Կոալիցիան փաթեթ է ներկայացրել վարչապետին. ակցիա

Այսօր «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության»  կոալիցիան՝ «Ավանդույթը օրենքի կարգավորման հիմք չէ»  խորագրով բողոքիակցիա է անցկացրել ՀՀ կառավարության շենքի առջև: Դեռևս ՀՀ կառավարության նախորդ նիստում՝ նոյեմբերի 16-ին, գործադիրը հավանության էրարժանացրել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին»  վերտառությամբ օրենքի նախագիծը: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան իր անհամաձայնությունն էր հայտնել Նախագծի  կոնցեպտուալ փոփոխության վերաբերյալ, և հայտարարել, որ Կոալիցիան ավելի ուշ հանդես կգա  իրավական վերլուծությամբ։ Այսօրվա ակցիայի ժամանակ իրավական վերլուծության փաթեթը հանձնվեց ՀՀ կառավարության ղեկավար՝ Կարեն Կարապետյանին. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին Սույն թվականի նոյեմբերի 16-ին, ՀՀ Կառավարությունը՝ 1433 – Ա որոշմամբ հավանություն տվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» վերտառությամբ օրենքի նախագծին և հարակից օրենքների նախագծերի փաթեթներին, որոնցում տեղ են գտել մի շարք փոփոխություններ՝ նախկինում հանրային քննարկման ներկայացված «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծի համեմատությամբ: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան (այսուհետ՝ Կոալիցիա) ողջունում է Լրամշակված նախագծում տեղ գտած մի շարք բարելավումներ, ինչպիսիք են հոգեբանական բռնության դրսևորումների մեջ հղիության արհեստական ընդհատման հարկադրանքի ներառումը, անտեսման, որպես ընտանեկան բռնության առանձին տեսակի նախատեսումը, ռեաբիլիտացիոն ծրագրերի սահմանումը և դրանց կիրառման դեպքերի մատնանշումը, պաշտպանական որոշումները երկու անգամ երկարաձգելու հնարավորության սահմանումը, գործի փաստական հանգամանքների ի պաշտոնե (“ex officio”) պարզումը քաղաքացիական դատարանի կողմից՝ պաշտպանական որոշումների կայացման ժամանակ և ընտանեկան բռնության մասնավոր մեղադրանքի գործերը ex officio կարգով շարունակելու ընթացակարգ սահմանող նորմերի նախատեսումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում: Միաժամանակ, Կոալիցիան իր խորին վրդովմունքն է հայտնում լրամշակված նախագծում տեղ գտած այն համակարգային փոփոխությունների կապակցությամբ, որոնք խեղաթյուրում են նախագծի բուն իմաստը և զգալիորեն թուլացնում դրա արդյունավետությունը: Մասնավորապես.

  1. Միջազգային իրավական փաստաթղթերում, այդ թվում նաև ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերում և դրանց ընդհանուր հանձնարարականերում և անհատական որոշումներում, տարածաշրջանային իրավական փաստաթղթերում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում, Եվրոպայի խորհրդի բանաձևերում և այլ փաստաթղթերում օգտագործվող և  միջազգային հանրային իրավունքում իր ուրույն նշանակությունը ունեցող «ընտանեկան բռնություն» տերմինը փոխարինվել է «ընտանիքում բռնություն» արտահայտությամբ, որն անգամ ամենալայն մեկնաբանման դեպքում չի կարող արտահայտել ընտանեկան բռնությանը տրված միջազգային իրավական բովանդակությունը՝ դրանով իսկ թուլացնելով օրենքի գործողության շրջանակն ու արդյունավետությունը:
 
  1. Ընտանիքում համերաշխության վերականգնման ապահովումը որպես օրենքի նպատակ ներառելը Նախագծում փոփոխում է օրենքի բուն ուղղվածությունը՝ բռնության ենթարկված անձանց պաշտպանությունից դեպի համերաշխության վերականգնում: «Համերաշխությունը» սուբյեկտիվ ընկալման տեղիք տվող տերմին է. այն կարող է դրսևորվել նաև կնոջ՝ ամուսնու կողմից կիրառվող բռնությունների հետ հաշտվելով: Գտնում ենք, որ այս սկզբունքի ներառումը հակասում է օրենքի իրավական որոշակիության սկզբունքին և մարդու, որպես բարձրագույն արժեքի, իրավունքները ստորադասվում են հասարակության այլ անդամների կողմից սուբյեկտիվ կերպով գնահատվող «ընտանիքի համերաշխությանը»:
 
  1. Այս համատեքստում մեր կողմից բազմիցս բարձրաձայնվել է դեռևս նախկին նախագծով ներմուծված հաշտարարության ինստիտուտի կիրառման խնդրահարույց լինելու մասին հարցադրումը: Միջազգային փորձից ելնելով կարելի է փաստել, որ հաշտարարության ինստիտուտի կիրառումը արդյունավետ է կողմերի հավասարության պարագայում, ինչը բացակայում է ընտանեկան բռնություն գործադրած և ընտանեկան բռնության ենթարկված անձանց միջև հարաբերություններում: Ընտանեկան բռնության գործերով հաշտարարության կիրառման խնդրահարույց և ոչ արդյունավետ լինելու վերաբերյալ դիրքորոշում է հայտնել նաև ՄԱԿ-ի Կանանց նկատամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոմիտեն՝ իր 33-րդ ընդհանուր հանձնարարականում:
  Դեռ ավելին, լրամշակված նախագծով հաշտարարության փոխարեն կիրառվում է «հաշտեցում»տերմինը, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում արվող փոփոխություններով հստակեցվում է, որ հաշտեցումը տարբերվում է հաշտարարությունից. հաշտարարության կանոնները այս դեպքում կիրառելի չեն, իսկ հաշտեցումն իրականացվելու է լիազոր մարմնի մշակած կարգով՝ Աջակցման կենտրոնների կողմից: Այսինքն, հաշտեցման կանոնները, ընթացակարգերը և «հաշտեցնողների» նկատմամբ ներկայացվող պահանջները դեռևս անհայտ են:   Միաժամանակ, որևէ տրամաբանության չի ենթարկվում առավելագույնը 20-oրյա ժամկետով կիրառվող անհետաձգելի միջամտության որոշման կիրառման ժամանակահատվածում հաշտեցման ընթացակարգի իրականացումը, առավել ևս, որ  անհետաձգելի միջամտության որոշումը ոստիկանը կարող էր կայացնել միայն ընտանիքի անդամի կյանքի և առողջության ապահովման նպատակով, եթե ընտանիքի մեկ անդամի կողմից մյուսի նկատմամբ բռնություն է կիրառվել և առկա է հիմնավոր ենթադրություն բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի մասին: Այսինքն, նույնիսկ բռնության կրկնման հիմնավոր ենթադրության դեպքում, ընտանիքի հաշտեցումն ավելի կարևոր է դասվում, քան ընտանիքի անդամի անվտանգությունը, և պետական մարմինը (Աջակցման կենտրոնը) պարտավորվում է դիմումի առկայության դեպքում իրականացնել «հաշտեցման» գործընթացը:   Կոալիցիան այս նորմը գնահատում է, որպես ինքնանպատակ, պնդելով, որ այն ոչ միայն չի ենթարկվում տրամաբանության կանոններին, այլ նաև հակասում է ՀՀ կողմից ՀՀ ահմանադրությամբ և բազմաթիվ միջազգային պայմանագրերով ստանձնած իր պոզիտիվ պարտավորություններին՝ պաշտպանելու իր քաղաքացիների կյանքը, անվտանգությունն ու անձնական անձեռնմխելիությունը:  
  1. Ընտանիքում ավանդական արժեքների ամրապնդումը և ընտանիքում համերաշխության վերականգնումը, որպես ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության սկզբունք ներառելը Նախագծում հակասում է իրավական որոշակիության սկզբունքին, քանի որ «ավանդական արժեքների» սահմանումը ՀՀ իրավական որևէ փաստաթղթում բացակայում է: Այն նաև հակասում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային սկզբունքներին և  Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 5-րդ հոդվածի ա/ կետով ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին:
 
  1. Խնդրահարույց է նաև ընտանիքի անդամների սահմանումը լրամշակված նախագծով: Մասնավորապես, ընտանիքի անդամների մի մասի դեպքում (տատ, պապ, քույր, եղբայր…) օրենքի պաշտպանությունը տարածվում է միայն համատեղ բնակվելու դեպքում: Ինչ վերաբերում է ավելի մոտ ընտանիքի անդամներին (ամուսին, ծնող, երեխա…), որոնց ցանկը սահմանված է Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի ա/ կետում, ապա այստեղ սահմանումը որոշակի չէ և կարող է երկիմաստ մեկնաբանման առիթ տալ: Հաշվի առնելով, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է իրավական ակտի բառացի մեկնաբանություն, տվյալ ձևակերպմամբ սահմանման դեպքում հնարավոր է, որ «անկախ համատեղ բնակության հանգամանքից» արտահայտությունը մեկնաբանվի որպես միայն նախկին ամուսնու ծնողներին վերաբերելի պայման: Այսինքն, կստացվի, որ համատեղ չբնակվող ամուսինների նկատմամբ օրենքի պաշտպանական մեխանիզմները չեն կարող կիրառվել: Նախկին նախագծի սահմանումն ավելի լայն էր և թույլ էր տալիս ներառել ընտանիքի բոլոր անդամներին՝ անկախ միասին բնակվելու հանգամանքից, ինչն  հնարավորություն էր տալիս առավել պաշտպանել ընտանեկան բռնության զոհերին:
   
  • Լրամշակված նախագծում «ֆիզիկական բռնության» սահմանումից հանվել է ֆիզիկական ցավ պատճառելը և ներառված է միայն դիտավորությամբ ֆիզիկական տառապանք պատճառելը: Միաժամանակ, «ֆիզիկական տառապանք» տերմինը չի օգտագործվում ոչ ՀՀ քրեական օրենսգրքում, ոչ էլ ունի որևէ այլ սահմանում: Փաստացի, ընտանիքի անդամին ֆիզիկական ցավ պատճառելը դուրս է մնում ֆիզիկական բռնության սահմանումից, դրանով իսկ պաշտպանության հնարավորությունից զրկելով, օրինակ, այն կնոջը, ում ամուսինը նրան ապտակել է՝ պատճառելով ֆիզիկական ցավ, սակայն բացակայում են ծեծին կամ առողջությանը վնաս պատճառելու հանցակազմի հատկանիշները:
   
  1. Լրամշակված Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ ենթակետի համաձայն, հոգեբանական բռնությունը սահմանվում է որպես դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, այդ թվում՝ ֆիզիկական, սեռական կամ տնտեսական բռնություն գործադրելու իրական սպառնալիքը… Բռնություն համարվելու համար, իհարկե, սպառնալիքները չպետք է կրեն հումորային բնույթ կամ լինեն չափազանց անիրական: Սակայն դրանց իրական լինելու պայմանը սահմանման մեջ ներառելը կարող է անհամաչափ բեռ դնել բռնության զոհ դարձած անձի համար՝ հիմնավորելու սպառնալիքների իրական լինելը: Նույն կերպ բռնության սպառնալիքի պայմաններում ապրող կանայք տարիներ շարունակ չեն կարողանում պաշտպանություն ստանալ ՀՀ  քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի շրջանակներում, քանի որ դժվարանում են հիմնավորել սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգը:
  Ելնելով վերոգրյալից, Կոալիցիան, որպես տարիներ շարունակ ընտանեկան բռնության ենթարկվող կանանց հետ աշխատող և վերջիններիս խնդիրները բարձրաձայնող կազմակերպություն պահանջում է.
  1. վերականգնել Նախագծի նախկին անվանումը և «ընտանիքում բռնություն» տերմինի փոխարեն օգտագործել «ընտանեկան բռնություն» տերմինը,
  2. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետից հանել «ընտանիքում ավանդական արժեքների ամրապնդման և ընտանիքում համերաշխության վերականգնման» արտահայտությունը,
  3. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի ա/ կետում «անկախ համատեղ բնակության հանգամանքից» արտահայտությունը տեղափոխել «ամուսին» բառից առաջ,
  4. «ֆիզիկական բռնության» սահմանման մեջ ավելացնել «ֆիզիկական ցավ պատճառելը»,
  5. «հոգեբանական բռնության» սահմանումից հանել «իրական» բառը,
  6. Նախագծից հանել «համերաշխության» և «հաշտեցման» վերաբերյալ բոլոր կարգավորումները:
                                                                                                           «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Սևանի գերեզմանատանը երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նոր անդամների Այդ քննարկումներն ինձ ստիպեցին ավելի խորությամբ վերլուծել իրավիճակը. Մելիքյան Չկա մի նահատակ, որ նահատակվել է Արցախում, բայց դա չի եղել հանուն Հայաստանի․ Քրիստինե Վարդանյան Փոստանջյանը դիմել է ՌԴ, ԵՄ և ԱՄՆ դեսպաններին՝ ահազանգելով քաղաքական հետապնդումների մասին Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտի Գիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգը Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի Երբ ՍԴ-ն կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Անդրանիկ Թևանյանը Ալեն Սիմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրել Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին ու նրա կուսակցին․ «News.5tv.am» Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Lada»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին. կան վիրավորներ Երևանի խաղահրապարակում վնասված սղարանից երեխա է ընկել Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են #ՀԻՄԱ․ Քաղկալանավայր՝ բաց երկնքի տակ․ ինչ է բուծել Ուրսուլան Հայաստանում․․․ (video) Նիկո՛լ, լավ էս ինչ խայտառակություն է․ Երվանդ Բոզոյանից ի՞նչ ես ուզում․ Անժելա Թովմասյան (video) «Ինչու՞ Նիկոլն Ալենին փոխեց Ռուբինյանով»․ Հայկ Նահապետյան (video) Պատերազմը հենց Փաշինյանի օրոք է եղել՝ ծախված, միտումնավոր պատերազմ․ Հարցում (video) Աղետալի․ անցած տարի արտահանվել է 50 հազար տոննա ծիրան, այս տարի՝ 8000 տոննա ծիրան չկա Հայաստանում (video) Ասեմ՝ ինչ է Բաքվում Ուրսուլա ֆոն դեր Լայենը պայմանավորվել Ալիևի հետ․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am