Ես չգիտեմ՝ ինչո՞վ է զբաղված Էթիկայի հանձնաժողովը, որ նման որոշումներ է կայացնում
«Այս պայմաններում Էթիկայի հանձնաժողովը լրիվ ավելորդ է»,-կարծում է Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը՝ խոսելով ԱԺ պատգամավորներ Մհեր Սեդրակյանի և Շուշան Պետրոսյանի՝ լրագրողին և ֆեյսբուքյան օգտատերերին վիրավորանք հասցնելու դեպքերից: Սա այն պատճառով, որ այդ հանձնաժողովը չի կարողանում հստակ գնահատական տալ տեղի ունեցած միջադեպերին և որոշակի պատիժներ սահմանել: «Ավելի տրամաբանական կլիներ, որ մենք ունենայինք «ճշտով» հանձնաժողով, քանի որ մեր պատգամավորներից շատերն իրենց վարքով համապատասխանում են այդ չափանիշներին»,-շեշտեց արվեստագետը: Նա զարմանում է Էթիկայի հանձնաժողովի եզրակացությունից. «Ո՞վ է ասել, որ կոպտությունը դաստիարակչական մեթոդ է: «Ականջներդ կկտրեմ» կամ «աչքերդ կհանեմ» արտահայտությունները ես երբեք չեմ լսել ոչ իմ տանը, ոչ դպրոցում»: Հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը առօրյայից օրինակ բերեց. «Ոչ մի օրենք չի ստիպում հարսիկին, որ ինձ մի բաժակ սուրճ տա, բայց կա էթիկա: Ես չգիտեմ՝ ինչո՞վ է զբաղված Էթիկայի հանձնաժողովը, որ նման որոշումներ է կայացնում: Պետք է նրանք իրենց կանոնակարգում փոփոխություն մտցնեն»: Նա շեշտեց, որ բոլորս պետք է խնայենք իրար և որևէ մեկն իրավունք չունի մյուսի անձը վիրավորելու՝ անկախ նրանից, թե ով է:
