Կուսակցությունների կյանքը էապես կբարդանա
«Ժողովուրդը» գրում է. «Երեկ ՀՀ իշխանությունները, ի վերջո, հրապարակեցին ընտրական նոր օրենսգրքի նախագիծը: Իհարկե, նախագիծը խորհրդարան ուղարկելուց հետո հնարավոր է՝ իշխանական քաղաքական ուժերը մյուս կուսակցությունների հետ բանակցությունների արդյունքում փաստաթղթում ինչ-որ փոփոխություններ կատարեն, սակայն կասկածից վեր է, որ այդ զիջումները կլինեն, այսպես կոչված, ոչ նշանակալի խնդիրների հետ կապված, իսկ առանցքային հարցերում իշխանությունները հաստատ անդրդվելի կմնան: Ըստ այդմ, կարող ենք արձանագրել, որ նոր ԸՕ-ով էապես կբարդանա կուսակցությունների կյանքը: Այս նախագծով ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցություններն իրենց համամասնական ցուցակներում պետք է ընդգրկեն Հայաստանում առավել մարդաշատ ազգային չորս փոքրամասնությունների առնվազն 2-ական ներկայացուցիչ: Ստացվում է, որ կուսակցություններից յուրաքանչյուրի համամասնական ցուցակում պետք է լինի առնվազն 2-ական եզդի, ռուս, ասորի եւ քուրդ պատգամավորության թեկնածուներ: Նրանք, ի դեպ, պետք է պարտադիր հայերեն կրթություն ստացած լինեն կամ էլ հայերեն տիրապետելու վերաբերյալ տեղեկանք ունենան: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
