ՌԴ ավիաընկերությունները չեղարկել են ավելի քան 130 չվերթ. «Զվարթնոցը» փոփոխել է մի շարք չվերթների ժամանակացույցը
Ժամանակավոր սահմանափակումների պատճառով ռուսական ավիաընկերությունները չեղարկել են ավելի քան 130 չվերթ և հետաձգել 235 չվերթի մեկնումն ու ժամանումը: Դեկտեմբերի 11-ի գիշերը 12 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը: Դրա մասին հայտնել է ՌԴ տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը իր թելեգրամյան ալիքում:
Ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են գործել Կենտրոնական, Վոլգայի և Հյուսիսային Կովկասի դաշնային շրջանների օդանավակայաններում: Ի պատասխան՝ օդանավակայաններն ու ավիաընկերություններն ավելացրել են աշխատանքային հերթափոխը, հաղորդում է «Коммерсантъ»-ը:
«Մոսկվայի ժամանակով 11:00-ի դրությամբ ուղևորներն ավիաընկերություններից ստացել են 40,500 վաուչեր՝ խմիչքների և սննդի, 10,700-ը՝ հյուրանոցային համարների և 2,200-ը՝ տոմսերի հարկադիր վերադարձի համար։ 54 ինքնաթիռ վայրէջք է կատարել այլընտրանքային օդանավակայաններում», - հայտարարել է տրանսպորտի նախարարությունը։
Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի միջև փոխադրվող ուղևորներն օգտվել են երկաթուղային տրանսպորտից։ Պուլկովոյում վաճառվել է մոտ 3000 տոմս։ Նիժնի Նովգորոդից ավելի քան 700 ուղևոր մայրաքաղաք է մեկնել ավտոբուսով։
Ըստ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակի՝ Ռուսաստան մեկնողների համար մի քանի չվերթ այժմ փոխել է չվացուցակը։
Մասնավորապես, Մոսկվա մեկնող մեկ չվերթ չեղարկվել է, ուշացել է Երևան-Մոսկվա երկու չվերթ, ուշացել է Երևան-Սանկտ Պետերբուրգ մեկ չվերթ, Նիժնի Նովգորոդ մեկնող մեկ չվերթ, իսկ Մոսկվա մեկնող մեկ չվերթ վերանշանակվել է դեկտեմբերի 12-ին։
