«Փաստ». ՔՊ-ի նոր «նշաձո՞ղը», թե՞ հատված եզրագիծ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս կիրակի, առանց տեղեկատվական աղմուկի, գրեթե սուսուփուս, ազատ արձակվեցին անցած ուրբաթ օրը մեծ աղմուկ-աղաղակով ձերբակալված անձինք, այդ թվում՝ ՀՅԴ երիտասարդական կազմակերպության անդամներն ու համակիրները: Մի խոքսով՝ «հասե՜ք, փրկե՜ք, ահաբեկչական խումբ ենք բռնել» աղմուկով ձերբակալված 7 անձից 5-ը 72 ժամ անց ազատ արձակվեց: Ի դեպ, այս պատմությունը, որն արդեն ստացել է «Սթրայքբոլի գործ» անունը, շատ իրավաբանների կարծիքով, կարող է դասվել անիմաստ ու անհեթեթ, անբովանդակ ու անհասկանալի գործերի համաշխարհային թոփերում: Ի դեպ, հատկանշական էր, որ բանտից ազատ արձակվող տղաներին դիմավորելու գնացած ՀՅԴ-ական գործիչները նկատել էին ևս մեկ անձնավորության, որն ընդհանրապես ոչ մի բանի հետ կապ չուներ, մասնագիտությամբ սանտեխնիկ է, բայց «նա վսյակի» նա էլ էր ձերբակալվել:

Այս անհեթեթ «գործի» հետ կապված՝ փաստաբան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում մի բավական հետաքրքիր պատմություն էր հիշել, որը, կարծում ենք, չափազանց բնութագրական է. «1890-ականներին Ավստրո-Հունգարիայի քաջարի իրավապահները ձերբակալում են շախմատի աշխարհի առաջին չեմպիոն Վիլհելմ Ստեյնիցին՝ հօգուտ Ռուսաստանի լրտեսության մեղադրանքով։ Ի՞նչ էր արել այդ մարդը։ Ամեն օր ինչ-որ անհասկանալի հեռագիր էր ուղարկում Պետերբուրգ ու ստանում նույնքան անհասկանալի պատասխան հեռագիր։ Դե, բնականաբար, դատավորը (անունը, կարծեմ, Մոնբլան Մելքիոր էր) տալիս է երկամսյա կալանք, ու … այդ պատճառով կիսատ է մնում Ստեյնից-Չիգորին շախմատային հեռավար պարտիան։ Ստեյնիցի ծանոթների, ինչպես նաև սանտեխնիկների ձերբակալման մասին տեղեկություններ չեն պահպանվել»։

Այո, իսկապես շատ ուշագրավ պատմություն է ու տեղին հիշված: Ամբողջ ողբերգությունն այն է, որ դա եղել է 19-րդ դարի վերջին, իսկ այն, ինչ կատարվում է հիմա, իրականությունն է, որի մեջ ապրում ենք բոլորս:

 

 

Բայց այս պարագայում հարցն այն չէ, թե կոնկրետ որ ընդդիմադիր կուսակցության կամ ուժի հետ էր կապված իրականացվող այդ ֆանտասմագորիան: Բուն հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր վարչախումբը հասել են մի նոր «նշաձողի» (իրենց սիրած բառով): Խոսքն այն «նշաձողի» մասին է, որ փաշինյանական իշխանության «իրավապահ» մարմինները Նիկոլ Փաշինյանի քմահաճույքները բավարարելու ճանապարհին քրեական «գործ կարելու» համար այլևս շատ չեն չարչարվում, չեն էլ փորձում ինչ-որ քրեորեն պատժելի արարք գտնել, ինչ-որ ապացույցներ, հիմքեր պարզել:

Այսինքն, մարդուն ձերբակալելու, կալանավորելու համար էլ շատ «բանի հետևից» չեն ընկնում: Իրենց մտքով անցե՞լ է, որ անեն, անում են: Արդեն թափով մոտենում են «մտքի հանցագործության» մակարդակին (հազար ողորմի Օրուելին):

Այլևս ոտնահարված ու մոռացված են «հին ձևերը»՝ օրե՜նք, օրինականությո՜ւն, հանցանշա՜ն, ապացո՜ւյց: Թեկուզ սարքովի, թեկուզ հնարովի, բայց գոնե «տակը մի բան դնելու» ջանքերն այլևս «նորաձև» չեն: Փաշինյանի ու ՔՊ-ի քաղաքական շահերն սպասարկող իրավապահները նման բառերն ու, որ ավելի վատ է, հասկացությունները քմծիծաղած ունեն: Պարզ ասած՝ դրանք այլևս կարևոր չեն:

Իսկ կարևոր են նկատում հետևյալ «մեղքերը». Նիկոլ Փաշինյանի դեմ ես խոսե՞լ, դե՞մ ես այս իշխանությանը, Արարատի՞ն ես նայում, այլ ոչ թե՝ Արագածին, դեռ Արցախի մասի՞ն ես խոսում... վե՛րջ, ուրեմն դու մեկն ես, որին պետք է չեզոքացնել, մեկուսացնել, կալանավորել: Առավել ևս, դու Հայ առաքելական եկեղեցու կողքի՞ն ես, սատարում ես, վերջ՝ գնացիր կալանքի...

Ու բացարձակապես ոչ մի նշանակություն չունի, որ ո՛չ մեղադրանք կա, ո՛չ ապացույց, ո՛չ հիմնավորում: Այսինքն, որոշակի իմաստով անգամ անիրավությունը բնորոշող հայտնի բռնատիրական ասացվածքն է հնացել, թե՝ «կարևորը՝ մարդ լինի, մեղադրելու հոդված կգտնվի»: Այս առումով էլ Փաշինյանի իշխանությունն ու յուր իրավապահները ակնարկված «նշաձողի» տիրույթում հասել են նոր «բարձունքի», այսինքն՝ «կարևորը՝ մարդ լինի, էլ հոդված-մոդված էլ պետք չի, ձեռաց կձերբակալենք...»:

Արժե, ի դեպ, թեթևակի հիշեցնել, թե ծայր առած ձերբակալություններն ինչ տեղեկատվական աղմուկով էին ուղեկցվում, հատկապես՝ իշխանական քարոզիչների ու քարոզչության կողմից: Նրանք միաձայն «դայլայլում» էին, թե՝ «ահա՜, ահաբեկչություն էր պլանավորվում...»: Ավելին, իշխանության միանգամայն պաշտոնավոր ներկայացուցիչները հայտարարում էին, թե պետք է դադարեցնել ՀՅԴ գործունեությունը, առհասարակ, արգելել բոլոր ընդդիմադիրների գործունեությունը:

Ի վերջո, Փաշինյանն ԱԺ-ում, նյարդային պոռթկում ցուցադրելով, իր ենթականերին հրամայեց, որ ձերբակալեն, «ԱԱԾ պադվալները գցեն» բոլոր ընդդիմադիրներին...

Այսինքն, գնում և ում պատահի՝ բռնում են, ապատեղեկատվական տեռորով հասարակությանը ներշնչում են, թե ցանկացած ձերբակալված հանցագործ է ի սկզբանե, իրավապահներն էլ պարզապես կուրորեն հրահանգներ են կատարում:

«Անմեղության կանխավարկածը» նյարդայնացած ծխում է մի մութ անկյունում:

Ու կապ չունի՝ դու այնտեղ ինչ-որ սթրայքբոլ էիր խաղում, «հրացանը» Վարդավառի ջրոցո՞ւ էր, «նռնակն» էլ՝ սիսեռահատիկներո՞վ, թե՞ ինչ...

Կարող էր դա էլ չլինել, ի դեպ: Կարող էր ընդհանրապես ոչ մի բան չլինել:

Ի դեպ, այն 18-ամյա տղան, որի ամբողջ մեղքը, որքան կարելի է հասկանալ, ինչ-որ «կռիվ-կռիվ» խաղալու «զենք» ու ՀՅԴ-ի հետ կապ ունենալու մեջ է, ահաբեկչության մեղադրանքով մնացել է կալանքի տակ...

Բայց, կրկնում ենք, կարող էր ընդհանրապես ոչինչ չլինել: Այլևս դա կարևոր չէ՝ ըստ փաշինյանական մերօրյա «նշաձողի»:

Ի՜նչ իմաստ ունի որևէ ապացույց, հանցանշան գտնել, առհասարակ՝ քննություն իրականացնել: Շուտով կհասնեն և այն «նշաձողին», որ դատավորներ ու դատարաններ էլ պետք չեն լինի, կարելի է ստեղծել մի «տրոյկա» ու վերջ, ի՞նչ քննություն, ի՞նչ ապացույց, ի՞նչ դատ, ի՞նչ դատարան... Ո՛չ դատարաններ են պետք, ո՛չ իրավապահներ ու քննիչներ, միևնույնն է, յուրային քարոզչամիջոցով «ապացույցներ» են շրջանառում, դրանց հիման վրա զանգվածային ձերբակալություններ են անում: Բայց որպեսզի սովորական մարդկանց ահաբեկեն, ցուցադրում են մարդկանց ունեցած օրինական, հիմնականում՝ որսորդական զենքերը:

Ի դեպ, փաշինյանական իշխանության այդ «նշաձողի» բնութագրական բաղադրիչներից մեկն էլ այն է, որ ապօրինաբար արգելափակվում է փաստաբանների, պաշտպանների մուտքը՝ «շեղ հայացքի» համար ձերբակալված քաղաքացիների մոտ: Կարճ ասած, մարդկանց կարող են ձերբակալել, ինչ ասես՝ անել, ինչի մեջ ասես՝ մեղադրել, իսկ փաստաբաններին «ներս չթողնել»: Սա ժողովրդավարության, իրավականության «նորաձևության» վերջին ծղրտոցն է: Դե, ՄԻՊ-ն էլ իշխանության «պարականոն» խոսքի ու պահվածքի, թույլ տված ապօրինությունների մասին լռում է, իսկ Փաստաբանների պալատի հետ լեզվակռվի մեջ մտնում: ՔՊ-ին հարիր մոտեցում...

Եվ մի բան էլ «նշաձողի» մասին: Հնարավոր է, որ ՔՊ-ում իսկապես էլ համարում են, որ նոր «նշաձող» («նշաձողեր») են սահմանել: Բայց մի փոքր պետք է հիասթափեցնենք նրանց. դա «նշաձող» չէ, դա անդառնալիորեն հատված եզրագիծ է:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 299 անգամ
Լրահոս
Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը.168.am Տյումենի նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ–ի հարձակումը հետ է մղվել Բաքվում ձերբակալված 8 ռուսաստանցիները 3-4 տարվա ազատազրկման դատապարտվեցին Իսրայելը հրադադարից ժամեր անց կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ Սրբազան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լուսավորչի մասունքը Բյուրավանում․ միասնության, արթնության և հավատի կոչ Բժիշկների զգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ` ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրենյանց Ավիավթարը խլել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոյի կյանքը Ավտովթար՝ Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, վիրավոր կա Կիլիկիայում հնչած կրակոցների հետեւանքով կա 4 վիրավոր. 1 անձ ձերբակալվել է Վրաստանը մտադիր է Եվրոպայի և Ասիայի միջև առանցքային լոգիստիկ հանգույց դառնալ․ Կոբախիձե Թրամփը գովել է Սի Ծինփինին՝ խելքի, ինքնավստահության և բարձր հասակի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am