Ինձ բանտ կնետեին, եթե.... Դեմիրթաշ
Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ քրդամետ «Ժողվուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթին Դեմիրթաշը մեկնաբանել է ընդդիմադիր լրագրողներ Ջան Դյունդարի ու Էրդեմ Գյուլի հանդեպ ՍԴ-ի կայացրած որոշման հանդեպ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի արած հայտարարությունը։ Հիշեցնելով, որ Էրդողանը խոստացել է չընդունել ու չհարգել ՍԴ-ի կայացրած որոշումը՝ Դեմիրթաշն Էրդողանին մեղադրել է իրեն ՍԴ-ից վեր դասելու համար. «Եթե ես ասեմ, որ չեմ ճանաչում ՍԴ-ի որոշումը, ապա նույն օրն իսկ կվերացնեն իմ պատգամավորական անձեռնմխելիությունը, Սահմանադրությանը տված երդմանը հակասելու դիրքորոշման պատճառով կկալանավորեն ու կնետեն բանտ։ ՍԴ-ն բոլոր երկրներում էլ ամենահարգված կառույցն է և գերագույն դատական մարմինը։ Բնականաբար, ՍԴ-ն անցյալում կայացրել է շատ սխալ որոշումներ, կայացրել է հակաիրավական շատ որոշումներ՝ փակելով կուսակցություններ։ Սակայն, ոչ մի նախագահ, ոչ մի պետական գործիչ չի ասել «ես չեմ ճանաչում դա»։ ՍԴ-ի կայացրած որոշումը կարող է քննադատել քաղաքացիական հասարակությունը, ընդդիմությունը, սակայն նրանք չեն ասում, թե չեն ընդունում ու չեն հարգում այդ որոշումը»։
