Ալիևը հուշել է Փաշինյանին՝ ինչպես Հայաստանում ոչնչացնել «ռևանշիզմը»

7 տարի երկրի կառավարման ղեկը վերցրած անձը՝ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ քաղաքացու օրվա իր ուղերձում, ըստ էության, հոգեբանորեն «մնացել» է դեռևս 2018 թվականի «թավշյա հեղափոխության» ճանապարհներին, և շարունակում է խաբել, թե երկրի տերն իրեն իշխանության բերած քաղաքացին է:

Իր գրառման մեջ Փաշինյանը մի բանալի միտք է հնչեցնում՝ «հեղափոխությունից առաջ պետությունն էր քաղաքացու տերը, հեղափոխությունից հետո քաղաքացին է պետության տերը»: Սա վտանգավոր բանաձև է, որի կործանարար հետևանքները տեսանք, տեսնում ենք և դեռ տեսնելու ենք այսպես շարունակվելու դեպքում:

Փաշինյանն իր այս միտքն այլ տրամաբանության մեջ է տեղավորում, բայց նույնիսկ դա վաղուց չկա, գուցեև չի էլ եղել: Այսինքն, ներքին և արտաքին քաղաքական որոշումներում ոչ մի դերակատարում չի ունեցել և չունի «հպարտ քաղաքացին», և Փաշինյանի իշխանությունն իրեն այդ նույն քաղաքացու տիրակալ է զգում, բայց ոչ երբեք տեր՝ սոցիալ-տնտեսական, ռազմական, ներքին և արտաքին անվտանգության ապահովման տեսանկյունից:

Եվ ասել՝ «հեղափոխությունից առաջ պետությունն էր քաղաքացու տերը, հեղափոխությունից հետո քաղաքացին է պետության տերը», սա ոչ այլ ինչ է, քան երկրի ղեկավարի պատասխանատվությունից խուսափում, այդ թվում՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի, դրա արդյունքների ու դրան հաջորդած դիվանագիտական, ռազմական պարտությունների, տարածքային և մարդկային կորուստների համատեքստում:

Քաղաքացու պատասխանատվությունն այս ամենում միայն այն է, որ 2021 թվականի հունիսին ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ ապահովեց պատերազմում պարտված ղեկավարի հաղթանակը կամ նպաստեց դրան, ինչը փոքր պատասխանատվություն չէ: Ուստի հարց է՝ պարտված ղեկավար ընտրած քաղաքացին բարոյական իրավունք ունի՞ երկրի տեր լինելու (իհարկե, կա նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի սխալն ու պատասխանատվությունը):

2021 թվականին Փաշինյանը խաբել է, այլ խոստումներ է տվել, վախեցրել է պատերազմով և պատերազմի սարսափից դեռ դուրս չեկած ժողովրդի մի զգալի հատված ձայն է տվել նրան, բայց արդյո՞ք պատերազմում պարտված ղեկավարը կարող է խաղաղություն ապահովել, որը ոչ միայն չի կարողացել կանխել պատերազմը, ժամանակին կանգնեցնել այն, այլև բանակին տարել է պարտության, և հետո չի ընդունել սեփական գլխավոր պատասխանատվությունն այս ամենում: Մյուս կողմից՝ 2021 թվականի ընտրություններից առաջ Փաշինյանը նաև բաց է խոսել:

44-օրյա պատերազմում պարտությունից ամիսներ հետո՝ 2021 թվականի մարտին, Արագածոտնի մարզ «նախընտրական» իր այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը Ներքին Բազմաբերդում հավաքվածներին փորձել էր համոզել՝ դադարեք թուրքին թշնամի համարել:

«Մենք այս տարածաշրջանում պետք է ապրենք, բայց այս տարածաշրջանի ամենամեծ խնդիրն այն է, որ մեզ ընկալում են՝ որպես թշնամի, և մենք ընկալում ենք՝ որպես թշնամի: Ինչքան մենք ընկալում ենք՝ որպես թշնամի, այնքան մեզ են ընկալում՝ որպես թշնամի, շատ դժվար է գտնել այն մեկնարկային կետը, որից այս պրոցեսը սկսվել է»,- շեշտել է նա՝ ըստ էության, մի կողմ թողնելով 1915 թվականին Հայոց ցեղասպանության փաստը, դրանից հետո Ադրբեջանի ձեռքով կատարված ցեղասպանությունները, որոնք հանդիսացել են թշնամական հարաբերությունների մեկնարկային կետերը:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը փորձել էր հասկացնել, որ Ադրբեջանին և Թուրքիային պետք է դիտարկել որպես գործընկեր՝ հօգուտ ՀՀ տնտեսության զարգացման:

Ուջան համայնքում Փաշինյանը ևս մեկ անգամ հաստատել էր Ադրբեջանի և Թուրքիայի հետ իր գործընկերային հարաբերությունները՝ մտահոգություն հայտնելով, որ եթե ինքը հեռանա, ապա ինչ է լինելու եռակողմ հայտարարության «ապագան», հետո՝ թե այդ փաստաթղթի չեղարկումը կհանգեցնի աղետի:

Եվ քաղաքացիները սա լսեցին և չընդդիմացան, երբ արդեն կար ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունը, որտեղ հստակ ներկայացված էր ստեղծված ճգնաժամային իրավիճակը և Փաշինյանի իշխանության շարունակման կործանարար հետևանքները, երբ Թուրքիան այդ ֆոնին փորձել էր միջամտել ՀՀ ներքին խնդիրներին: Եվ Փաշինյանը թուրքական հուշմամբ էր արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում կայացրել, ինչը, բնականաբար, Թուրքիայի ղեկավարությունը ողջունել էր, այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանի օրինակով դատապարտել էր ՀՀ-ում ՀՀ զինված ուժերի «ռազմական հեղաշրջման փորձը»:

Ու հիմա նույնքան սինխրոն Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարությունն ու Նիկոլ Փաշինյանը դատապարտել են ապրիլի 23-ին ջահերով ավանդական երթի ժամանակ Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները վառելու «արարողակարգը»։

Ավելին, Ադրբեջանն ավելի հեռուն է գնացել, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պահանջել է Փաշինյանից՝ իրենց դրոշներն այրելը դիտարկել՝ որպես հանցագործություն, և լուրջ միջոցներ ձեռնարկել դրանք կանխելու համար:

Նույն ժամանակահատվածում ադրբեջանական vesti.az-ը խմբագրական-վերլուծություն է հրապարակում, որտեղ Փաշինյանից պահանջում են նաև՝ հայկական դպրոցական դասագրքերում պետք է դատապարտվի ցեղակրոնությունը, Նժդեհի գաղափարախոսությունը, քանի որ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, նժդեհական իդեոլոգիան դեռ շարունակում է ազդեցություն ունենալ հայկական հասարակության, և հատկապես՝ երիտասարդության և «ռադիկալ խմբերի» շրջանում:

Այսինքն, Ադրբեջանը պահանջում է Փաշինյանից ոչ միայն նման գործողությունները և գաղափարախոսությունը բանավոր դատապարտել, այլև համակարգային հստակ քայլեր ձեռնարկել:

«Իրական առաջընթացի համար Հայաստանը պետք է ձեռնարկի համակարգային միջոցներ՝ ատելության հռետորաբանության դեմ պայքարի համատեքստում: Դրա համար օրինակ կարող է ծառայել հետպատերազմյան Գերմանիայի փորձը՝ դպրոցներում ցույց տալու, թե ինչի է հանգեցնում ֆաշիզմը: Նման մոտեցում կարող է կիրառվել ՀՀ-ում, և ցեղակրոնությունն ու նժդեհիզմը պետք է ճանաչվեն պատմության ամոթալի էջեր, իսկ դրանց քարոզչությունն օրենսդրությամբ սահմանափակվի: Այս իրավիճակը հաղթահարելու համար, կրկնում ենք, անհրաժեշտ են համակարգային միջոցներ, այդ թվում՝ կրթական բարեփոխումներ, ատելության քարոզչության և նման «տոքսիկ» իդեոլոգիաների ակտիվ քննարկման օրենսդրական սահմանափակումներ»,- նշվում է ադրբեջանական հոդվածում:

Չմոռանանք, որ Բաքվից Փաշինյանին զգուշացրել էին՝ եթե ինքը չոչնչացնի ՀՀ-ում «ռևանշիզմը», իրենք դա կանեն: Եվ հիմա փորձ է արվում այս պահանջը ևս դարձնել խաղաղության համաձայնագրի ստորագրման և հարաբերությունների կարգավորման նախապայման: Սակայն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ադրբեջանական դպրոցներում և դասագրքերում հայը որպես թշնամի և զավթիչ է ներկայացվում, երբ բացարձակ չի մեղմվել Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը:

Այլ հարց է՝ եթե նախկին իշխանությունների օրոք այսօրինակ փաստերն արձանագրվում էին, և ադրբեջանական հայատյաց քաղաքականությունը փաստագրվում էր, ապա Փաշինյանի իշխանությունների օրոք դա չի արվում, մինչդեռ հիմա փաստարկված «կոնտրքայլի» ճիշտ ժամանակն էր՝ ի պատասխան ադրբեջանական պահանջների և ՀՀ-ի ներքին խնդիրներին միջամտելու փորձերին: Իսկ Նիկոլ Փաշինյանը չի ասում՝ ինչ պետք է ուսուցանվի ադրբեջանական դպրոցներում, փոխարենը՝ աղավաղել է պատմությունը հայկական դասագրքերում, բայց, ինչպես տեսնում ենք, սա բավարար չէ, դեռ անելիք ունի թուրք-ադրբեջանական տանդեմի տեսանկյունից: Եվ, բնավ, կասկած չկա, որ հանուն սեփական իշխանության Փաշինյանը կգնա օրենսդրությամբ նժդեհական, ցեղակրոն, դաշնակցական իդեոլոգիաների օրենսդրական սահմանափակման՝ այդ ճանապարհով Ալիևի «ձեռքերով» փորձելով ՀՀ-ում լուծել «ռևանշիզմի» հարցերը և անունը դնել «Իրական Հայաստանի» գաղափարախոսություն:

Իսկ Բաքվի «դատավարության» ժամանակ, որը մտել է «ապացույցների» փուլ, Ալիևը դեռ կշարունակի Հայաստանին ներկայացնել՝ որպես «ռազմական հանցագործ», «ցեղասպան», «օկուպանտ», իսկ հայերին՝ ազգային հողի վրա կին և երեխա «սպանող», պետական այս քաղաքականությանը մասնակից դարձնելով Ադրբեջանի շարքային քաղաքացիներին, որով, ըստ էության, Ալիևը պայթեցնում է Փաշինյանի այն թեզը, թե հնարավոր է այսօր հայերի և ադրբեջանցիների համակեցություն:

Ավելին, Ադրբեջանի նախագահը վերջերս նույնիսկ խոստովանել էր՝ ՀՀ-ի հետ բարեկամ դառնալը մոտ ապագայում իրատեսական չէ:

Բայց սա չի խանգարում Փաշինյանին առաջ մղել ադրբեջանական հետաքրքրություններ պարունակող «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը և դրանով մասնակցել ընտրություններին, և հորդորել 2018 թվականին «թավշյա հեղափոխությանը» մասնակից և 2021 թվականին իր պարտված ղեկավար լինելն անտեսած ՀՀ քաղաքացիներին «պաշտպանել ազատ կամարտահայտվելու իրավունքը, սա չափազանց կարևոր է»:

Բայց հարց է՝ 2018 թվականի և 2021 թվականի «հպարտ» քաղաքացիներից քանի՞սն են այսօր մնացել ՀՀ-ում, քանի՞սն է իր «ստորագրությունը» պահպանել, կամ քանի՞սն է հետ վերցրել, քանի՞սն է պատրաստ դնել իր ստորագրությունը «Իրական Հայաստանի» գաղափարախոսության տակ: Արդյո՞ք նման հաշվարկներ արել է Փաշինյանը, և արդյո՞ք նման հաշվարկներ արել է ընդդիմությունը…

Իսկ ապրիլի 26-ը ոչ միայն ՀՀ քաղաքացու, այլև Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի օրն է, որոնց բարդ իրավիճակներ են սպասվում։

168.am

դիտվել է 761 անգամ
Լրահոս
Ասեմ՝ ոնց է Եվրոպան Մակրոնի գլխավորությամբ գցելու Հայաստանին․ Հրանտ Մելիքյան (video) Ասեմ՝ ինչ է անելու Ադրբեջանը, եթե Նիկոլն ընտրվի հունիսի 7-ին․ Երվանդ Բոզոյան (video) ՀՐԱՏԱՊ․ «Նիկոլենք մասսայական փողեր են փոշիացնում» (video) Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380,000 դոլար. «Ազատություն» Փաշինյան Նիկոլը «սատանայի փաստաբանի» դերի մեջ է մտել Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան Փաշինանն էլ չի դիմանում․ ինքն իր թվերի մեջ խառնվել է․ Նարեկ Կարապետյան (video) Իրանն ԱՄՆ-ի հետ «մուկն ու կատվի» խաղն է խաղում, որից օգտվում է Ռուսաստանը․ Milliyet ԱՄՆ-ի ռազմական հարձակումն ագրեսիվ գործողություն է Իրանի ժողովրդի դեմ․ Իսմայիլ Բաղայի Չենք կարող օգնել․ անգամ իրենց հարցումներով՝հաջորդ իշխանությունը Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու.Կարապետյան (video) Բանկի կողոպուտի ժամանակ սպանել են երկու մարդու Իրանն ակտիվացրել է ստորգետնյա պահեստներից զինամթերք դուրս բերելու ջանքերը. NBC News «Բոտեքսի զոհ Անուշավանի մասին ինչ է մտածում Կաթողիկոսը» (video) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն #ՀԻՄԱ․ Նիկոլն ու Ալիևը հենց հիմա ունեն փակ կապ․ քաղաքական վերլուծաբան Հրանտ Միքայելյան (video) Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Կալլասի հետ Ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան պատմական իրադարձություն էր․ Հաջիև 5 հոգանոց ծայրահեղ աղքատ ընտանիքը ամսական կստանա 150 000 դրամ. Նարեկ Կարապետյան (video) Մինչև վաղը ջուր չի լինի Երևանի Կենտրոնի դպրոցներում դասերը կանցկացվեն հեռավար Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ․ Հաջիև #ՈՒՂԻՂ․ Վե՛րջ ենք տալիս սրան․ Սամվել Կարապետյանի կարևոր առաջարկը (video) Մենք չգիտենք, օրինակ, Իոանիսյանը Նիկոլ-Աննա զույգի ռեալիթի շոուի մա՞ս է դարձել թե՞ դա իրական հայց է Իսրայելը «Հեզբոլլահ»-ի շուրջ 40 թիրախների է հարվածել Լիբանանի հարավում «Մակրոնը գալիս է․ գրպանում ունի Հայաստանը Թուրքիային հանձնելու թուղթը»․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am