Պետական պարտքի մասին օրենքում փոփոխություն կարվի
Այսօր ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերին։ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ փոփոխությունների նպատակն է՝ մեղմել գործող բավական կոշտ հարկաբյուջետային կանոնները, որոնք չեն նպաստում տնտեսական աճին: «Մի քանի անգամ ասել ենք, որ հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է լինի այնպես, որպեսզի մենք կարողանանք տնտեսական աճին օժանդակել: Եվ այդտեղ պետք է լինեն հստակ նախագծված կանոններ, որպեսզի այնպես չլինի, որ անձանց փոփոփոխությունից կախված՝ հարկաբյուջետային քաղաքականության գաղափարախոսությունը փոփոխության ենթարկվի: Փոփոխությունն արվել է՝ հաշվի առնելով ԱՄՀ-ի կողմից տրամադրված տեխնիկական օժանդակությունը»,- ասաց նա: Նրա խոսքով՝ բուֆերներ են գոյացնում՝ հետագա վատ օրերի համար. «Մենք փորձել ենք ճկուն մեխանիզմ ներդնել, որպեսզի մեր հարկաբյուջետային քաղաքականությամբ օգնենք տնտեսական աճին»։
