ԱՆԻՖ-ի իրական գինը․ փաստեր՝ ընդդեմ Ավինյանի պնդումների. Civilnet
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2025-ի սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, արձագանքելով Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) անարդյունավետության վերաբերյալ քննադատություններին, պնդել էր, թե ԱՆԻՖ-ի դուստր ընկերությունները ավելի շատ են վերադարձրել պետությանը, քան պետությունը ծախսել է ֆոնդի վրա։
«ԱՆԻՖ-ի վրա պետությունը ծախսել է 4,19 մլրդ դրամ, ԱՆԻՖ-ի ստեղծած դուստր ընկերությունները 5,5 մլրդ դրամ հարկերի տեսքով վերադարձրել են պետությանը»
«Երբ որ ասվում է ԱՆԻՖ-ն անարդյունավետ էր, ԱՆԻՖ-ի վրա պետությունը ծախսել է 4,19 մլրդ դրամ, ԱՆԻՖ-ի ստեղծած դուստր ընկերությունները 5,5 մլրդ դրամ հարկերի տեսքով վերադարձրել են պետությանը»,- հայտարարել էր Ավինյանը։ Նա նաև պնդել էր, թե ֆոնդը ներգրավել է 210 մլն դոլարի օտարերկրյա ներդրումներ և նրա գործունեության արդյունքում ստեղծվել է 800 նոր աշխատատեղ։
#CivilNetCheck-ը գնաց Ավինյանի հայտարարության հետքերով։ Ավելի քան երկու ամիս պահանջվեց պետական տարբեր մարմիններից ամբողջական տեղեկատվություն ստանալու համար։ Ի վերջո մեր տրամադրության տակ հայտնված պաշտոնական փաստաթղթերը և աուդիտի ենթարկված հաշվետվությունները բացահայտում են բոլորովին այլ պատկեր։
Որքա՞ն գումար է իրականում պետությունը ծախսել ԱՆԻՖ-ի վրա
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը հիմնադրվել է 2019-ին որպես 100% պետական սեփականություն՝ ազգային շահ ներկայացնող ոլորտներում ներդրումներ իրականացնելու, օտարերկրյա կապիտալ ներգրավելու նպատակով։ ԱՆԻՖ-ը 2019-ի վերջին ստեղծել է դուստր՝ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲ ընկերությունը, որն էլ այնուհետև գրանցել է «Ձեռնարկատեր+ Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդը։ Ավինյանը ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ է եղել 2019-2023-ին՝ ֆոնդի հիմնադրումից մինչև Երևանի քաղաքապետ նշանակվելը։
Տիգրան Ավինյանի պնդումը, թե ԱՆԻՖ-ի վրա պետությունը ծախսել է 4,19 մլրդ դրամ, հակասում է փաստաթղթային տվյալներին, որոնք ցույց են տալիս, որ 2019-2025-ին ԱՆԻՖ-ին հատկացված գումարների ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 21 մլրդ դրամ կամ մոտ 55 մլն դոլար ներկայիս փոխարժեքով։
ԱՆԻՖ-ի կողմից իրականացված ներդրումային ծրագրերը բաժանվում են երկու հիմնական խմբի՝ ուղիղ ներդրումներ, որոնք իրականացվել են հենց ուղիղ ԱՆԻՖ-ի կողմից, և ներդրումներ «Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» դուստր ֆոնդի միջոցով։
Այսպես, Պետական գույքի կառավարման կոմիտեից #CivilNetCheck-ին տրամադրած ԱՆԻՖ-ի աուդիտի ենթարկված հաշվետվությունների համաձայն՝ 2019-2024-ին միայն ընթացիկ գործունեության, աշխատավարձերի և որոշ նախագծերի համար ֆոնդին բյուջեից դրամաշնորհների տեսքով հատկացվել է ավելի քան 8,5 մլրդ դրամ։
Բացի դրամաշնորհներից, կառավարությունը խոշոր ներդրումներ է կատարել ԱՆԻՖ-ի կանոնադրական կապիտալում՝ հասցնելով այն 7,6 մլրդ դրամի, որից միայն մոտ 4,73 մլրդ դրամը հատկացվել է ԱՆԻՖ-ին` Fly Arna ավիաընկերության ստեղծման համար։ Մնացած կապիտալը՝ ընդհանուր մոտ 2,9 մլրդ դրամ արժողությամբ, հողատարածքներն են, որոնք փոխանցվել էին 2021-ին և 2023-ին` «Այգ-1» արևային կայանի կառուցման համար: Սակայն ավելի ուշ կայանի համար որպես ակտիվ հատկացված հողերը վերադարձվել են ֆոնդից պետությանը։
Դուստր՝ «Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի կառավարմամբ գործող համանուն հակաճգնաժամային ներդրումային ֆոնդի միջոցով ԱՆԻՖ-ը նաև ընդհանուր շուրջ 6,65 մլրդ է ներդրել շուրջ տասը մասնավոր ընկերություններում։ Բացի այդ, «Ձեռնարկատեր + Պետություն» ֆոնդի միջոցով 2021-ից մինչ օրս շուրջ 2,7 մլն դոլար (շուրջ 1,3 մլրդ դրամ) ներդրվել է «ԵՄ-Հայաստան ՓՄՁ» հիմնադրամում։
Made with Flourish • Create a Sankey diagram
Այսպիսով, պաշտոնական փաստաթղթերով հաստատված՝ ԱՆԻՖ-ի ֆինանսավորման ծավալը կազմում է ավելի քան 21 մլրդ դրամ՝ մոտ հինգ անգամ գերազանցելով Ավինյանի նշած թիվը։ Անգամ եթե դիտարկենք միայն ֆոնդի գործունեությանն ուղղված բյուջետային դրամաշնորհները՝ առանց ներդրումային ծրագրերի և փոխանցված անշարժ գույքի, ապա այդ գումարը կազմում է 8,5 մլրդ դրամ, ինչը կրկնակի գերազանցում է քաղաքապետի հայտարարած գումարը։
ԱՆԻՖ-ի ուղիղ ներդրումները. ինչ փուլում են ծրագրերը
ԱՆԻՖ-ի խոշորագույն ուղիղ ներդրումը՝ շուրջ 4,3 մլրդ դրամ, տրվել է Fly Arna ավիաընկերության («Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ) ստեղծմանը։ «Ազգային ավիափոխադրողի» ստեղծման այս ծրագիրը սակայն երկար կյանք չունեցավ. ավիաընկերությունը 2024-ի հունվարից դադարեցրեց թռիչքները, լիցենզիան կասեցված է, գույքը գտնվում է արգելանքի տակ, իսկ ընկերությունը՝ սնանկության փուլում։ ԱՆԻՖ-ի՝ 2023-ի աուդիտը արձանագրել է 6,3 մլրդ դրամի վնաս Fly Arna-ում։
Մամուլում 2024-ին հուլիսին տեղեկություններ էին տարածվել, որ Fly Arna-ի 49% բաժնետեր՝ արաբական Air Arabia ընկերությունը, պատրաստվում է արբիտրաժային հայց ներկայացնել Հայաստանի դեմ՝ պահանջելով խոշոր փոխհատուցում։ Թեև այս լուրերի շրջանառումից ի վեր զգալի ժամանակ է անցել, մինչ օրս հայցի ներկայացման վերաբերյալ պաշտոնական հաստատում չկա։
