Ամեն ինչ հարամելու, ավերելու «արվեստը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նույնիսկ ամենամղձավանջային երազում դժվար էր պատկերացնել, որ հայկական որևէ եկեղեցու մերձակայքում, էլ չենք ասում՝ նախագավթում կամ նույնիսկ եկեղեցու ներսում կարող է ինչ-որ քաշքշուկ, աղմուկ ու անախորժ խժդժոց լինի թեկուզ կարգալույծ արված հոգևորականի մասնակցությամբ: Հատակից անդին ընկած այդ եզրագիծն էլ հատվեց նախօրեին:

Եկեղեցին ինքնին սրբավայր է՝ դրանից ուղղակիորեն բխող խորհրդով: Առհասարակ, եկեղեցու, սրբավայրի հանդեպ մեր ժողովրդի մեջ ընդունված ու տիրապետող վերաբերմունքը ակնածանքն է, հարգանքը, խոնարհումը, պատկառանքը, անկախ նրանից՝ մարդը քրիստոնյա-հավատացյա՞լ է, թե՞ նույնիսկ, կներեք, աթեիստ: Եկեղեցիները, մանավանդ միջնադարյան տաճարներն ու վանքերը ամենևին էլ պատահական վայրերում չեն կառուցված: Ավելին, այդ բազմադարյա տաճարների, վանքերի մուտքերի մոտ, գավիթներում ամփոփված են նաև անցյալի հոգևոր հայրերի աճյունները՝ դրանից բխող՝ հավատացյալների և այլոց վարքային դրսևորմանն առնչվող հետևությամբ: Մի խոսքով, եկեղեցիներն ու եկեղեցիների մերձակայքը հաստատ այն վայրերը չեն, որտեղ կարելի է աղմկել, գոռգոռալ, խժդժել, էլ չենք ասում՝ հրմշտուք հրահրել:

Բայց ինչի՞ ականատես եղանք նախօրեին Հովհաննավանքի տարածքում, կարգալույծ արված ու արդեն նախկին քահանա, այժմ քաղաքացի Ստեփան Ասատրյանի մասնակցությամբ: Քիչ է ասել, թե դա խայտառակություն էր: Առաջին հարցը, որ ծագեց հիշատակված անձնավորության նյարդային վարքին ու բացականչություններին զուգահեռ, այն էր, թե ինչպե՞ս է նման նկարագրի տեր անձը քահանա ձեռնադրվել ու մի քանի տարի ծառայել այդ եկեղեցում: Ստեփան Ասատրյանն իր պահվածքով նմանվում էր… Դժվար է նույնիսկ լրատվամիջոցի բարեվարքության սահմաններում համեմատություն գտնել: Ձեռքերը օդում թափահարելով, Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հասցեին վիրավորական ու անվայելուչ արտահայտություններ հնչեցնելով, իր հետ բերված սադրիչ անձանցով շրջապատված՝ նա աչքի ընկավ քահանային, նույնիսկ կարգալույծ արված քահանային անվայել պահվածքով: Ըստ որում, հատկանշական է, որ Մայր Աթոռի Դիվանատան կարգադրությունը բերած հոգևորականը ծանրակշիռ, հավասարակշռված ու զուսպ պահվածքով ուշադրություն գրավեց:

Մյուս կողմից՝ գիտեք, միանգամայն բնական է, որ Նիկոլ Փաշինյանի ընտրած ու ՔՊ-ի սրտի «քահանան» հենց այդպիսին պիտի լիներ, ինչպիսի աղմկոտ վարքով առանձնացավ Ստեփան Ասատրյանը: Եվ այն, ինչ կատարվեց Հովհաննավանքում նախօրեին, ըստ էության, «նախավարժանքն» էր այն վիճակի ու պատկերի, որ կանխատեսելի է նույն վայրում առաջիկա կիրակի: Այսինքն՝ այն օրը, երբ կարգալույծ արված նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանը Փաշինյանի և ոստիկանական զորքերի հովանու ներքո պատրաստվում է պատարագ մատուցել, ինչի իրավունքից կամ շնորհից այլևս զրկված է: Այսինքն, եթե Փաշինյանն ու նրան կից քպականները առաջիկա կիրակի իսկապես գան այստեղ, ապա Հովհաննավանքն ու շրջակայքը կանխատեսելիորեն լցված են լինելու ոստիկանական ուժերով, ԱԱԾ-ականներով, տարբեր հիմնարկներից վարչական ռեսուրսով «բերման ենթարկված» անձանցով, մի շարք քպամերձ սադրիչներով, որոնք թերևս խնդիր են ունենալու հարձակվել տարածքում հայտնված իրական հոգևորականների, խաղաղ բնակիչների ու հավատացյալ մարդկանց վրա:

Չէ, իրոք, բնական է, որ Նիկոլ Փաշինյանի «սրտի քահանան» հենց Ստեփան Ասատրյանը պետք է լիներ: Իսկը՝ նմանն զնմանն գտանե… Երևի հենց այդպիսին է ամեն ինչ հարամելու, փչացնելու, ամեն ինչի վրա բիծ գցելու, ամեն ինչ ավերելու «արվեստը»՝ գործողության մեջ:

Մյուս կողմից՝ այս ամենը շատ ավելի ընդգրկուն երևույթներ ու շերտեր է պարունակում: Ընդհանրապես, ցանկացած երկրի ցանկացած նորմալ ղեկավար ձգտում է, որ իր կառավարած երկրում հասարակությունը հանդարտ լինի, հանգիստ հոգեվիճակում, երկրում նորմալ մթնոլորտ ու հասարակական միջավայր տիրի: Իսկ ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը: Նա ամեն ինչ անում է, որ հասարակության ներսում շարունակական առճակատումներ ու բաժանումներ լինեն, բազմապատկվի չարությունն ու անհանդուրժողականությունը, որ սադրանքներ ու քաշքշուկներ լինեն, անգամ՝ բախումներ ու ընդհարումներ: Ու ինքն այդ ամենի արանքում իր անելիքը սղացնի, ձեռքի հետ էլ՝ կառչած մնա իշխանությանը: Աբսուրդ է թվում, որ երկրի ղեկավարը ատելության գեներատոր լինի, խժդժումներ հրահրող, պառակտումներ ու ներքին թշնամանք սերմանող: Այո, բայց մենք արդեն 7 ու ավելի տարի ապրում ենք նման «աբսուրդի» մեջ ու պայմաններում: Գրեթե ամեն օր, առնվազն՝ օրումեջ Նիկոլ Փաշինյանը մի նոր բան է «գտնում» հասարակությանը շոկի ու սթրեսի ենթարկելու համար: Մի անընկալելի հայտարարություն, մի «իրական Հայաստան», մի նոր ուրացում՝ Արարատի, Արցախի, Արևմտյան Հայաստանի, մի ընդդիմադիր համայնքապետի նոր կալանավորում, մի նոր փաստաբանի հետապնդում: Դա էլ չլինի, որևէ արժանավոր քաղաքացու հանիրավի հետապնդում, Հայ առաքելական եկեղեցու Հովվապետի ու արքեպիսկոպոսների հասցեին զազրախոսություն, ընդդիմադիրների հասցեին մի նոր սպառնալիք կամ հենց հաշվեհարդարի դրսևորում…

Մեծ հաշվով, տեղի է ունենում արժեհամակարգային ջնջում: Այն, ինչ կատարվում է, համապարփակ և համակողմանի պատերազմ է հայ ժողովրդի, մեր պատմական հիշողության, ավանդույթների և արժեքների, ինքնության և Հայ առաքելական ու ազգային եկեղեցու դեմ: Ըստ որում, հատկանշական է, որ Ուկրաինայում էլ Ուղղափառ եկեղեցու վրա հարձակումներ են եղել այնտեղի իշխանության կողմից, ինչը խոսում է առնվազն այն մասին, որ «մեթոդիստն» ու սցենարիստները նույնն են: Բայց չշեղվենք մեր ցավերից ու իրականությունից:

Մյուս դառնագույն պահն այն է, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ քպական իշխանության ու Փաշինյանի հրահրած պատերազմը աստիճանաբար վերածվում է աղանդավորական շարժման, քանզի տպավորություն է, որ Փաշինյանը ձգտում է Հայ առաքելական եկեղեցուն հարաթոռ եկեղեցի ստեղծել իր համար: Այո, սա պատերազմ է, և պատերազմ է հենց Ազգային եկեղեցու դեմ: Ու պատճառներն էլ ակնհայտ են՝ ՀԱԵ բազմադարյա ինստիտուցիոնալ անդադար գոյությունը, ազդեցությունը, համայն հայության համար նշանակությունը և ունեցած ազդեցությունը, ազգային ինքնության ու նկարագրի ձևավորման առումով հենասյունային նշանակությունը: Փաշինյանը չի կարող հանդուրժել, որ կա ազգային այնպիսի հաստատություն, որը բազմապատիկ մեծ ազդեցություն ու հեղինակություն ունի, քան բոլոր քաղաքական ուժերն ու պետական կառույցները միասին վերցրած: Եվ որ այդ կառույցը հետամուտ է մեր ազգային շահերին…

Հենց դրա պատճառով են ՀԱԵ երեք սրբազան հայրեր այսօր ԱԱԾ-ի «Խոր վիրապում» («ԿԳԲ-ի պադվալում»): Հենց դրա համար են սրբազանները գերված ու պատանդառված այս հակաժողովրդավարական, ոստիկանական վարչախմբի կողմից:

Հ.Գ. Շատ խոսուն էր, ի դեպ, որ Հովհաննավանքի մոտ ընդամենը մի քանի ակտիվ լրագրողի ներկայությունը բավարար եղավ, որպեսզի նախնական պայմանավորվածությամբ պսակադրության եկած զույգի ներկայացուցիչները հասկանան, որ կարգալույծ արված նախկին քահանան չկատարի պսակի կարգը, այլ իրապես գործող քահանա դա անի: Ու սա՝ չնայած Ստեփան Ասատրյանի աղմկարարությանը, իրենց ագրեսիվ ու անվայել պահող, նրան «պաշտպանելու» համար բերված սադրիչ անձանց, նաև՝ ոստիկանների ճնշող ներկայությանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 192 անգամ
Լրահոս
Լուսավորչի մասունքը Բյուրավանում․ միասնության, արթնության և հավատի կոչ Բժիշկների զգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ` ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրենյանց Ավիավթարը խլել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոյի կյանքը Ավտովթար՝ Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, վիրավոր կա Կիլիկիայում հնչած կրակոցների հետեւանքով կա 4 վիրավոր. 1 անձ ձերբակալվել է Վրաստանը մտադիր է Եվրոպայի և Ասիայի միջև առանցքային լոգիստիկ հանգույց դառնալ․ Կոբախիձե Թրամփը գովել է Սի Ծինփինին՝ խելքի, ինքնավստահության և բարձր հասակի համար Հալեպի մերձակայքում տեղի ունեցած հարձակման հետևանքով երկու սիրիացի զինվոր է զոհվել Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Խուճապ, անորոշություն արտահանող բիզնեսում. կառավարության հայտարարությունների հակառակ կողմը. Hetq.am Թեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»․ Ոսկանյան Երևանում կրակոցներ են հնչել, կա վիրավոր Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում բախվել են «Kia Optima»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ Երևանի Ֆրանսիայի հրապարակից հեռացրել են Արցախի դրոշը. Նարե Սիմոնյան Դատարանը բավարարել է Հայ Առաքելական եկեղեցու հայցն ընդդեմ Ոստիկանության. Արա Զոհրաբյան Իրանը պատրաստ է շարունակել ԱՄՆ-ի հետ երկխոսությունը՝ համաձայնագրի հանդեպ լուրջ մոտեցման դեպքում Թույլ չենք տա, որ Եվրամիությունը աչք փակի այս ապօրինությունների վրա. Ռոբերտ Ամստերդամ Ռոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ «Փաստինֆո» Նարեկ Կարապետյանը Քննչական կոմիտեի դեմ դատական հայց է ներկայացրել Զարուհի Փոստանջյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ «Փաստինֆո» Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է… Թուրքիայով. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am