«Մի՛ հավատացեք, թե ԱՄՆ-ը, հատկապես՝ Դոնալդ Թրամփի օրոք, ինչ-որ կերպ ձեզ կփրկի ձեր հարևաններից. նրանք ձեզ կմտցնեն լուրջ խնդիրների մեջ». Ջեֆրի Սաքս․ 168.am

Ամերիկացի տնտեսագետ, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսի կարծիքով՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից Հարավային Կովկասում իրականացվող գործողություններն ապակայունացնող են:

«Ես ոչ մի համակրանք չունեմ Եվրոպայի և ԱՄՆ-ի գործողությունների հանդեպ, որովհետև սա տարածաշրջան է, որը գտնվում է մի շարք հզոր պետությունների միջև՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Ծոցի երկրների, և այստեղ պետք է զգուշավորություն ցուցաբերել։ Սա Եվրոպա չէ․ աշխարհագրորեն սա Ասիա է, և Եվրոպան պետք է հեռանա այստեղից։

Խոսքն այն մասին չէ, որ Հարավային Կովկասը պետք է վատ հարաբերություններ ունենա Եվրոպայի կամ այլոց հետ, այլ այն, որ այս երեք խոցելի երկրների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) ներքին քաղաքականության մեջ միջամտելը, այն էլ՝ նման բարդ տարածաշրջանում, պետք է արվի ամենախորը հարգանքով և զգուշությամբ, որպեսզի դրանք չդառնան հաջորդ Ուկրաինան։ Ուկրաինան այրվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի հիմարության պատճառով, և նրանք փորձում են նույնն անել Հարավային Կովկասում։ Ի՞նչ գործ ունի Ադրբեջանը Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ՝ աջակցելով Իսրայելին և նրա հարձակումներին Իրանի դեմ։ Կատակ ե՞ք անում։ Սա անհավատալի է։ Եվ սա հենց Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ, Central Intelligence Agency, CIA,- հեղ.) աշխատանքն է՝ այդ «հանճարները», որոնք պատրաստ են ապակայունացնել այս տարածաշրջանը և ստեղծել հսկայական ճգնաժամ»,- Neutrality Studies-ի հետ զրույցում ասել է նա:

Հարցին՝ իսկ իր կարծիքով՝ նույնիսկ Ադրբեջանում այս ամենը ԿՀՎ-ի ձեռքի գո՞րծն է, որպեսզի օգտագործի երկիրն Իրանի դեմ, թե՞ դա տեղային՝ երկրի ներսում ծնված քաղաքականություն է, Ջեֆրի Սաքսը պատասխանեց.

«Ցանկացած տեղային նախաձեռնություն կսկսեր այսպես․ մենք գտնվում ենք Հարավային Կովկասում, մենք մի շարք ուժերի միջև ենք, ավելի լավ է միասին մնանք, որովհետև մեր տնտեսական և անվտանգության ապագան դրանում է։ Մենք չպետք է թշնամանանք մեր հարևանների հետ, այլ պետք է գտնենք ուղի՝ դառնալու իսկական «Միջին միջանցք», որը կապում է Ասիան և Եվրոպան, և «Հյուսիս-Հարավ միջանցք», որը կապում է Ռուսաստանը և Մերձավոր Արևելքը։ Եվ պետք է հեռու մնանք մեծ տերությունների քաղաքականությունից, որպեսզի չմտնենք Իսրայելի պատերազմների մեջ։ Ամոթ Իսրայելին։ Բայց, իհարկե, Իսրայելն ինքնուրույն չէր կարող անել սա․ սա «Մոսադն» է, ԿՀՎ–ն և Եվրոպան, որոնք խաղում են այս խաղը՝ այս ծայրահեղ պայթյունավտանգ տարածաշրջանում»:

Պրոֆեսոր Սաքսը սկեպտիկորեն է վերաբերվում Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին, որոնք, ըստ նրա՝ խաղեր են խաղում.

«Կամ գուցե նույնիսկ սա էլ ճիշտ ձևակերպում չէ, որովհետև նրանք օգտագործվում են ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից՝ աշխարհաքաղաքական տարբեր նպատակների համար, որոնք ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ Հայաստանի շահերին չեն համապատասխանում։ Սա ԿՀՎ-ի երկարամյա գործելակերպն է՝ միջամտել Ռուսաստանի սահմանային տարածքներում, և հիմա՝ նաև Իրանի սահմանների շուրջ։ Եվ դա է հիմա տեղի ունենում։

