Դատախազությունն ամեն ամիս մետաքսե շարֆեր և չրեր է գնում՝ պետբյուջեի հաշվին
ՀՀ դատախազությունն այս ամիս ևս մետաքսե շարֆեր և չրեր է ձեռք բերել՝ դրանք դասելով ներկայացուցչական ծառայությունների կատեգորիայում։ «Փաստինֆո»-ն շարունակում է ուսումնասիրել բաց աղբյուրներում հրապարակված պետական գնումների փաստաթղթերը և ներկայացնել դրանց մանրամասները։
Ըստ հրապարակված տվյալների՝ նոյեմբերի 3-ին ՀՀ դատախազությունը «Վիկտորիա Սուքիասյան» ԱՁ-ից գնել է բնական չրերի փոքր տուփերով 9 հավաքածու՝ ընդհանուր 72.000 դրամ արժեքով։
Հիշեցնենք, որ «Փաստինֆո»-ն ավելի վաղ արդեն անդրադարձել էր «Վիկտորիա Սուքիասյան» ԱՁ-ի գործունեությանը՝ ներկայացնելով, թե ինչպես է այդ անհատ ձեռնարկատերը պարբերաբար պետական գերատեսչություններին մատակարարում սննդային և նվերային ապրանքներ։
Նույն օրը՝ նոյեմբերի 3-ին, դատախազությունը գնում է կատարել նաև «Արտույտ» ՓԲԸ-ից։ Ձեռք է բերվել 1 հատ մետաքսե գրպանի թաշկինակ Ավետարանի կրկնակազմով, 1 հատ գրպանի շալ զարդաձևերի օրինակներով, 1 հատ մետաքսե թաշկինակ զարդաձևերի օրինակներով և 2 շարֆ՝ «Տիեզերք» շարքից։ Գնումների ընդհանուր արժեքը կազմել է 125.500 դրամ։
Նշենք, որ «Արտույտ» ՓԲԸ-ն համարվում է պետական գերատեսչությունների՝ այդ թվում ՀՀ կառավարության և նախագահի աշխատակազմի պաշտոնական նվերների մատակարարը։ Դատախազությունը նույն բրենդից մետաքսե թաշկինակներ և շարֆեր էր ձեռք բերել նաև սեպտեմբերին։
Հավելենք, որ նախորդ ամիս ՀՀ դատախազության գնումների ընդհանուր գումարը կազմել էր շուրջ 30 միլիոն 817 հազար 749 դրամ, որոնց թվում ներառված էին նաև ներկայացուցչական ծախսերը։
