Արենը ամեն վարկյան պատրաստ է ծայրահեղ քայլի. ցմահ դատապարտյալի մայրը փաստում է
«Ցմահ դատապարտյալները կամաց-կամաց հոգնում են սպասելուց: Մենք օրերը հաշվեցինք, որ մեր տղաների պահանջները բավարարվեն:Ազգային ժողովից խոստացան փետրվարին քննարկում անել ու տալ մեր հարցերի պատասխանը: Սայլը այդպես էլ տեղից չի շարժվում, ինչքա՞ն սպասենք»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ցմահ դատապարտյալ Արեն Չատինյանի մայրը՝ Ալլա Մարտիրոսյանը: Նշենք, որ Արեն Չատինյանը մեկն է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող ավելի քան 100 ցմահ դատապարտյալներից: Դատապարտվել է ցմահ ազատազրկման 2008 թվականին: Սովորել է Վանաձորի մանկավարժական համալսարանի ֆիզկուլտուրայի ֆակուլտետում, դատապարտվել 4-րդ կուրսում: Մեղադրվել է տաքսու վարորդի սպանության մեջ, իրեն մեղավոր չի ճանաչել, մինչ օրս էլ պնդում է, որ սպանություն չի կատարել: Սակայն այս գործն անցել է հայաստանյան եռաստիճան դատական համակարգով, հասել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), բայց մերժվել անհիմն համարվելու պատճառաբանությամբ: «Այլընտրանք չկա, տղայիս կյանքը խորտակված է, ու մենք ուզում ենք գոնե հույսի մի կետ գտնել»,-ասաց մայրը, ով շարունակ երազում է որդուն ազատության մեջ տեսնելու մասին: «Արենը արդեն մի քանի անգամ հացդուլ է արել: Առողջությունը խաթարված է: Համենայդեպս իմ փոխարեն հավաստում եմ՝ նորից կգնանաք ծայրահեղ քայլերի: Այս անգամ որդուս հետ միասին կդիմեմ այդ քայլին»,-եզրափակեց մայրը՝ հավելելով, որ մարտի 8-ից հետո հավանաբար մյուս ծնողներն էլ կորոշեն հետագա քայլերը: Նշենք, որ երկու ամիս առաջ 50 ցմահ ազատազրկման դատապարտվածներ անժամկետ հացադուլ էին հայտարարել` իրենց քրեական գործերի վերանայման պահանջով: Նրանք նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված 10 կետանոց դիմում են հղել: Հիմնական պահանջն այն է, որ օրենքի պայմանական վաղաժամկետ ազատման դրույթը գործի եւ իրենց վրա էլ տարածվի: Նշենք, որ մոտ 10 ցմահ դատապարտյալ հատել է պայմանական ազատման 20 տարվա պատժի շեմը, սակայն նրանցից եւ ոչ մեկը պայմանականորեն ազատություն չի ստացել: Աստղիկ Ավագյան
