Լարված իրավիճակ` Արցախի ներկայացուցչության մոտ
Այսօր կեսօրին լարված իրավիճակ է ստեղծվել Երեւանում Արցախի ներկայացուցչության մոտ։ Մինչ տասնյակ հազարավոր արցախցիներ բողոքի ակցիաներ են անում ու պահանջում իշխանություններից հետամուտ լինել արցախցիների՝ Արցախ վերադարձի իրավունքի իրացմանն ու գերիների ազատ արձակմանը, մի փոքրաթիվ խումբ՝ Արթուր Օսիպյանի գլխավորությամբ ակցիաներ է անում Արցախի ներկայացուցչության մոտ՝ պահանջելով Արցախը թալանածների բացահայտում։
Նկատենք, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը անձամբ է դիմել ՀՀ գլխավոր դատախազությանը՝ խնդրելով քննության առարկա դարձնել թալանի վերաբերյալ բոլոր հրապարակումները, բայց Օսիպյանի գլխավորած անձինք դատախազության փոխարեն Արցախի նախագահին են պահանջներ ներկայացնում, թեեւ վերջինս որեւէ լիազորություն այդ առումով չունի։
Ներկայացուցչության մոտ ակցիայի մասին Օսիպյանը հայտարարել էր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում, տեղում նկարահանումներ անող մեր գործընկերները ֆիքսել են լարված իրավիճակը, որը հրահրել են ակտիվիստները, ինչից հետո Օսիպյանը թիրախավորել է նաեւ լրագրողներին։ «Կորե՛ք ստեղից, կե՛ղտ եք շպրտում», - ասել է նա լրագրողներին ու մեղադրել «թալանչիների կողմից ֆինանսավորված լինելու մեջ»։ Նկատենք, որ այսօրինակ մեղադրանքները առավել հաճախ հնչեցնում են քպականները՝ խուսափելու համար իրենց ոչ հաճելի հարցադրումների պատասխաններից։
«Մենք ձեր կարիքը չունենք, գնացեք ստեղից, կեղտոտ լրատվականներն եք, գործակալներ եք։ Մենք մեր ֆեյսբուքյան էջն ունենք», - ասել են Օսիպյանի գլխավորած ակտիվիստները։
Նրանցից մեկը թալանչի համարեց բոլոր այն արցախցիներին, որոնք տեղահանվելուց հետո որեւէ բիզնես ունեն՝ առանց անուններ տալու։ Երբ լրատվամիջոցները հարց ուղղեցին, թե ի՞նչ ունի օրինակ Սամվել Բաբայանը, ակտիվիստը լրջացան ու հարցին հարցով պատասխանեցին, թե ի՞նչ կապ ունի Սամվել Բաբայանը, թե ինչու Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին չեն հիշատակում։
Ընդգծենք, որ նույն Սամվել Բաբայանն ու նրա եղբայրը Կարեն Բաբայանը 1990-ականների վերջերին հենց Ստեփանակերտում համարվում էին ամենաթալանչիները, ավելին՝ նույն Սամվել Բաբայանն էր կազմակերպել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձը, սակայն այսօր նրանց անունները չեն հնչում։ Չիգտես ինչու ակտիվիստները նրանց իրենց պաշտպանության տակ են վերցրել ու թիրախավորում են ԶԼՄ-ներին, բոլոր նրանց, որոնք պահանջներ են ներկայացնում ՀՀ օրվա իշխանություններին, որոնք իրավասություն ունեն որոշումներ կայացնելու։
Օսիպյանի գլխավորած ակտիվիստները, ներկայացուցչության մոտ լարված իրավիճակ ստեղծելով, փորձում էին տեղաշարժել վանդակաճաղերը, որի ընթացքում ներսից մեկ այլ արցախցի փորձեց սաստել. « Սա մեր վերջին տարածքն է, սա Արցախի ներկայացուցչությունն է, սա էլ փակենք, հարձակվում եք, որ ի՞նչ անեք»։
Ակտիվիստները պահաջում են Սամվել Շահրամանյանին՝ իրենց հետ գնալ ՀՀ դատախազություն։ Արցախի խորհրդարանի պատգամավոր Աշոտ Դանիելյանը հիշեցրեց, որ նախագահ Շահրամանյանը դատախազությանն այդ խնդրով հաղորդում ներկայացրել է, հարցաքննվել է, դա ակտիվիստներին չբավարարեց։ Շենքին մոտեցավ Արցախի մարդու իրավունքներին պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ով փորձում էր հանգստացնել բոլոր կողմերին, անգամ լրագրողներին։
Ակտիվիստները երկար բանակցեցին ոստիկանության հետ, որպեսզի մտնեն ներկայացուցչության շենք, բոլոր ներկաները, սակայն ոստիկանները նրանց հաոզեցին, որ եթե կարևոր է իրենց համար ոչ թե աղմուկն այլ իրենց հարցերի բարձրացումը, մտնեն ներս 10 հոգով։ Ի դեպ որեւէ բացատրություն չհնչեց, թե ինչու Օսիպյանի գլխավորած խումբը ակցիա չի անում դատախազության մոտ ու դատախազությունից չի պահանջում բացահայտել թալանչիներին։
