Մոգերինին և Ալիևը քննարկել են Ղարաբաղի հարցը
Երեկ կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հանդիպումն ընդլայնված կազմով։ Այս մասին հայտնում է պետության ղեկավարի պաշտոնական կայքը։ Ալիևը նշել է, որ Մոգերինիի այցը Ադրբեջան լավ հնարավորություն է՝ քննարկելու Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համագործակցության կարևոր հարցերը։ Ընդգծելով, որ ներկայում Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համագործակցությունը գտնվում է կարևոր փուլում, պետության ղեկավարը նշել է համագործակցության հետագա ծրագրերի կարևորությունը։ Փաստելով փոխադաձ հետաքրքրությունը կապերի ընդլայնման, գործընկերության մակարդակի բարձրացման հարցում՝ Ալիևն ընդգծել է նաև դրական փոխըմբռնումն այդ համատեքստում։ Ադրբեջանի նախագահը տարբեր ոլորտներ ընդգրկող գործընկերային երկարաժամկետ արդյունավետ կապերի հաստատման համար գործընկերության ձևաչափի մշակման հույս է հայտնել։ Մոգերինին իր հերթին՝ նշելով, որ իր ներկայացրած կառույցի և Ադրբեջանի միջև համագործակցությունը կշարունակվի նոր շրջանակներում, ասել է, որ դրա համար կա ամուր հիմք։ Նշելով, որ երկիրը գտնվում է բարդ տարածաշրջանում, հյուրն ընդգծել է ԵՄ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ շահերից բխող գործընկերության ռազմավարական մակարդակի հասնելու կարևորությունը։ Հանդիպմանը կայացել է լայն քննարկում հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների ներկայիս վիճակի և հեռանկարների վերաբերյալ, կարծիքներ են փոխանակվել համագործակցության հետ կապված մի շարք այլ հարցերի շուրջ։ Հանդիպումն այնուհետև շարունակվել է առանձին ձևաչափով։
