Տիգրան Գալստյանի կալանքի փոխարեն վարչական վերահսկողություն ու հեռանալու արգելք կկիրառվի
Բագրատ Սրբազանի ու մոտ մեկ տասնյակ այլ ընդդիմադիրների հետ 5 ամիս առաջ կալանավորված գործարար Տիգրան Գալստյանի կալանքի փոխարեն վարչական վերահսկողություն ու հեռանալու արգելք կկիրառվի նոյեմբերի 25-ից հետո, երբ կավարտվի կալանքի սահմանված ժամկետը:
«Նախորդիվ նշված կալանքի հիմքերը նվազել են, տնային կալանքի ժամանակը լրանալուց` 2025 թվականի նոյեմբերի 25–ից հետո, մեղադրյալի նկատմամբ համակցված կիրառել խափանման միջոցներ՝ բացակայելու արգելքը և վարչական վերահսկողություն»,– վճռեց նիստը նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը։ Մինչ այդ խափանման միջոցի փոփոխության միջնորդություն էր ներկայացրել պաշտպանական կողմը՝ պնդելով, որ Գալստյանի առողջական խնդիրներից ելնելով՝ նրան հատուկ խնամք է պետք խնամակալի միջոցով:
Մեղադրող դատախազը դիրքորոշում հայտնեց, որ Գալստյանին խափանման միջոց կիրառելու հիմքերն առկա են, չեն վերացել, իրեն մեղսագրվող արարքի վտանգավորությունը մեծ է, հավանականությունը, որ նա կարող է դրսեւորել ոչ իրավաչափ վարքագիծ առկա է: Ըստ մեղադրողի՝ հանրային վտանգավորության աստիճանը ցույց է տալիս կանխատեսել, որ կարող է խոչընդոտել վարույթի քննությանը, թաքնվել վարույթ իրականացնող մարմնից: Մեղադրող կողմը միջնորդեց տնային կալանք խափանման միջոցը կիրառել:
