Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել, որ Միացյալ Նահանգները կարող է կրկին հարված հասցնել Իրանին, եթե այդ երկրի ղեկավարությունը գործարքի չգնա Վաշինգտոնի հետ և շարունակի հրթիռային ծրագրի իրականացումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թրամփը վերահաստատել է ավելի վաղ հայտնած դիրքորոշումն այն մասին, որ Մերձավոր Արևելքում կարգավորման հնարավոր չէր լինի հասնել, եթե ԱՄՆ-ի զինված ուժերը հարվածներ չհասցնեին իրանական միջուկային օբյեկտներին։
Թրամփը նշել է, որ Իրանից երկար ժամանակ կպահանջվի միջուկային ծրագիրը վերականգնելու համար և հավելել՝ եթե Իրանը դա փորձի անել առանց Վաշինգտոնի հետ գործարքի գնալու, Միացյալ Նահանգները կոչնչացնի նաև այդ ծրագիրը։
Նոյեմբերի սկզբին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Իրանի ղեկավարությունը մտադիր է շարունակել ուրանի հարստացումը խաղաղ նպատակներով։