Դա չափազանց վտանգավոր է։ Արևմուտքը, այսպես կոչված, գալիս է և հեքիաթներ է պատմում նման երկրներին, ինչպես արեց Ուկրաինայի դեպքում։ Եթե ավելի ճշգրիտ ասեմ՝ այն տապալեց Ուկրաինայի կառավարությանը, որպեսզի 2014թ․ փետրվարին իշխանության բերված իր իսկ վարչակարգին հեքիաթներ պատմի։ Բայց բանն այդ չէ․ Արևմուտքը գալիս է ու հեքիաթ է պատմում՝ «մենք ձեզ կփրկենք»։ Իսկ ես Հարավային Կովկասի իմ ընկերներին ասում եմ՝ նայեք քարտեզին. ԱՄՆ-ը բոլորովին էլ չի հետաքրքրվում Հարավային Կովկասով, այլ խաղեր է խաղում։ Զգուշացե՛ք։ Բրյուսելը, որը լիովին կոմպետենտ չէ և ի վիճակի չէ որևէ օգտակար բան անել… Ցավով եմ ասում, որովհետև ժամանակին ես ԵՄ-ի մեծ կողմնակից էի, բայց Եվրոպական միությունը Հարավային Կովկասին չի պատկանում, որը նույնիսկ Եվրոպա չէ: Մեծ Կովկասյան լեռների գլխավոր լեռնաշղթան է Եվրոպայի և Ասիայի սահմանագիծը։ Ուստի, զգո՛ւյշ եղեք, որ ձեզ չօգտագործեն։ Ուշադրություն դարձրեք ձեր հարևաններին։ Ձեր հարևաններն են՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Սաուդյան Արաբիա և այլք։ Ահա թե ինչը պետք է կարևոր լինի ձեզ համար։

Մի՛ հավատացեք, թե ԱՄՆ-ը, հատկապես՝ Դոնալդ Թրամփի օրոք, ինչ-որ կերպ ձեզ կփրկի ձեր հարևաններից։ Նրանք ձեզ կմտցնեն լուրջ խնդիրների մեջ։ Բրյուսելի այս կարողությունը զարմանալի է։ Բայց կարելի է ասել, որ Բրյուսելն ԱՄՆ-ի վասալի դերն է խաղում։ Բրյուսելն իրականում չի ներկայացնում Եվրոպան կամ առնվազն՝ եվրոպական շահերը, այն ներկայացնում է ԱՄՆ-ի շահերը։ Ահա թե ինչու և՛ ՆԱՏՕ-ն, և՛ Եվրահանձնաժողովը տեղակայված են նույն վայրում։ Նրանք խաղեր են խաղում։ Հարավային Կովկասը տասնամյակներ շարունակ եղել է նման խաղերի հարթակ»:

 

Ըստ պրոֆեսոր Սաքսի՝ Չինաստանի հետ լավ հարաբերությունները Հարավային Կովկասի տնտեսական ապագայի համար նույնիսկ ավելի կարևոր են, քան ԱՄՆ-ի հետ լավ հարաբերությունները.

«Ասում եմ դա բաց տեքստով։ Ինչո՞ւ, որովհետև Չինաստանն Ասիայի խոշորագույն տնտեսությունն է։ Հնդկաստանն էլ, ի դեպ, ապագայում կլինի խոշոր տերություն և կարևոր դեր կունենա Հարավային Կովկասում։ ԱՄՆ-ը պաշտպանական քաղաքականություն վարող, դանդաղ աճող շուկա է և գտնվում է շատ հեռու։ Հետևաբար, Հարավային Կովկասի համար ապագայի ռազմավարությունը կայանում է կայուն, ապահով, խաղաղ Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք միջանցք լինելու մեջ, ինչպես նաև սեփական ներուժով գրավիչ վայր դառնալու մեջ՝ ամեն տեսակի արդյունաբերության, առաջատար տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության և արտադրության համար։

Հարցն այն է՝ ինչպես հասնել դրան։ Եվ պատասխանը հաստատ ՆԱՏՕ-ի միջոցով չէ։ Պարզ ասեմ՝ Հարավային Կովկասի ոչ մի երկիր երբևէ ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա, որովհետև մինչև դա տեղի ունենա, Հարավային Կովկասում կլինի Ուկրաինայի նման պատերազմ։ Ռուսաստանը երբեք թույլ չի տա դա։ Նույն կերպ կարող եմ ասել՝ երբեք Մեքսիկա-Ռուսաստան կամ Մեքսիկա-Չինաստան ռազմական դաշինք չի լինի, որովհետև ԱՄՆ-ը կներխուժի Մեքսիկա՝ մինչև դա թույլ տալը։ Խոշոր տերությունները չպետք է իրենց ճամբարները տեղադրեն այլ խոշոր տերությունների սահմաններին։ Սա այս աշխարհի գոյատևման ամենահիմնական սկզբունքն է։ Եթե ԱՄՆ-ը թեկուզ փոքր-ինչ խելք ունենար (ինչը պարզ է՝ չունի), ապա նույնիսկ չէր մտածի Ուկրաինան կամ Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ դարձնելու մասին, չէր զինի Թայվանը, այլ կմնար սեփական ուղեգծում և կասեր մյուս տերություններին՝ «մնացեք ձեր ուղեգծում, և մենք կունենանք խաղաղ աշխարհ, որտեղ միմյանց չենք պայթեցնում»»:

Աշխարհահռչակ պրոֆեսոր Սաքսը համոզված է՝ Հարավային Կովկասն ունի այլ ընտրություններ.

