Ծափաթաղում սպանված Տիգրանի քրոջն ու եղբայրներին դեռ չեն վերադարձնելու մորը
Ծափաթաղում հոր կողմից սպանված 3-ամյա Տիգրանի քույրն ու եղբայրները շարունակում են մնալ ՀՕՖ երեխաների աջակցության կենտրոնում՝ ինտենսիվ վերականգման փուլում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՕՖ երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանը։
«Երեխաները դեռ հարմարվում են, ադապտանում են նոր միջավայրում։ Երեխաներից մտավոր խնդիր ունեցող կա, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող կա, բուժում են ստանում․․․»,- նշեց Անտոնյանը։
Հարցին՝ մայրը արդյոք այցելո՞ւմ է երեխաներին, կենտրոնի տնօրենը դրական պատասխան տվեց․ «Այո, այցելությունն արգելված չէ, որովհետև տեսակցությունն արգելափակելու հրահանգ չունենք։ Այո, գալիս է, երբ իրեն հարմար է, երբ կարողանում է»։
Ինչ վերաբերվում է երեխաներին մորը վերադարձնելուն, Միրա Անտոնյանը նշեց, որ դեռ վաղ է այդ մասին խոսել, քանի որ մինչ այդ որոշումը կայացնելը, դեռ երկար գործընթաց կա անցնելու։
«Դեռ երեխաները պետք է այդ պրոցեսները անցնեն, վերջացնեն, հետո նոր որոշում ընդունողներին մենք կասենք, թե ինչ ենք մենք կարծում, ինչքանով է հարմար մոր հետ, ինչքանով հարմար չէ, եթե հարմար է՝ ինչու, եթե հարմար չէ՝ ինչու, նոր դրանց հիման վրա համապատասխան մարմինները որոշում կկայացնեն»- եզրափակեց ՀՕՖ երեխաների աջակցության կենտրոնի տնօրենը։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 27–ին, ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16:30-ի սահմաններում կորել է։
Մեկ շաբաթ տևած որոնողական աշխատանքներից հետո երեխայի մարմինը գտել էին գյուղի դաշտամիջյան հատվածում։ Հայրը խոստովանել էր, որ ինքն էր սպանել տղային։
Նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով։ Երեխայի հայրը կալանավորվել էր։
