Սաուդյան Արաբիայի գահաժառանգը տվել է նոր Հիտլերի անունը
Սաուդյան Արաբիայի իշխանությունների կողմից կոռուպցիայի մեջ մեղադրվողների մեծամասնությունը համաձայնել է մինչդատական կարգավորմանը, որը ենթադրում է նրանց ունեցվածքի մի մասի ազգայնացում: Այդ մասին գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը հայտնել է The New York Times ամերիկյան թերթի լրագրողներին տված հարցազրույցում։ «Մեր երկիրը կոռուպցիայից խիստ տուժել է 1980-ական թվականներից մինչեւ մեր ժամանակները: Մեր հաշվարկների համաձայն, պետական բոլոր ծախսերի մոտավորապես 10 տոկոսը կոռուպցիայի արդյունքում յուրացնում են ամենաբարձրից մինչեւ ամենաստորին մակարդակներով»,-ասել է արքայազնը: Ինչպես հայտնել է Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը, ավելի ուշ իրավախախտներին ծանոթացրել են իշխանությունների ունեցած տվյալներին: Դրա պայմանների համաձայն, խախտողները պետք է սաուդյան իշխանություններին փոխանցեն իրենց ակտիվներից կամ բիզնեսներից մի քանիսը: Այնուհետև նա ասել է, որ Իրանի առաջնորդը Մերձավոր Արեւելքի նոր Հիտլերն է։ «Բայց մենք չենք ուզում, որ Իրանի նոր Հիտլերը Մերձավոր Արեւելքում կրկնի այն, ինչ տեղի է ունեցել Եվրոպայում։ Գլխավորն այն է, թե ինչ է անում Սաուդյան Արաբիան տանը, որպեսզի կառուցի իր ուժն ու տնտեսությունը»,- ասել է արքայազնը։
