Զելենսկին պահանջել է Ուկրաինայի էներգետիկայի և արդարադատության նախարարների հրաժարականը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պահանջել է Ուկրաինայի էներգետիկայի և արդարադատության նախարարների հրաժարականը:
Զելենսկու հայտարարությունը հնչել է էներգետիկայի ոլորտում կոռուպցիոն սկանդալի ֆոնին։
«Ըստ իս, արդարադատության նախարարը և էներգետիկայի նախարարը չեն կարող մնալ իրենց պաշտոններում։ Դա, ի թիվս այլ բաների, վստահության հարց է։ Եթե կան մեղադրանքներ, դրանց պետք է պատասխան տրվի։ Նրանց պաշտոնից ազատելու որոշումն ընդունվում է արագ և արդյունավետ։ Ես Ուկրաինայի վարչապետին խնդրել եմ ներկայացնել այդ նախարարների հրաժարականները։ Գերագույն ռադայի անդամներին խնդրում եմ աջակցել այդ հրաժարականներին։ Եվ այդ դեպքում ամեն ինչ պետք է լուծվի իրավական հարթությունում»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Ավելի վաղ վարչապետը պարտականությունների կատարումից ազատել էր արդարադատության նախարար (և նախկին էներգետիկայի նախարար) Հերման Գալուշչենկոյին։
Կոռուպցիայի դեմ պայքարի ազգային բյուրոն (NABU) հրապարակել է Ուկրաինայի էներգետիկայի ոլորտում խոշորամասշտաբ կաշառակերության սխեմայի վերաբերյալ իր հետաքննության մանրամասները։ NABU-ի նյութերում հիշատակվում են Ուկրաինայի կառավարության մի քանի նախկին և ներկա անդամներ, ինչպես նաև գործարար Թիմուր Մինդիչը, որին նախագահ Վլադիմիր Զելենսկու մտերիմ ընկեր են անվանում։
