրականում օրենքը հաճախ կիրառվում է ընտրողաբար, քաղբանտարկյալների թիվն աճում է, իսկ քաղաքական բռնաճնշումները ավելի ու ավելի համակարգված բնույթ են ստանում։ Այս ամենի ֆոնին ԵՄ-ի կողմից իշխանություններին միակողմանի աջակցությունը ոչ միայն առնվազն տարակուսելի է, այլև վտանգավոր նախադեպ է ստեղծում՝ ապագայում մյուս արտաքին ուժերի կողմից նմանատիպ միջամտությունների համար։ Եթե այսօր ԵՄ-ն լեգիտիմացնում է իր աջակցությունը այս կամ այն քաղաքական ուժին, ապա վաղը նույն տրամաբանությամբ Ռուսաստանը կամ մեկ այլ աշխարհաքաղաքական կենտրոն կարող է ֆինանսավորել որևէ այլ ուժի՝ էլ ավելի խորացնելով ներքին պառակտումը և Հայաստանը վերածելով աշխարհաքաղաքական փորձադաշտի, ինչպես դա տեղի է ունենում Ուկրաինայում։

Ավելին, դրսի ֆինանսական հոսքերը, ինչպիսիք ԵՄ-ն է առաջարկում, երբ ուղեկցվում են քաղաքական դաշտի վերահսկման փորձերով, ոչ միայն չեն նպաստում ինքնիշխանության ամրապնդմանը, այլ ընդհակառակը՝ Հայաստանի ներքին կայունությունը դարձնում են խոցելի արտաքին շահերի համար։ Ի վերջո, ԵՄ-ի ներկայիս քաղաքականության ու գործողությունների հետևանքով Հայաստանը հայտնվում է մի իրավիճակում, երբ ստիպված է ընտրություն կատարել՝ ոչ թե ելնելով իր կենսական շահերից, այլ արտաքին խաղացողների տրամադրվածությունից։

Եթե այս գործընթացը շարունակվի, Հայաստանը կարող է կորցնել իր էներգետիկ ու քաղաքական ինքնիշխանությունը, ընկնել Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության ներքո, իսկ ներքին քաղաքական դաշտը կարող է դառնալ արտաքին ուժերի հակամարտության դաշտ, ինչպես դա տեղի է ունենում Մոլդովայում և Ուկրաինայում։ Հետևաբար, Հայաստանի համար կենսական է, որ արտաքին համագործակցությունը լինի միայն ու միայն իր շահերից բխող, իսկ ցանկացած ֆինանսական կամ քաղաքական աջակցություն չպետք է վերածվի ներքին գործերին միջամտության գործիքի։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

դիտվել է 161 անգամ
Լրահոս
Ես հենց դա կարդացի՝ հունից դուրս եկա․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) #ՀԻՄԱ․ Ե՞րբ ես հրաժարականիդ դիմումը գրում․ Վեհափառի հարցը Նիկոլին (video) #ՀԻՄԱ․«Նիկոլի վզից բռնել ու դուրս են շպրտել Հայ Առաքելական եկեղեցուց»․ Արթուր Համբարձումյան (video) 1 միլիոն 200 հազար հայ պետք է վերադառնա Ադրբեջան․ չհամարձակվե՛ք կեղծել փաստերը․ Ղևոնդյան (video) Նոր կարգավորումներ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրում Անհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի «Դա ոչ թե ճանապարհային քարտեզ է, այլ հայ ազգի երազանքներից և պատմական հիշողությունից հրաժարում» Արտաքին միջամտության վտանգավոր զուգահեռականները Որտեղ են արտաքսելու Դոգին Զինվոր է մահացել Ներգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ Որ համայնքում որքան արժե տոնական զարդարանքը Մենք դեռ կվերադարձնենք Լեւոն Արոնյանին՝ ինչպես կվերադարձնենք Հայաստանին վստահությունն ու արժանապատվությունը. Լևոն Զուրաբյան Ի՞նչ կմնա Հայաստանից, եթե եկեղեցին տապալվի. հայ ազգը կարող է հպարտանալ կաթողիկոսով, նա շատ ուժեղ մարդ է, իսկ ստերը տարածվում են քարոզչության նպատակով. գերմանացի պատմաբան Այսօր Թբիլիսիում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2025»-ը․ քվեարկությունն արդեն սկսված է 13-ամյա աշակերտը «ձախ անրակոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ Գների և պարտքի վրա կառուցված փուչիկը չի կարող կրել երկրի տնտեսական անվտանգությունը․ Անանյան Խոշոր ավտովթար՝ Երևանում. Նուբարաշենում 48-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը Ովքեր դեմ են իշխանության ապօրինությունների ամենօրյա գործելաոճին, հայտնվում են թիրախում․ Աբրահամյան Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Նոր հալածանք ու քաղաքական վրեժխնդրության դրսևորում՝ Վահագն Չախալյանի նկատմամբ․ Դանիելյան Պայքարի Ջահակիրները Ո՞ր քաղաքական գործիչներն ունեն ամենաշատ ճանաչելիություն Քանի դեռ այս հայերը գերեվարված են, ոչ մի իշխանափոխություն չի լինելու․ Հովհաննես Ավետիսյան «Հայաքվե»-ն պատրաստվում է 2026 թվականի ընտրություններին. ում հետ կհամագործակցեն. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am