ԱՆԻՖ-ի խոշոր նախաձեռնություններից՝ «Այգ-1» արևային էլեկտրակայանի ծրագիրը, որի ընդհանուր արժեքը գնահատվում էր $186 մլն դոլար, իրականացվում էր արաբական «Մասդար» ընկերության հետ համատեղ։ «Մասդար Հայաստան 1» ՓԲԸ-ում ԱՆԻՖ-ը 15% բաժնեմասի դիմաց ներդրել է ընդամենը 150,000 դրամի ուղղակի կապիտալ և պետության կողմից ԱՆԻՖ-ի կանոնադրական կապիտալին է փոխանցվել մոտ 2,9 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ 377,4 հեկտար հողատարածք։ Չնայած այն հանգամանքին, որ կայանը պետք է շահագործման հանձնվեր մինչև 2025-ը, մինչ օրս շինարարական աշխատանքները չեն մեկնարկել։ Ըստ գերատեսչություններից ստացված պարզաբանումների՝ ներկայում բանակացություններ են ընթանում ծրագրի համար հողահատկացման և հետագա աշխատանքների համար։
Made with Flourish • Create a hierarchy graph
ԱՆԻՖ-ի մեկ այլ դուստր ընկերություն՝ «ԱՌՖԻ» ՓԲԸ-ն (ARFI), որը ներդրումային քրաուդֆանդինգի հարթակ պետք է լիներ, պետությունից ստացել է 411 մլն դրամ ներդրում՝ 100% բաժնեմասի դիմաց։ Առցանց հարթակը և ընկերությունը փաստացի չեն գործում, հայտնաբերվել են ենթադրյալ չարաշահումներ։
ԱՆԻՖ-ը նաև ներդրումներ է կատարել «ԱյԹրեյդ» ՓԲԸ-ում (100% բաժնեմաս, գործունեությունը՝ մաքսային միջնորդություն) և «Իմպորտ ԱՄ Գրուպ» ՓԲԸ-ում (15% բաժնեմաս, գործունեությունը՝ դիզելային վառելիքի մեծածախ առևտուր). այս երկուսն էլ գտնվում են լուծարման գործընթացում։
Արդյունք տված ուղիղ ներդրումներից է Սյունիքի մարզի Մեղրիի տարածքում պահեստավորման գործունեություն ծավալող «Հարավային տերմինալ» ՓԲԸ-ն, որտեղ ԱՆԻՖ-ը ձեռք է բերել 49% բաժնեմաս՝ 49,000 դրամով։ Արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 2024-ի դեկտեմբերին ստացել է 5,6 մլն դրամ որպես շահութաբաժին։
ԱՆԻՖ-ի դուստր ընկերության ներդրումները
Ինչ վերաբերում է ԱՆԻՖ-ի դուստր «Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդին, ապա այն ստեղծվել է 2020-ի սկզբին՝ COVID-19 համավարակի պայմաններում, և նախատեսված էր մասնավոր ընկերություններում բաժնեմասեր ձեռք բերելու միջոցով խթանել տնտեսական ակտիվությունը։
Կառավարությունը «Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդին փոխանցել է ընդհանուր 10 մլրդ դրամ, որից ծախսվել է մոտ 8 մլրդ դրամը։
«Դոմ Արենա» ՓԲԸ-ն, որը շահագործում է Երևանում գործող Hard Rock Cafe սրճարանը, 2022-ի տարեսկզբին «Ձեռնարկատեր + Պետություն» ֆոնդի միջոցով պետբյուջեից ստացել է 277,2 մլն դրամ ներդրում՝ 48% բաժնեմասի դիմաց։ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ներդրումը համարել է խնդրահարույց և ոչ նպատակահարմար պետական միջոցների օգտագործման տեսանկյունից։
Made with Flourish • Create a chart
«Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ն (CFW) 2023-ի մայիսին՝ հիմնադրվելուց ընդամենը ութ օր անց, ֆոնդից ստացել է ավելի քան 1,5 մլրդ դրամ ներդրում՝ 49% բաժնեմասի դիմաց։ Ներդրումը նախատեսված էր կիբերանվտանգային կարողությունների ձևավորման և ոլորտի մասնագետների պատրաստման համար։ «Հետք»-ի տվյալներով՝ ընկերության տնօրեն Կարինե Անդրեասյանը Տիգրան Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավունու մտերիմ ընկերուհին է։ Ընկերությունը փաստացի գործունեություն չի ծավալում, չունի աշխատակազմ՝ բացի տնօրենից, իսկ բաժնետերերը օֆշորային ընկերություններ են։ Ծրագրի իրական արդյունքները նույնպես անհայտ են։
