Բրյուսելում, եթե բան չունես անելու, Արցախը մի անգամ էլ հանձնիր…
Բրյուսել գնալու համար Նիկոլ Փաշինյանի խելքը իրենը չի։ Չէ՞ որ հենց այնտեղ է նա ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս։ Ուստի, Բրյուսելը նրա համար ոչ թե քաղաք է, այլ հուշարձան՝ սեփական պարտության ու ազգային զիջման խորհրդանիշ։ Արցախը տվեց, իսկ հիմա, ինչպես ինքն է սիրում ասել, եկել է պահելու «Հայաստանի ինքնիշխանությունն ու սուվերենությունը»։ Ահա դա ինչպես է անում։ Հայաստանի տարածքը պահում է՝ «փեշերը խուզելով», ծայրերը կրակի տալով, կարծես ինչ-որ կոմպակտ ձևի պետություն պիտի մոդելավորի՝ առանց տարածքների, առանց արժանապատվության։
Այսօր առավոտ շուտ էլի Բրյուսելում է։ Իր գրառմամբ պատմում է, թե ինչու է գնացել․ «Իհարկե, օտարերկյա քաղաքներում հեծանվային զբոսանքները օգտակար են ոչ միայն ֆիզիկական ակտիվության, այլև քաղաքի ենթակառուցվածքի, ընդհանրապես ենթակառուցվածքի և քաղաքային կյանքի կազմակերպման մասին գիտելիքներս ավելացնելու առումով»։
Զույգերով կրթվում են։ Իսկ մեզ ղեկավար էր պետք, որը կունենար այն նվազագույն կրթությունը, որ հասկանար՝ պետություն են պահում ոչ թե հեծանիվով, այլ արժանապատվությամբ։ Ենթակառուցվածքների ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետներ կան, որոնց գործն է այդ ոլորտը հասկանալը։ Վարչապետի գործը հայրենիքի կառույցն է, ոչ թե Բրյուսելի փողոցային ենթակառուցվածքը։
Բայց հասկանալի է․ Բրյուսելի հետ կապված իր լավ հիշողություններն ունի։ Այնտեղ է ավարտել այն, ինչ սկսվել էր սեփական ստորագրությամբ՝ Արցախի հանձնումը։
Մի բան, սակայն, տարօրինակ է։ Ասում է՝ «օտարերկյա քաղաքներում հեծանվային զբոսանքները օգտակար են…»։ Այսինքն եթե քաղաքը հայկական է, էլ օգտակար չի՞։ Եթե հեծանիվ քշես Երևանում, հայրենիքի փողոցներում, դա արդեն անօգուտ կլինի՞։ Թե՞ այստեղ օդը շատ հայրենասիրական է, ծանրանում ես։
Երբ Բրյուսելից այդպես հմայված գրում է հեծանիվ քշելու մասին, անհնար է չմտածել՝ արդյո՞ք Բրյուսելում էլի ինչ-որ բան է կազմվում։ Թե՞ իսկապես բան չունի անելու ու նորից պատրաստվում է հանձնել ինչ-որ բան՝ այս անգամ արդեն Հայաստանի ներսից։ Անհնար է չարձագանքել ՝ թե հեծանիվ քշելուց բացի բան չունես Բրյուսելում անելու, Արցախը մի անգամ էլ հանձնիր։ Կազմը այդտեղ չի՞։ Դա էլ է ֆիզիկական ակտիվություն, որից դուք ձեզ ավելի լավ կզգաք։
Հասմիկ Բաբաջանյան
«Հրապարակ օրաթերթ»
