Սաակաշվիլին չի հետևի էթիկայի կանոններին
Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ չի պատրաստվում կատարել Ուկրաինայի կառավարության նոր որոշումը պաշտոնյաների էթիկայի վարքի չափորոշիչների մասին, որոնք արգելում են քննադատել նախարարների կաբինետը: Այս մասին հայտնում է «112» հեռուստաալիքը: «Ես անմիջապես կխախտեմ այդ որոշումը: Ես կարծում եմ, որ դա վատ որոշում է, անմիջապես կքննադատեմ»,- հայտարարել է Սաակաշվիլին: Նա նշել է, որ նման արգելքների պատճառով Ուկրաինայում «արդեն մեկ անգամ փոխվել է իշխանությունը»: «Մենք հիշում ենք այդ ոգով հանրահայտ օրենքները, որոնք արագացրել են վերջը»,- հավելել է նա: Փետրվարի 22-ին Ուկրաինայի կառավարությունը հաստատել է Պետական ծառայողների էթիկայի կանոնները: Փաստաթղթի համաձայն՝ պաշտոնյաները պետք է իրենց աշխատանքում առաջնորդվեն պետությանը և հասարակությանը ծառայելու, արժանի վարքի, առաքինության, հավատարմության, քաղաքական չեզոքության, թափանցիկության և հաշվետվողականության, բարեխղճության սկզբունքներով: Միաժամանակ, պետական ծառայողներին պարտավորեցրել են խուսափել «պետական մարմինների, դրանց պաշտոնատար անձանց գործունեության հրապարակային քննադատության ցանկացած դրսևորումից», ինչպես նաև իրենց կոռեկտ պահել ղեկավարության հանդեպ:
