Գեղակերտի դպրոցի տնօրենին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Ինչպես արդեն հայտնել ենք, ձերբակալվել է Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Անուշ Համբարձումյանը:
Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ Ա. Համբարձումյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:
«Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ։ Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է մեկ անձ, որի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան»,- հայտնել են ՀԿԿ–ից:
Նշենք, որ օրեր առաջ տեսանյութ էր հրապարակվել համացանցում, ըստ որի՝ Անուշ Համբարձումյանն օգնություն էր բաժանում քաղաքացիներին: Սա կապվել է Վաղարշապատ համայնքի ընտրություններին ընդառաջ բարեգործություն կատարելու հետ: Իր հերթին Անուշ Համբարձումյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում պարզաբանում էր տարածել, ըստ որի՝ ինքը հանդիսանում է «Կանանց, երիտասարդների և կրթության հզորացման» ՀԿ-ի նախագահը, և այս օգնությունը առաջին անգամ չէ, որ բաժանում է:
