Մակրոնը Սի Ցզինպինին զգուշացրել է՝ աշխարհակարգի փլուզման ռիսկը աճում է
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Պեկինում կայացած հանդիպման ժամանակ նախազգուշացրել է Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինին, որ ներկայիս միջազգային կարգը կանգնած է լուրջ վտանգի առաջ։ Financial Times-ի փոխանցմամբ՝ Մակրոնը նշել է, որ տասնամյակներով խաղաղություն ապահովող աշխարհակարգը կարող է ճեղքվել, և այս պայմաններում Ֆրանսիայի ու Չինաստանի միջև քաղաքական երկխոսությունը «ավելի կարևոր է, քան երբևէ»։
Մակրոնի խոսքով՝ Փարիզը և Պեկինը ունեն լայն հնարավորություններ հարաբերությունների խորացման համար, իսկ առկա տարաձայնությունները լուծելի են քաղաքական կամքի և համագործակցության միջոցով։ Նա ընդգծել է, որ երկու երկրների միջև բաց երկխոսությունը կարևոր է գլոբալ կայունության պահպանման տեսանկյունից։
Սի Ցզինպինը, իր հերթին, հայտարարել էր, որ Չինաստանը դեմ է Ուկրաինայի հակամարտության համատեքստում Պեկինը վարկաբեկելու ցանկացած փորձի։ Նա ընդգծել էր, որ Պեկինը շարունակելու է նպաստել համապարփակ, արդարացի և կայուն խաղաղության ձևավորմանը՝ ելնելով բոլոր շահագրգիռ կողմերի ընդունելի պայմաններից։