«Ռուսաստանը չի պատրաստվում ներխուժել Հարավային Կովկաս, եթե ԱՄՆ-ը նրան չհրահրի։ Ինչո՞ւ։ Որովհետև տարածաշրջանում կան մի շարք կարևոր տերություններ։ Թուրքիան չի ուզում, որ Ռուսաստանը ներխուժի։ Իրանը չի ուզում, որ Ռուսաստանը ներխուժի։ Նույն կերպ էլ Ռուսաստանը կցանկանար, որ Հարավային Կովկասը լինի մի տեսակ «անվտանգ գոտի» այս մյուս տերությունների միջև։ Կայունության նկատմամբ կա հզոր հետաքրքրություն։ Չինաստանը, ի դեպ, նույնպես ունի շատ մեծ հետաքրքրություն Հարավային Կովկասի կայունության նկատմամբ, որովհետև այն արևելք-արևմուտք կապի հիմնական միջանցքն է, ինչը Չինաստանի կարևորագույն նպատակներից է եղել առնվազն Հան դինաստիայի ժամանակներից՝ 2000 տարի առաջ, երբ նրանք ստեղծում էին Մետաքսի ճանապարհը, որը հիմա մենք այն կոչում ենք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»։ Այսպիսով, բոլորը ցանկանում են կայունություն Հարավային Կովկասում՝ գուցե բացառությամբ Բրյուսելի և ԱՄՆ-ի: Բայց ոչ մի պատճառ չկա, որ Հարավային Կովկասի երկրներն ասեն՝ «Օ՛, Աստված իմ, եթե սա չանենք, Ռուսաստանի կայսրությունը մեզ կզավթի»։ Սա այնպիսի պատրանք է, որը, բնականաբար, ԱՄՆ-ը կուզենար ստեղծել, բայց դա ամբողջովին անհեթեթություն է»:


Թարգմանությունը՝ 168.am-ի

դիտվել է 961 անգամ
Լրահոս
Մասնակիցների 7 պորտը ստուգել են․ «Հրապարակ» Իշխող ՔՊ-ն անցնում է շտաբային ռեժիմի․ հրահանգը իջեցված է. «Ժողովուրդ» Որքան հարկ է վճարել երգչուհի Սիրուշոն 2025 թվականին. «Ժողովուրդ» Կոնջորյանի առանձնատան գործարքի համար փաստաթղթեր են պահանջել. բացառիկ. «Ժողովուրդ» Եռաբլուրում զոհվածների ծնողները շան լափ են թափել դիպուկահարների գլխին․ «Հրապարակ» Հայկ Սարգսյանը կհայտնվի մեղադրյալի աթոռին․ «Հրապարակ» Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը բարելավվել է․ դուստրը մանրամասներ է հայտնել Ինչ խնդրի առաջ է հայտնվել ՔՊ-ն և նրա թիկունքում գտնվող «հզոր ուժերը»․ քաղաքագետ Այս հունվարը Մոսկվայում վերջին 200 տարվա ընթացքում ամենաձյունառատն է Փաշինյանի այսօրվա բրիֆինգից հետո կրկին կարիք կա անդրադառնալու նրա քարոզչական հիմնական թեզին Բաքվի նոր հայտնագործությունը՝ «նրանք վիկինգների, էտրուսկների, տրոյացիների նախնիներն են» Լույսը կյանք է․ Աստված ասաց՝ «Եղիցի լույս»․ լուսավորեք և՛ ձեր, և՛ ուրիշների ճանապարհը․ Վարդանյան Որևէ մեկը չի կարող արգելել պատմական հայրենիք համարել Տրապիզոնն ու Վանը․ Շարմազանով Հակաuանիտարական ու գարշահnտ վիճակ է Հրազդան քաղաքի մի ամբողջ թաղամասում Անհայտ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ աջակցություն ստանալ Հունգարիան թույլ չի տա, որ ռուսական նավթի և գազի արգելքը ներառվի ԵՄ 20-րդ պատժшմիջոցների փաթեթում․ Սիյարտո Երկիրն ուղղակի գժանոցի են վերածել Ուկրաինան այժմ ի վիճակի է մշակել հեռահար հրթիռային համակարգեր, որոնք ավելի լավն են, քան նախորդ տարիներին Եվրոպայում առաջարկված և քննարկված որոշ համակարգեր․ Մերց Ես պատրաստ եմ հենց հիմա ինձ մեղավոր ճանաչել, եթե Ալեն Սիմոնյանն էլ դառնա մեղադրյալ. Նարեկ Սամսոնյան Արագածոտնի մարզում 15 ավտոմեքենայի մասնակցությամբ վթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրшվորներից մեկը մшհացել է Նաիրիի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր Մաղթում եմ ձեզ նույն ժողովրդավարությունը, որը Հայաստանում է. Բագրատ Սրբազանը՝ ԵԽ պատգամավորներին Նիպահ վիրուսով հարուցված հիվանդության տարածման համաճարակաբանական ռիսկերը ցածր են. ՀՎԿԱԿ Մինուս 30՝ հզոր անտիցիկլոնը կպատի Արևելյան Եվրոպան․ Լևոն Ազիզյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am