Երբ տեսնում ես Ադրբեջանի սպառազինության մրցավազքը, ակնհայտ է, որ Ալիևյան խաղաղությունը խաբկանք է
ԱԺ նախկին պատգամավոր Գոռ Գևորգյանը գրում է․
«Ցանկացած պետության բնականոն զարգացման առաջնային նախապայմանը խաղաղությունն է։ Հայաստանին նույնպես օր առաջ խաղաղություն է անհրաժեշտ` իրական խաղաղություն։
Սակայն, երբ տեսնում ես Ադրբեջանի սպառազինությունների մրցավազքը և առերեսվում Ալիևի հայատյաց հռետորաբանությանը` մասնավորապես «Արևմտյան Ադրբեջան» հակապատմական և ագրեսիվ քարոզին, ապա ակնհայտ է դառնում, որ Ալիևյան խաղաղությունն ընդամենը պատրանք է և խաբկանք, որը հրամցվում է նաև մեր ժողովրդին։ Հետևաբար Ալիևյան հայատյաց քաղաքական խոսույթը որևէ կապ չունի իրական խաղաղության հետ։
Պատմությունը վաղուց ցույց է տվել նման պատրանք-խաբկանքներից եկող սպառնալիքներն, որոնք հաճախ ավարտվել են ողբերգություններով։
Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Նացիստական Գերմանիան այսպես կոչված «Չհարձակվելու» մասին բազմաթիվ պայմանագրեր էր ստորագրել՝
• 1934 թ․՝ Լեհաստանի,
• 1938 թ․՝ Մեծ Բրիտանիայի,
• 1938 թ․՝ Ֆրանսիայի,
• 1939 թ․՝ Լիտվայի,
• 1939 թ․՝ Լատվիայի,
• 1939 թ․՝ Էստոնիայի,
• 1939 թ․՝ ԽՍՀՄ-ի հետ:
Թե ինչ եղավ հետո, հայտնի է նույնիսկ դպրոցական դասագրքերից։
Իհարկե, հայազգի «մեծանուն» պրոպագանդիստները կհաստատեն, թե «դա այլ դարաշրջան էր», մեկ այլ հերթական «վերլուծաբանը» կխոսի հիտլերիզմի առանձնահատկությունների մասին և այլն։ Բայց այստեղ խնդիրը ոչ թե պրիմիտիվ համեմատությունը չէ, այլ պամական նախադեպի երևույթն, ագրեսիվ տրամադրված պետության գործելաոճի բնույթը։
Տվյալ նախադեպը լիարժեք հասկանալու համար, այն պետք է դիտարկել Ադրբեջանի քաղաքական վարքագծի, պաշտոնական Բաքվի և Անկարայի աշխարհաքաղաքական ծավալապաշտության ու խորապատկերի ներքո:
Հետևաբար արտաքին քաղաքականությունը չի կարող հիմնվել կաբինետային արկածախնդիր ցանկությունների կամ ինքնախաբեության վրա։
Այն բացառապես պետք է լինի գիտելիքահեն, խորքային և հաշվարկված։
Հակառակ դեպքում փոքր պետությունների համար պոպուլիզմը դառնում է ծանրագույն հետևանքներով իսկական աղետ, որի առաջ 2020 թվականից ի վեր կանգնած է Հայաստանի Հանրապետությունը:
Այս ամենը չտեսնելը, մեղմ ասած քաղաքական հավկուրություն է:
Հ․գ․ 2020–2025 թթ․ ընթացքը հստակ ցույց է տալիս․ քանի դեռ Ալիևի հռետորաբանության առանցքում հայատյացությունն է, իսկ նրա քաղաքական հաշվարկը՝ պրիմիտիվ ծավալապաշտությունն ու մեր պատմության վերաշարադրման քայլերը, Հայաստանի հետ իրական խաղաղությունն առայժմ կմնա լոկ որպես պատրանք»։
