Նիկոլ Փաշինյանը թոկ է ՀՀ վզին և այդ թոկից պետք է ազատվել․ Ռոբերտ Քոչարյան
44-օրյա պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 18-ին, առաջարկը՝ պատերազմը կանգնեցնելու մերժվել է վարչապետի կողմից։ Երկրի շահերից էր բխում օր առաջ պատերազմը կանգնեցնելը, չի կանգնեցրել մի պատճառով, որ իրեն դավաճան չասեն։ Անմիջապես պարտվելուց հետո երկրի շահերից է բխում, որ պարտված ղեկավարը հրաժարական տա, մաքրվի այդ պարտությունից, նոր առաջնորդը փորձի վերանորոգել այն պրոբլեմները, որոնք ծանրացել են երկրի վրա։ Չի արել, ինչի արդյունքում հանձնվեց Գորիս-Կապան ճանապարհը, Շուռնուխի կեսը․․․․ շարքը կարելի է շարունակել։ Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ինչո՞ւ սկսեց Նիկոլ Փաշինյանը բանակցել Ալիևի հետ առանց միջնորդների, մինչդեռ թույլ և պարտվող կողմը առաջին շահագրգիռ կողմն է, որ լինեն հզոր միջնորդներ, որոնք կերաշխավորեն բանակցային գործընթացը և այդ գործընթացի արդյունքները։ Ինչո՞ւ Միացյալ Նահանգներում այս օգոստոսի 8-ին նախաստորագրված փաստաթղթերում Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չփորձեց բանակցել խաղաղության հաստատման և ամրապնդման, միջազգային երաշխիքների խնդրի շուրջ։ Նույնիսկ փորձ չի արվել, ես համոզված եմ, որ փորձի պարագայում հնարավոր էր դրան հասնել»,- նշեց Քոչարյանը՝ ընդգծելով, որ այս բոլոր կետերին միավորում է մեկ բան՝ Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է մի իրավիճակ, երբ Հայաստանը մշտական վտանգի առջև պետք է լինի նոր պատերազմ սկսելու, և դա իրեն ձեռ է տալիս մեկ պատճառով, որ խաղաղությունը ուղիղ կապվի իր անձի հետ, իր անվան հետ, այլ ոչ թե ամուր միջազգային երաշխիքների հետ․«Իրեն ուղղակի պետք էր օդի ջրի պես, որ ժողովուրդը այնպիսի սարսափ և վախ ունենա և անդադար լինի այդ սարսափը և վախը, որ քվեարկությունների ժամանակ ասեն՝ սա իսկապես պատուհաս է երկրի համար, բայց լավ է սա լինի, քան պատերազմը։ Սա դասական այն օրինակն է, երբ երկրի և ժողովրդի շահերը ուղղակի հակասության մեջ են երկրի առաջնորդի անձնական շահերի հետ։
Իր նպատակը իշխանություն պահելն է, որը պայմանավորված է նրնով, թե ինչ չափի սարսափ պետք է լինի մեր ընտրողների մոտ, որ կիրառվի այդ բանաձևը՝ «լավ է այս ազգակործան պատուհասը լինի, քան լինի նոր պատերազմ»»։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը թոկ է Հայաստանի Հանրապետության վզին և այդ թոկից պետք է ազատվել։
pastinfo.am
