«Հասկացա, անաչառ դատավոր է…». Լևոն Զուրաբյանը՝ Ռուբիկ Հակոբյանին
Լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանն անդրադառնալով ՀԱԿ ղեկավար Լևոն Զուրաբյանի՝ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ առաջարկների միասնական պլատֆորմ ստեղծելու կոչին, ասել էր, թե մինչև Լևոն Զուրաբյանի առաջարկությունը՝ մի քանի առաջարկություններ եղել էին, ու վատ է, որ նրանք չէին միացել այդ առաջարկներին: Ըստ նրա հենց այս քայլն է, որ պառակտվել է ընդդիմադիր դաշտը, այն որ ամեն մեկը մտածել է, որ հենց իր առաջարկության շուրջ պետք է համախմբվեն: Լրագրողները մեկնաբանություն խնդրեցին Լ. Զուրաբյանից, որը նախ՝ հետաքրքրվեց, թե ո՞ր ուժին է ներկայացնում Ռ. Հակոբյանը: Դիտարկմանը, թե նա արդեն հիմա ներկայանում է՝ որպես անկախ պատգամավոր, Լ. Զուրաբյանն այսպես արձագանքեց. «Հա, հասկացա, անաչառ դատավոր է…,- այնուհետև ասել,-Իշխանությունները հասկանում են, որ այդ առաջարկների միասնական պլատֆորմի ստեղծումն իրենց մեծ հարված է հասցնելու, որովհետև շատ անհարմար դիրքի մեջ են ընկնելու ու շատ կդժվարանան մերժել միասնական պլատֆորմը, դրա համար ամեն գնով փորձելու են նաև ազդել որոշ քաղաքական ուժերի վրա՝ ստեղծելու այն տպավորությունը, որ ընդդիմությունը չի կարողանում միավորվել»:
