Փաշինյանն ու իր առաջադրած «թեզերը» ակնհայտ փոքրամասնության մեջ են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 

 

ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանը գնալով ավելի ու ավելի անընկալելի թեզեր է առաջադրում ու շրջանառում՝ կապված թե՛ Արցախի էջը փակելու և այն մոռանալու, թե՛ իբրև թե «խաղաղության դարաշրջանի» վրա հասնելու, թե՛ Հայ առաքելական եկեղեցու, թե՛ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման «անպետքության», թե՛ Ղարաբաղյան շարժումը չշարունակելու հետ: Փաշինյանն այդ ամենը փաթեթավորում է «իրական Հայաստանի» բովանդակազուրկ փայլաթիթեղով, ավելին՝ մի նոր բանաձև է մոգոնել, որ եթե այդքանից հետո մարդիկ երկրում հեղափոխություն չեն անում, ուրեմն՝ լիովին համամիտ են իր ու իր մոտեցումների, «թեզերի» հետ:

Բայց բուն իրականությունն էապես այլ է: Այդ թվում՝ փաշինյանական «թեզերն» ու քայլերը հանրության կողմից ընկալվելու առումով: Դա են վկայում ոչ միայն մեր անհատական դիտարկումները, այլ, որ շատ ավելի կարևոր է, միմյանց հետ կապ չունեցող հետազոտողների կողմից պարբերաբար անցկացված սոցիոլոգիական հարցումները:

 


Այսպես, օրինակ՝ բոլորովին վերջերս «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամն էր այդ և մի շարք այլ թեմաներով հարցում անցկացրել (հուլիսի 17-ից օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում, Երևանում, այլ քաղաքային և գյուղական բնակավայրերում, 1015 քաղաքացիների շրջանում, հեռախոսակապով) և, մասնավորապես, պարզել հետևյալը. շուրջ 73 տոկոսը համարում է, որ Ադրբեջանի հետ հնարավոր չէ կայուն (երկարատև) խաղաղության հասնել, և հարցվածների ընդամենը 26 տոկոսն է հավատում, թե հնարավոր է՝ խաղաղություն լինի:

Սա հատկանշական փաստ է, մանավանդ, եթե այն համադրում կամ համեմատում ենք նույն Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունների հետ, թե՝ վերջ, արդեն վրա է հասել «խաղաղության դարաշրջանը», այլևս խաղաղության մեջ ենք և այլն:

 

 

«Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանը, մեկնաբանելով հարցմամբ գրանցված պատկերը, նկատում է, որ դա շատ կարևոր արձանագրում է, որովհետև ժամանակի հետ հասարակությունը սկսում է հասկանալ, որ պարզապես թղթերով գետնի վրա խաղաղություն չի ստացվում:

Ճիշտ է՝ վերջին հարցումն անցկացվել է վաշինգտոնյան ստորագրումից առաջ, բայց հարցը ձևակերպված է եղել շատ ուղիղ. «հավատո՞ւմ եք, արդյոք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկվող խաղաղության պայմանագիրը կբերի իրական խաղաղություն»: Քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը, փաստորեն, միանգամայն հստակ պատասխանել է՝ ո՛չ, չենք հավատում:

«Այսինքն, յուրաքանչյուր 4 մարդուց 1 հոգին է հավատում, որ խաղաղություն կլինի, մյուս 3-ը չեն հավատում»,-նշում է Արմեն Խաչիկյանն ու նկատում, որ եթե դիտարկենք սոցցանցերը, կարող է տպավորություն ստեղծվել, թե փաշինյանական «խաղաղությանը» հավատացողները կարծես ավելի շատ են: Բայց դա խաբուսիկ տպավորություն է:

Էլ ավելի հետաքրքրական են Արցախի վերաբերյալ հարցի պատասխանի արդյունքները:

Նախ՝ ի՞նչ է ասում Փաշինյանը: Նա ու իր ՔՊ-ն օրնիբուն ասում են, թե Արցախյան շարժման էջը փակված է, Արցախը հայկական չէ ու չի լինելու, մի խոսքով՝ ընդմիշտ մոռացեք Արցախը և նույնիսկ այն, որ Արցախ եղել է ընդհանրապես:

Իսկ ի՞նչ են հուշում «Արարի» հարցման արդյունքները. ՀՀ քաղաքացիները հավատում են, որ օրերից մի օր մենք ուժեղանալու ենք և վերադարձնելու ենք Արցախը: Հարցվածների, ուշադրություն... 91 տոկոսը հավատում է, որ օրերից մի օր վերադարձնելու ենք Արցախը, վերստին ուժեղանալու ենք, պաշտպանելու ենք մեր հայրենիքը: Այսինքն, հասարակության ընկալման մեջ այս գաղափարը շարունակում է գերակայել: Հա, ու ընդամենը 7,3 տոկոսն է (տեղին է ասել՝ Փաշինյանն ու իր ՔՊ-ն), որ չի հավատում Արցախը վերադարձնելուն:

«Հայաքվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը մեր հետ զրույցում այս առնչությամբ նկատում է. «Ժամանակին (2023-ին Արցախի բռնի հայաթափումից հետո) իմ գործընկերների մի մասը կարծում էր, որ հասարակությունը կսկսի աստիճանաբար համակերպվել այդ կորստի հետ: Ես ասում էի, որ խոշոր տրավմա տանելուց հետո հասարակությունն սկսում է ապաքինվել այդ ծանր հարվածից և սկսում է վստահություն ձեռք բերել սեփական ուժերի նկատմամբ: Հարցումները, որ անցկացվում են պարբերաբար, ցույց են տալիս, որ հարցվողների 90 տոկոսից ավելին կարծում է, որ Արցախի կորուստը ժամանակավոր է, ու հետ ենք բերեու Արցախը: Ու այս ցուցանիշը սահուն աճել է: Սա, կարելի է ասել, շատ պարադոքսալ արդյունք է այն պայմաններում, երբ գործող իշխանությունը բացահայտ հայտարարում է, թե ինքը հրաժարվելու է Արցախից և մոռացության է մատնելու Արցախը: Ավելին, այդ իշխանությունը նույնիսկ փորձում է հասարակությանը համոզել, որ պետք է նա հրաժարվի Արցախի գաղափարից, քանի որ Արցախի համար պայքարն ուղիղ ճանապարհ է դեպի պատերազմ: Սա գործող իշխանության թեզն է: Հիմա հետաքրքիր է, չէ՞, հասարակությունը չի ուզում պատերազմ, հասարակությունը խաղաղություն է ուզում. դա ակնհայտ է: Բայց, միևնույն ժամանակ, մեր հասարակության ճնշող մեծամասնությունը չի պատկերացնում խաղաղությունը՝ առանց Արցախի, որովհետև դա ստորացուցիչ խաղաղություն է»:

Ոչ պակաս հետաքրքիր դիտարկում կա Սահմանադրության հնարավոր փոփոխության հետ կապված: Անկախ այն բանից, թե ինչեր են ասում այս առնչությամբ ՔՊ քարոզիչներն ու Փաշինյանը, բոլորին էլ հասկանալի է, որ դա Ալիևի պահանջն է, ըստ որում, Հայաստանի Անկախության հռչակագրի հղումը վերացնելու, գործնականում այդ հռչակագիրը զրոյացնելու պարտադրանքով: Ու դա Ալիևի առաջադրած նախապայմաններից մեկն է:

«Այս պայմաններում հարցվողների 95 տոկոսը դեմ է Սահմանադրությունը փոխելուն: Դա ևս շատ հետաքրքիր արդյունք է՝ 95 տոկոսը: Մեր հասարակության ճնշող մեծամասնությունը հասկանում է, որ դա ստորացման ամենածայրահեղ ակտն է, երբ որ դրսից ինչ-որ մի բռնապետություն ստիպում է քո ժողովրդավարական Սահմանադրությունը և քո Սահմանադրության մեխը՝ Անկախության հռչակագիրը փոխել՝ ի շահ այդ բռնապետության»,-ասում է Չալաբյանը:

Այսինքն, սահմանադրական հանրաքվեի դեպքում Փաշինյանը հաջողության ոչ մի շանս չունի:

Այս ամենի հանրագումարում ևս մեկ անգամ ձևավորվում է բավականին խոսուն պատկեր. Փաշինյանն ու իր թեզերը բացահայտ փոքրամասնություն են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 326 անգամ
Լրահոս
Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Միքայել Սրբազանի աջակիցներին մոտենալ Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am