Նիկոլ Փաշինյանին մի քանի հարց պետք է տրվեր.«Հրապարակ»

Հրապարակ օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանն իր մի քանի ժամանոց ասուլիսում փաստացի հայտարարեց, որ ամերիկյան առաջարկը կա, այն քննարկվում է, ու Հայաստանը դեմ չէ։ Ինչպես փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանն էր հայտարարել, Սյունիքով անցնող ճանապարհի կառավարումն արտապատվիրակել միջազգային՝ ամերիկյան ընկերությանը, չնայած ՀՀ ԱԳՆ-ն, Սաֆարյանի հայտարարությունից հետո տեսնելով աղմուկը, շտապել էր լղոզել նրա ասածը:


Հետո Փաշինյանի խոսնակն էր իր հերթին փորձել հերքել ամերիկյան առաջարկի մասին տեղեկությունը, սակայն Փաշինյանը հաստատեց այն: Նա իրեն հատուկ մանիպուլյացիոն օրինակներով փորձում էր համոզել, թե Հայաստանը շահելու է դրանից, թե բոլոր գործընթացները պատկերացնում են ՀՀ իրավազորության եւ տարածքային ամբողջականության ներքո: Օրինակ բերեց «Զվարթնոց» օդանավակայանի, ջրային համակարգի, երկաթուղու կոնցեսիոն կառավարումը, որը միջազգային պրակտիկայում ընդունված է՝ մասնավոր հատվածի ներդրումներ ներգրավելու համար, երբ պետությունը մասնավոր ընկերությանը պետական սեփականություն հանդիսացող օբյեկտներում տնտեսական գործունեություն ծավալելու բացառիկ իրավունք է տրամադրում։ Թե կոնցեսիոն կառավարումն ու այս նոր տերմինը՝ արտապատվիրակումն ինչով են տարբերվում, իհարկե, Փաշինյանը չբացատրեց, ասաց, որ, օրինակ, հայ-ամերիկյան ընկերություն կարող է ստեղծվել, որն այդ տնտեսությունը կկառավարի: Ամենակարեւորի՝ ռեժիմի ու դետալների մեջ չխորացավ, այլ տարբեր տերմիններ օգտագործելով՝ փորձեց հասարակությանը մոլորեցնել ու ցույց տալ, որ այն, ինչ ինքն անում է, միայն Հայաստանի շահից է բխում: Ինչ վերաբերում է ՀՀ սուվերեն տարածքը 100 տարով վարձակալության հանձնելուն, ասաց, թե «մեր օրենսդրությամբ դա կոչվում է կառուցապատման իրավունք»։

Միջազգային իրավունքի մասնագետ, «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության կառավարիչ-գործընկեր Արամ Օրբելյանն այս մասին ասում է. «Այստեղ ամենամեծ սուտը «մեր օրենսդրություն» ձեւակերպումն է: Ընդհանրապես, միջազգային հարաբերություններում 2 իրարից տարբեր պրոցես կարող է լինել՝ մեկն այն է, եթե մենք ՀՀ օրենսդրության շրջանակներում վարձակալության, կոնցեսիոն կառավարման կամ կառուցապատման պայմանագիր ենք կնքում, բայց այս բոլոր դեպքերում դրանք ղեկավարվում են ՀՀ օրենսդրությամբ: Այսինքն, ՀՀ քաղաքացիական, վարչական օրենսգրքերն են կարգավորում այդ հարաբերությունները, ՀՀ Սահմանադրությամբ սահմանված մարմիններն են իրականացնում այդ տարածքում իրենց լիազորությունները՝ պայմանական, ոստիկանություն, մաքսային, պարեկային ծառայություն եւ այլն: Այսինքն՝ արդյունքում ՀՀ ինքնիշխանությունն այդ տարածքի վրա որեւէ կերպ չի փոխվում, եւ այդ տարածքը միջազգային իրավական տեսակետից հանդիսանում է ՀՀ ազգային տարածք՝ դրա նկատմամբ ՀՀ ամբողջ ինքնիշխանությամբ: Սա առաջին ռեժիմն է, որի բազմաթիվ օրինակներ կան աշխարհում` վճարովի ճանապարհներ կան, որը կազմակերպությունը կառուցում է եւ վճարովի հիմունքներով թույլ է տալիս դրանով երթեւեկել: ՀՀ-ի դեպքում՝ օդանավակայան, փոստ եւ այլն, բոլորի դեպքում մեկ ֆունդամենտալ հանգամանք պետք է շեշտել` բոլորի ռեժիմը կարգավորվում է ՀՀ  օրենսդրության շրջանակներում կնքված պայմանագրերով, եւ այդ պայմանագրերը ՀՀ օրենսդրության սահմանված կարգով կարող են լուծվել, փոխվել: Դատարանը ՀՀ օրենսդրության հիման վրա կարող է որոշում կայացնել, այսինքն՝ ՀՀ սուվերենությունը, իրավազորությունը որեւէ կերպ սահմանափակված չեն: Մյուս տարբերակը միջազգային իրավունքով կարգավորվող, պայմանական անունը դնեմ՝ վարձակալությունն է, որը ոչ մի կապ չունի ներպետական օրենսդրության գործընթացների հետ, այսինքն՝ դրա նկատմամբ չի տարածվում Քաղաքացիական կամ Հողային օրենսգիրքը կամ որեւէ այլ փաստաթուղթ, եւ նշված տարածքը ռեժիմի իմաստով այլեւս չի համարվում պետական տարածք: ԱՄՆ-ն ունի նմանատիպ փորձառություն, օրինակ, Կուբայի հետ: ԱՄՆ-ն իր ռազմաբազան տեղավորել է Գուանտանամոյում, որի նկատմամբ Կուբայի իշխանությունները որեւէ լիազորություն եւ իրավասություն չունեն, եւ քանի որ պայմանագիրն անժամկետ է, ըստ էության, ԱՄՆ-ն համարում է, որ այդ տարածքի նկատմամբ ինքը պետք է իրականացնի իր իրավազորությունը՝ չհամարելով դա ԱՄՆ տարածք: Այսինքն՝ զուտ տեխնիկապես դա Կուբայի տարածք են, որը վարձակալված է ԱՄՆ-ի կողմից, եւ այդ տարածքի նկատմամբ գործում է ամերիկյան իրավազորությունը, ընդ որում՝ մարդու իրավունքների տեսակետից որոշ սահմանափակումներով: Սա արդեն պետական ինքնիշխանության սահմանափակումն է որոշակի տարածքում: Եթե միջազգային իրավական տերմինոլոգիայով ասենք, այս տարածքի իրավական ռեժիմն այլեւս չի հանդիսանում պետական տարածքը, այն այլեւս ունի խառը ռեժիմ»:

Նմանատիպ ռեժիմներ, մասնագետի խոսքով, պատմության մեջ եղել են, օրինակ, որեւէ տարածքի նկատմամբ միջազգային կառավարման, մանդատի կամ գաղութային ռեժիմի շրջանակներում: Նման նախադեպ եղել է Ազգերի լիգայի ժամանակ, Գերմանիան է լեհերի հետ ունեցել միջանցքային ձեւակերպումներով ռեժիմ: Եթե ամերիկյան առաջարկում խոսքն այս ռեժիմի մասին է, ապա Սյունիքով անցնող ճանապարհն այլեւս չի հանդիսանալու ՀՀ տարածք: «Որպեսզի պարզ լինի, մի քանի օրինակ եւս բերեմ։ ԱՄՆ-ն իր տարածքի զգալի մասը գնել է, բայց դա ոչ թե կարգավորվել է Ֆրանսիայի, Իսպանիայի կամ Ռուսաստանի՝ այդ պահին գործող Քաղաքացիական օրենսգրքով, այլ՝ պայմանական միջազգային պայմանագրով: Այսինքն՝ գումարը տրվել է պետությանը, դրա դիմաց, օրինակ, ստացվել է Ալյասկան՝ որպես ինքնիշխան տարածք: Այսօր որեւէ մեկը Ալյասկայի «միջազգային պայմանագիրը» չի կարող որեւէ ազգային դատարանում վիճարկել, հետեւաբար, «արտապատվիրակում» բառը, որը նոր մտցրել են շրջանառության մեջ, դասական էֆեմիզմի օրինակ է, երբ երեւույթին փորձում են ավելի փափուկ ձեւակերպում տալ: Այսինքն՝ երբ խոսում ենք քրոնիկ սուտասան կառավարության մասին, շատ կարեւոր է, որ նրան հարցերն ուղղվեն ոչ թե ընդհանրական, այլ՝ շատ ավելի առարկայական: Հետեւյալ կերպ. այդ գործարքի արդյունքում այդ տարածքի նկատմամբ ՀՀ ոստիկանությո՞ւնն է իրավազորություն իրականացնելու, թե՞ ուրիշ մարմին, կարողանալո՞ւ են ՀՀ քաղաքացիներն ազատ մտնել այդ տարածք, այդ տարածքում տեղի ունեցած հանցագործություններն ո՞վ է հետաքննելու, այդ տարածքով անցնող բեռների նկատմամբ ինչ-որ վերահսկողություն իրականացվելո՞ւ է, թե՞ ոչ, ի՞նչ ռեժիմով է իրականացվելու այդ վերահսկողությունը, ի՞նչ փաստաթղթով է, պայմանական ասած, արտապատվիրակվելու: Այսինքն՝ մի տարբերակ է, որ մենք պայմանագիր կնքենք, եւ որեւէ միջազգային խաղացող գա, ճանապարհ կառուցի եւ այն, որպես վճարովի ճանապարհ, աշխատեցնի ու գումարից հարկեր վճարի ՀՀ-ին, որովհետեւ գործում է ՀՀ տարածքում, մյուսը, որ, օրինակ, միջազգային պայմանագրով, պայմանական՝ հայ-ադրբեջանական, սահմանվի ինչ-որ հատուկ ռեժիմ: Սա շատ կարեւոր է, որովհետեւ մեր Սահմանադրության իմաստով, ցանկացած պայմանագիր, որը ՀՀ տարածքի փոփոխություն է ենթադրում, ինչը նաեւ «ազգային տարածք», «պետական տարածք» ռեժիմից որեւէ այլ ռեժիմ է ենթադրում, որտեղ ինքնիշխանությունը սահմանափակվում է, պետք է անցնի հանրաքվեով եւ չի կարող այլ կարգով վավերացվել»,- բացատրում է մասնագետը:

Փաշինյանն իր ասուլիսում ուղիղ հայտարարել էր, թե պատրաստ ենք պարզեցումների՝ խոսքը մաքսային հսկողության մասին է: Իսկ Ալիեւն առհասարակ անխոչընդոտ ճանապարհ է պահանջում եւ դեմ է անգամ միջազգային ընկերության ներգրավման սցենարին: Օրբելյանն ընդգծում է՝ խնդիրը ոչ թե այն է, թե ինչ անուն է դրվելու, այլ՝ ռեժիմի հարցն է, որովհետեւ  «միջանցք» ձեւակերպումը խնդրահարույց է ենթադրվող ռեժիմի պատճառով, որն ազգային չպետք է լիներ: Ի դեպ, Փաշինյանը հենց «միջանցք» բառը փորձեց մանիպուլացնել՝ ֆիքսվելով ոչ թե ռեժիմի, այլ անվան վրա՝ բերելով Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի օրինակը, որը սովորական ունկնդրին, որը խորամուխ չէ խնդրի էության մեջ, մանիպուլյացիայի դաշտ է տանում:

«Դրա համար հիմա անունը փոխում են, դնում են արտապատվիրակում, հետո կարող է արտասահմանյան բառ օգտագործեն, ասեն՝ աութսորս, դա էլ փոխեն՝ աուտսթաֆ, բայց, կրկնեմ՝ կարեւորն էությունն է. այդ ռեժիմը կարգավորվելու է ամբողջությամբ ՀՀ ազգային օրենսդրությա՞մբ, թե՞ ոչ, ինչը ենթադրում է, որ, օրինակ, հաջորդ կառավարությունն այդ պայմանագիրը կարո՞ղ է լուծել, թե՞ դա կարգավորվելու է միջազգային իրավունքով, որը սահմանափակելու է ներպետական մարմինների իրավասությունն այդ տարածքի նկատմամբ, ասենք, 100 տարով: Հակառակ դեպքում, փորձ է արվում ցույց տալ, թե սա նրանից տարբերվում է»,- եզրափակում է Արամ Օրբելյանը՝ ընդգծելով, որ մի ֆունդամենտալ խնդիր էլ կա՝ որեւէ կերպ քննարկման առարկա չի դառնում հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը:

 

դիտվել է 453 անգամ
Լրահոս
Դաժան ծեծի ենթարկված 1-ամյա երեխայի վիճակը, ցավոք, գնահատվում է ծայրահեղ ծանր Իսրայելը մի կոճակ կարող էր սեղմել ու Հայաստանը ոչնչացնել․ ո՞նց եք նման բան թույլ տալիս․ Արշակ Կարապետյան (video) Պատասխան եք տալու, «փսլնքոտնե՛ր»․ Բագրատ Սրբազանին եք պատասխան տալու․ Խաչիկ Մանուկյան (video) Սա ի՞նչ սարսափ է Սրբուհի Գալյա՛ն, դու ի՞նչ իրավունքով ես սպառնում մարդկանց․ Նարինե Դիլբարյան (video) «Ու՞մ եք խաբում՝ Նիկոլը և Աննան բաժանվել են, որ չընտրվի, ունեցվածքը պահեն, միասին փախնեն երկրից» (video) Հենց հիմա հատիկ-հատիկ թվարկում եմ՝ Ռոբերտ Քոչարյանը զրոյից ինչ է ստեղծել. Մեսրոպ Եսայան (video) «Նիկոլը վախեցած զանգելու է Ալիևին, խնդրի՝ մի քանի զենք ցույց տա, խաբի ժողովրդին»․ Անժելա Թովմասյան (video) «Դուք ձեր հոդվածներով ձեր օրոք կդատվեիք»․ Փաշինյանի անկանոն վիճակն ու արձագանքը (video) «Շտապ. Ի՞նչ է արել Նիկոլն իր թիմի հետ մեկ տոննա կոկայինը» (video) Իր թիմակցի ու կնոջ աշխատավարձի հարցից Փաշինյանն ինքնատիրապետումը կորցրեց (video) Խայտառակ վատ եք անում այդ գործը․ Գառնիկ Դանիելյան (video) «Ձեռով, ոտով մի՛ խոսա, մի՛ խանգարեք»․ լարված իրավիճակ ԱԺ-ում (video) Նիկոլը զայրացած, նյարդային վիճակում է․ բախում է եղել. Նարինե Դիլբարյան (video) Հույսը «լավ տղերքի» վրա դնելու և հատակին ծեփվելու կործանարար հետևանքները. Տաթևիկ Հայրապետյան Ես ձեզ ասեմ՝ ինչու եմ եկել․ Գագիկ Ծառուկյանը փակագծեր բացեց (video) Բելգիայի վարչապետը բացատրել է Ռուսաստանի հետ երկխոսության իր կոչը Քեյնը գերազանցել է Շևչենկոյին, Իբրահիմովիչին և Դի Ստեֆանոյին Այս ազդանշանն իր մեջ ունի և՛ տագնապի, և՛ շանտաժի տարրեր. Տիգրան Աբրահամյան «Խնդրում եմ պարզաբանել այն կոնկրետ իրավական կարգավիճակը, որի հիման վրա ԿԽՄԿ պատվիրակները այցելել են Ռուբենին և մյուս հայ բանտարկյալներին». Ռուբեն Վարդանյանի կնոջ նամակը ԿԽՄԿ նախագահին Չի կարող լինել խաղաղություն, երբ օկուպացիոն զորքերը ՀՀ տարածքում են, լավագույն դեպքում ունենք հրադադար. Արթուր Խաչատրյանը՝ ԵԽ-ում Խաղաղություն չի լինում, երբ Բաքվի օկուպացիոն զորքերը Հայաստանի տարածքում են․Խաչատրյանն` ԵԽ-ում (video) Իրանը վրեժ է լուծում Խաթիբիի սպանության համար՝ հարձակվելով Իսրայելի անվտանգության նախարարության վրա Փաշինյանը խուճապի մեջ է և ունի դրա հիմքերը, եթե օգնության կարիք ունի, պատրաստ ենք օգնել․ խոսնակ «Արյ*ան վրա թռնողնե՛ր, դուք արժանի չեք․․․»․ Խաչիկ Մանուկյանը հունից դուրս եկավ (video) Եվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am