Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը չի հայտնում դպրոցներում և բուժհիմնարկներում թափուր հաստիքների թիվը
Դեկտեմբերի 1-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հետևյալ հարցումն եմ կատարել ․«Դեկտեմբերի 1-ի դրությամբ Տավուշի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցներում քանի՞ թափուր հաստիք կա, ի՞նչ հաստիքներ են դրանք, ի՞նչ է արվում դրանք լրացնելու համար։ Դեկտեմբերի 1-ի դրությամբ Տավուշի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող առողջապահական հիմնարկներում քանի՞ թափուր հաստիք կա, ի՞նչ հաստիքներ են դրանք, ի՞նչ է արվում դրանք լրացնելու համար»։
Մարզպետի աշխատակազմից հետևյալ պատասխանն եմ ստացել ․«ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի ենթակայության դպրոցներում առկա ուսուցչի թափուր տեղերի մրցույթների հայտարարությունները տեղադրվում են ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի և ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքերում։ Դրանք լրացվում են սահմանված կարգով / ԿԳՄՍ նախարարի 18.02.2021թ. Ն-22 հրաման/: Բժշկական կազմակերպությունների, այդ թվում՝ նաև ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի ենթակայության հիմնարկների թափուր հաստիքների վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրվում է ՀՀ առողջապահության նախարարության կայքէջում» ։
Անհասկանալի է, թե Տավուշի մարզպետն ինչու է խուսափել մարզպետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցներում և առողջապահական հիմնարկներում առկա թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվություն հայտնելուց։ Մարզպետի աշխատակազմն անմիջականորեն միայն այդ 2 ոլորտներն է կառավարում, այն էլ համատեղ՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և առողջապահության նա[արարության հետ համատեղ։ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքի հայտարարությունների բաժնում 2025թվականին վերաբերող հայտարություննeր կան միայն Դեղձավանի հիմնական դպրոցում «Մաթեմատիկա» առարկայի(10 դասաժամ), Բերդավանի միջնակարգ դպրոցում «Հայոց լեզու և գրականություն»
առարկայի (22 դասաժամ) և Վերին Ծաղկավանի միջնակարգ դպրոցում 6 առարկաների ուսուցիչների թափուր տեղերի մասին։ Մարզպետի աշխատակազմի ինտերնետային կայքում տվյալներ չկան մարզի հանրակրթական դպրոցներում ուսուցիչների թափուր տեղերը զբաղեցնելու մրցույթների արդյունքների, ուսուցիչների թափուր տեղերը այդ կերպ համալրելու վերաբերյալ։ Տավուշի մարզպետարանից տեղեկացել եմ, որ մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող 76 հանրակրթական դպրոցներից 16-ի տնօրենի հաստիքը ներկայումս թափուր է, կարելի է ենթադրել, որ որ այդ դպրոցներում ուսուցիչների թափուր հաստիքները շատ ավելի են։ Թափուր հաստիքներ կան նաև Տավուշի գյուղերի առողջապահական հիմնարկներում։
Գրել է Ոսկան Սարգսյանը
