Եւ դա ինչպիսի մեղք է` սոսկ անմեղսունակությո՞ւն է, թե՞ հայրենիքի գիտակցված դավաճանություն
Ինչքան էլ ես արմատացած դիրքորոշում եւ կայուն վերաբերմունք ունեմ մեր շուրջը կատարվող իրադարձությունների եւ մասնավորապես` գործող իշխանությունների նկատմամբ, սակայն, ինչպես ասում են` ականջս բաց եմ պահում եւ փորձում եմ պարբերաբար լսել իշխանամետ փաստարկները:
Իհարկե, շատ դժվար է 7-ամյա աղետներից ու կորուստներից հետո չչարանալ, ատելությամբ չհամակվել մեր երկրին այսքան չարիք բերածների նկատմամբ: Դժվար է լսել նրանց արդարացումները, թե ինչու այսպես եղավ, ով է մեղավոր, որքան է այս ամենում օբյեկտիվ իրականության, որքան` աշխարհաքաղաքական իրավիճակի մասնաբաժինը եւ որքան` կոնկրետ իրենց մեղքը: Եւ դա ինչպիսի մեղք է` սոսկ անմեղսունակությո՞ւն է, թե՞ հայրենիքի գիտակցված դավաճանություն:
Բայց ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ մարդն ինչքան ապրում է` պետք է կասկածի իր ճշմարտացիությանը եւ պետք է ստուգի իր տնօրինած փաստերի հավաստիությունը:
Ուստի շարունակ նույն հարցն եմ ինձ տալիս` գուցե սեւեռվե՞լ եմ, գուցե ինչ որ դրական բաներ կան, որ չե՞մ նկատել, գուցե կորցրե՞լ եմ այլ կարծիք լսելու ընդունակությունս, օբյեկտիվությունս...
Եւ փորձում եմ լսել-կարդալ, թե ինչ է ասում իշխանական թիմը, ինչով է արդարանում, որն է համարում իր 7-ամյա գործունեության ձեռքբերումը: Բայց փաստարկներն այնքան անհամոզիչ են, դրականն այնքան չնչին, իսկ արդարացումներն` ուղղակի ինքնախոստովանություն: Խոստովանություն այն մասին, որ անգետ ու անմեղսունակ մի թիմ 2018-ին որոշեց էքսպերիմենտ դնել մեր երկրի ու ժողովրդի վրա եւ պատրաստ չլինելով կառավարելու պետությունը, մի մեծ ավանտյուրայի մեջ մտավ: Ընթացքում էլ ոչ մի փորձ չարեց գոնե իր սխալների վրա ինչ որ բան սովորելու, կրթվելու, միեւնույն ժամանակ արագ լկտիացավ, հաբրգեց, մեծամտացավ, թաղվեց ապօրինությունների մեջ: Իրենց թվաց, թե անպատժելի են ու անհաղթելի եւ կարող են ժողովրդի ու պետության ճակատագիրը տնօրինել` ինչպես Աստված է տնօրինում եւ դեռ հավակնել նորից ու նորից մնալու իշխանության:
Առհասարակ, հանրության վստահությունն ու հարգանքը շահելը շա~տ բարդ է` դա երկար ու տքնաջան աշխատանք է պահանջում, սակայն անչափ հեշտ է այդ վստահությունը կորցնելը` ընդամենը մեկ անզգույշ քայլ, մեկ սուտ, մեկ դավաճանություն եւ քաղաքական գործիչը հայտնվում է լուսանցքում: Իսկ այս դեպքում գործ ունենք ոչ թե մեկ լեզվական սայթաքումի, մեկ սխալի, մեկ հանցանքի, մեկ հակապետական արարքի հետ, այլ` հազարների: Հազարավոր աններելի, անհանդուրժելի արարքների, որոնք անիմաստ են դարձնում «փշուշ-փշուր եղած բաժակը» կպցնելու ջանքերը:
Ամեն իշխանություն պետք է հասկանա` կորսված հավատը հնարավոր չէ վերականգնել: Պետությանը պատճառած վնասները արյունով են հատուցվում եւ նման վնասները պատճառած գործիչների անունները պատմության սեւ էջերում են գրվում: Ճակատագրական սխալներ գործած քաղաքական ուժի ամենամեղմ պատիժն ու երազանքը կարող է լինել իշխանությունը խաղաղ ճանապարհով հանձնելը:
Արմինե Օհանյանի գրառումը