«Բերրիմաունթ» ՓԲԸ-ն, որը պետք է զբաղվեր ելակի արտադրությամբ ժամանակակից ջերմոցային տնտեսությունում, 2023-ի սկզբին ստացել է 960 մլն դրամ ներդրում՝ 31% բաժնեմասի դիմաց։ Ընկերության սեփականատեր Դմիտրի Ալեքսեյենկոն, ըստ «Ազատության» հետաքննության, Տիգրան Ավինյանի դասարանցին է։ Չնայած ներդրված գրեթե 1 մլրդ դրամին՝ ծրագիրը տապալվել է, ընկերությունը դադարեցրել է գործունեությունը։
«ԱպագաՓրոջեքթս» ՓԲԸ-ն (Yell Extreme Park) 2022-ի մարտին ԱՆԻՖ-ի դուստր ֆոնդից ստացել է 796,2 մլն դրամ ներդրում՝ ընկերության 25% արտոնյալ բաժնետոմսերի դիմաց։ Ծրագրով պետք է ընդլայնվեր «Ապագա ռեզորթ» հանգստի գոտին։ Ներդրումից հետո կողմերը հայտնվել են հակընդդեմ դատական գործընթացներում։ Ընկերության տնօրենը պնդում է, թե ԱՆԻՖ-ի միջամտությունը բիզնեսը կանգնեցրել է սնանկացման եզրին, իսկ ԱՆԻՖ-ն իր հերթին ընկերության հիմնադիրներին մեղադրում է միջոցների ոչ նպատակային ծախսի մեջ։
«Գլոբալ Քոննեքթ» ՓԲԸ-ն, որը զբաղվում է լոգիստիկայով և բեռնափոխադրումներով, 2022-ին ստացել է ընդհանուր 700 մլն դրամ ներդրում՝ 49% բաժնետոմսերի դիմաց։ Այդ միջոցներով ընկերությունը ձեռք է բերել 18 բեռնատար։ Ընկերությունը կապվում է ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի մտերիմ ընկերոջ՝ Սերգեյ Գրիգորյանի հետ։
«Յունիվերսալ Քլոզրս» ՓԲԸ-ն, որը զբաղվում է շշերի խցանների արտադրությամբ, 2023-ի հունիսին ֆոնդից ստացել է 1,67 մլրդ դրամ ներդրում՝ 49% բաժնետոմսերի դիմաց՝ արտադրության հոսքագծի արդիականացման համար։ Թեև ընկերությունը շարունակում է գործունեությունը, սակայն այս ներդրման, ինչպես նաև ֆոնդի մի շարք այլ ներդրումների դեպքերով, նախաձեռնված են քրեական վարույթներ։
«ԷյԷմՍի» ՓԲԸ (AMC)-ում, որը զբաղվում է սնկի կոմպոստի արտադրությամբ, ԱՆԻՖ-ի դուստր ֆոնդը 2022-ի դեկտեմբերին ներդրել է 287,4 մլն դրամ՝ 32% բաժնեմասի դիմաց։ Այս ներդրման մասով ևս քրեական վարույթ է նախաձեռնված։
«Տավրոս ԿՎՄ» ՓԲԸ-ն, որը զբաղվում էր կոշիկի արտադրությամբ, 2021-ի օգոստոսին ֆոնդից ստացել է 83,3 մլն դրամ ներդրում (նախատեսված 416,5 մլն դրամից)՝ 49% բաժնետոմսերի դիմաց։ Ներդրումն իրականացվել է մասնակի, քանի որ առաջին տրանշից հետո ընկերության և ֆոնդի միջև ծագել են դատական վեճեր։ Կողմերը հակընդդեմ հայցեր են ներկայացրել՝ փորձելով պարտավորեցնել միմյանց կատարել բաժնետիրական պարտավորությունները։ Ընկերությունը ներկայում չի գործում։
«Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի կողմից իրականացված ներդրումներից երկուսը, որոնցում պետական մասնաբաժինը վաճառվել է, կարելի է համարել համեմատաբար հաջողված։ «Սիդ թու Ֆարմ» ՓԲԸ-ում, որը զբաղվում է անասնակերի արտադրությամբ, ֆոնդը ներդրել էր 265,9 մլն դրամ՝ ընկերության 49% բաժնեմասի դիմաց։ Այս բաժնեմասը 2023 թվականին վաճառվել է մյուս բաժնետիրոջը՝ «Հայր և որդի Երեմյաններ» ընկերությունների խմբին 346 մլն դրամով։ Մյուս դեպքը «Ժամանակակից վիրաբուժության կլինիկա» ՓԲԸ-ն է, որում ֆոնդի 49,3% մասնակցության համար ներդրվել էր 63 մլն դրամ։ Այս բաժնեմասերն էլ 2022-ին վաճառվել է 63,9 մլն դրամով։
Այսպիսով, ԱՆԻՖ-ի դուստր՝ «Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդը տասը ընկերությունում իրականացրել է շուրջ 6,65 մլրդ դրամ։
Միաժամանակ, կառավարությունը ներդրումային ֆոնդի միջոցով շուրջ 2,7 մլն դոլար կամ մոտ 1,3 մլրդ դրամ է ներդրել «Ամբեր կապիտալ» ՓԲԸ-ի կողմից կառավարվող ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդում։ Կառավարության ընդհանուր նեդրումը ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդում նախատեսված էր 7 մլն դոլարի չափով, որից 4 մլն-ն պետք է իրականացվեր հակաճգնաժամային ֆոնդի միջոցով։ 2024-ի հուլիսին ֆոնդի չտեղաբաշխված միջոցներից 1,7 մլրդ դրամ վերադարձվել է պետական բյուջե։
Կառավարության 2025-ի օգտոստոսի 28-ի որոշմամբ` «Ձեռնարկատեր+Պետություն» հակաճգնաժամային ֆոնդի կողմից ֆինանսավորված ութ ընկերություններին առաջարկվում է հետ գնել պետությանը պատկանող բաժնեմասերը։ Օտարման առաջարկվող ընդհանուր գինը կազմում է շուրջ 8,21 մլրդ դրամ, որը հաշվարկվել է ներդրված գումարի և դրա վրա կուտակված տարեկան 10,27% պարզ տոկոսի հանրագումարով։
«Վերադարձված 5,5 միլիարդի» մասին. Գրպանից՝ գրպան
Անդրադառնանք Տիգրան Ավինյանի մյուս առանցքային պնդմանը, թե ԱՆԻՖ-ի ստեղծած դուստր ընկերությունները 5,5 մլրդ դրամ հարկերի տեսքով վերադարձրել են պետությանը
Պետական եկամուտների կոմիտեից ստացված տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ԱՆԻՖ-ը և նրա դուստր ընկերությունները առևտրային չնչին եկամուտներ են գեներացրել։ Նրանց վճարած հարկերը գոյացել են մեծամասամբ պետության տրամադրած դրամաշնորհներից և կապիտալ ներդրումներից։
Խոշորագույն հարկատուներն են եղել հենց ԱՆԻՖ-ը և նրա դուստր ընկերությունները, ինչպես նաև սնանկացած Fly Arna-ն։ Այսպես, ցանկը գլխավորում է «Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն՝ վճարած 2,26 մլրդ դրամ հարկերով։ Հաջորդում են «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն (Fly Arna)՝ 2,25 մլրդ դրամով, և հենց ԱՆԻՖ-ը՝ 2,21 մլրդ դրամով։ Ավելի քիչ՝ 75 մլն դրամ վճարել է կրկին 100% ԱՆԻՖ-ին պատկանող «ԱՌՖԻ» ՓԲԸ-ն, իսկ «Ձեռնարկատեր+Պետություն» հակաճգնաժամային ներդրումային ֆոնդը (չշփոթել համանուն կառավարիչ ՓԲԸ-ի հետ)՝ 2,3 մլն դրամ։
Եթե պետական մասնակցությամբ ընկերությունների հետ միասին հաշվենք նաև մասնավոր ընկերությունների վճարած բոլոր հարկերն ու տուրքերը, որոնցում ԱՆԻՖ-ը ներդրումներ է կատարել ուղղակիորեն կամ դուստր ֆոնդի միջոցով, ապա 2019-2024-ի ընդհանուր գումարը կկազմի շուրջ 8 մլրդ դրամ, որից կեսից ավելին՝ 4,5 մլրդ դրամը վճարել են պետական կազմակերպությունները։ Մնացածը վճարել են մասնավոր ընկերությունները, հիմնականում՝ սնանկացած «Ֆլայ Առնա» ավիաընկերությունը։
Made with Flourish • Create a hierarchy graph
Պետական գույքի կառավարման կոմիտեի տվյալներով՝ ԱՆԻՖ-ն իր գործունեության ողջ ընթացքում դուստր ընկերություններից, այդ թվում՝ «Ձեռնարկատեր+Պետություն» ներդրումային ֆոնդից, երբևէ եկամուտ կամ շահաբաժին չի ստացել։
ԱՆԻՖ-ը երբևէ եկամուտ չի ստացել նաև իր մասնակցությամբ ընկերությունների բաժնետոմսերի վաճառքից, չնայած ԱՆԻՖ-ի ենթակայության տակ գտնվող «Ձեռնարկատեր+Պետություն» ներդրումային ֆոնդը վաճառել է իր բաժնեմասերը երկու ընկերություններում՝ 2022-ին 346 մլն դրամով անասնակերի արտադրությամբ զբաղվող «Սիդ թու Ֆարմ» ՓԲԸ-ում և 2024-ին «Ժամանակակից վիրաբուժության կլինիկա» ՓԲԸ-ում ունեցած բաժնետոմսերը 63,9 մլն դրամով։
Պարզ ասած՝ պետությունը գումար է տվել ԱՆԻՖ-ին, որն էլ դրա մասը վերադարձրել է բյուջե որպես հարկ։ Կառավարությունը պետական միջոցները փոխանցել է մի գրպանից մյուսը՝ ճանապարհին կորցնելով հսկայական գումարներ վարչական ծախսերի և ձախողված նախագծերի վրա։
ԱՆԻՖ-ի ծախսերը և կառավարման արդյունքները. ինչ են ցույց տալիս հաշվետվությունները
Ֆինանսական հաշվետվությունները վկայում են, որ չունենալով էական եկամուտ բիզնես գործունեությունից, ԱՆԻՖ-ը «գոյատևել է» գրեթե բացառապես պետական դրամաշնորհների հաշվին։ Այսպես, 2019-2024 թվականներին ԱՆԻՖ-ի միայն աշխատակազմի ընդհանուր վճարումները (ներառյալ աշխատավարձեր, պարգևավճարներ և հարակից ծախսեր) կազմել են շուրջ 5,7 մլրդ դրամ։ Այս մասով, ամենածախսատարը եղել է 2021-ը։ Ըստ ֆինանսական հաշվետվության՝ այս գծով ծախսերը կազմել են 1,7 մլրդ դրամ, որից միայն առանցքային ղեկավարության վարձատրությունը կազմել է մոտ 258 մլն դրամ։
Ընդհանուր առմամբ՝ 2019-2023-ին ԱՆԻՖ-ի առանցքային ղեկավար անձնակազմի ծախսերը գերազանցել են 1 մլրդ դրամը (2024-ի ծախսերում ղեկավար անձնակազմի ծախսերը առանձացված չեն)։ Ուշագրավ է, որ երբ 2023-ին Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) սկսեց ստուգումներ իրականացնել ԱՆԻՖ-ում, վերջինս շուրջ 12 մլն դրամ վճարեց «Էրնսթ ընդ Յանգ» աուդիտորական ընկերությանը՝ ղեկավարության բարձր աշխատավարձերը միջազգային համադրելի ֆոնդերի օրինակով «հիմնավորելու» համար։
Մեկ այլ առանցքային դրվագ է ԱՆԻՖ-ի Մոսկվայի ներկայացուցչության գործունեությունը, որը 2020-2024 թվականներին ստացել է շուրջ 2,7 մլրդ դրամ ֆինանսավորում, որից 1,6 մլրդ-ը ծախսվել է աշխատավարձերի վրա։ Մասնաճյուղը ղեկավարել է Սերգեյ Գրիգորյանը՝ ԱՆԻՖ-ի փոխտնօրենը։ ԱՆԻՖ-ի ներկայիս ժամանակավոր կառավարիչը #CivilNetCheck-ին հայտնել է, որ տեղեկություններ չկան ո՛չ մոսկովյան մասնաճյուղի կոնկրետ ծրագրերի մասին (բացառությամբ թղթի վրա մնացած «Իմ տուն» նախագծի), ո՛չ էլ առհասարակ ԱՆԻՖ-ի նախկին վարչատնտեսական ծախսերի վերաբերյալ՝ հստակ ժամանակային և կատեգորիաների տարանջատմամբ։
Ավինյանի պնդումները միջազգային ներդրումների մասին
Տիգրան Ավինյանը որպես ԱՆԻՖ-ի արդյունավետության ցուցանիշ ներկայացրել էր նաև ներգրավված ներդրումները՝ պնդելով, թե շուրջ 210 մլն դոլար օտարերկրյա ներդրում է ապահովվել։ Այս թիվը հաճախ հիշատակում էր նաև ԱՆԻՖ-ի նախկին ղեկավարության կողմից։ Ավինյանից հետաքրքրվել էինք, թե որ ծրագրերն են մտնում այդ գումարի մեջ, սակայն այդպես էլ պարզաբանում չստացանք։ ԱՆԻՖ-ի ներկայիս աշխատակազմն էլ նշեց, որ տեղեկություն չունի։
Ավինյանը նշել էր նաև 800 նոր աշխատատեղերի ստեղծման մասին։ ՊԵԿ-ը #CivilNetCheck-ին տրամադրել է ԱՆԻՖ-ի և դուստր ընկերությունների մասնակցությամբ ընկերություններում առկա աշխատակիցների քանակը։ 2025-ի հոկտեմբերի դրությամբ գրանցված է ընդհանուր 241 աշխատող։
Այս աշխատողներից 66-ը՝ ջերմոցային տնտեսությամբ զբաղվող «Բերրիմաունթ» ՓԲԸ-ում են, 35-ը՝ «Գլոբալ Քոննեքթ» ՓԲԸ-ում, 34-ը՝ «Յունիվերսալ Քլոզրս» ՓԲԸ-ում, 31-ը՝ «Հարավային տերմինալ» ՓԲԸ-ում, և 30-ը՝ Hard Rock Cafe-ն ղեկավարող «Դոմ Արենա» ՓԲԸ-ում։ ՊԵԿ-ը պարզաբանում է, որ այս թիվը ներառում է միայն ՀՀ քաղաքացի կամ կացության կարգավիճակ ունեցող աշխատողներին։
Չնայած Ավինյանի՝ ԱՆԻՖ-ը որպես արդյունավետ և հաջողված կառույց ներկայացնելու փորձերին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆոնդի գործունեությանը տվել է խիստ բացասական գնահատական։ Վարչապետը ԱՆԻՖ-ի գործունեությունը որակել է որպես «ձախողում, խայտառակություն և շատ վատ իրողություն», ինչպես նաև «վստահության անթույլատրելի չարաշահում»։ Պետական վերահսկողական ծառայության և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուսումնասիրությունների հիման վրա հարուցվել է քրեական վարույթ՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և վստահված գույքի հափշտակության հատկանիշներով։ Սակայն մինչ օրս այս գործով մեղադրյալ չկա։
#CivilNetCheck-ը դիմել է նաև Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով Տիգրան Ավինյանին պարզաբանել իր հայտարարության և իրական տվյալների միջև անհամապատասխանությունը։ Սակայն քաղաքապետարանը, խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, 54 օր անց պատասխանել է, որ «նման տեղեկատվություն չի պահպանվում», չնայած որ հարցումը հասցեագրված էր հենց Տիգրան Ավինյանին։
