Հաշմանդամների 91 տոկոսը գործազուրկ են
«Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների մասին բարձրաձայնելը լավ է, բայց դրանց պետք է արդյունավետ լուծում տալ»,-երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը: «2016 թվականը հավասար հնարավորությունների և հաշմանդամություն ունեցող անձանց հավասար պայմանների ստեղծման տարի է հայտարարված: Այդ հանգամանքը հաշվի առնելով նպաստավոր պայմաններ են ստեղծվում, որպեսզի մենք ավելի ակտիվ, ավելի արագ առաջ շարժվենք»,- ասաց Արմեն Ալավերդյանը: Բանախոսի փոխանցմամբ՝ ներկայումս Հայաստանում գրանցված են 200 հազար 200 հաշմանդամություն ունեցող անձ, որը կազմում է բնակչության շուրջ 6-7 տոկոսը, ինչը ցածր ցուցանիշ է՝ ԱՀԿ-ի տվյալների համաձայն: Արմեն Ալավերդյանը ընդգծում է, որ երկրում այդքան էլ նպաստավոր պայմաններ չեն ստեղծված, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձանց թվի տոկոսը ցածր լինի: Անդրադառնալով ներառական կրթության խնդրին` Ալավերդյանն նշեց, որ ներառական ոլորտում հակասական է պատկերը: Ալավերդյանի խոսքով՝ մի կողմից ԱՊՀ երկրների ցանկում Հայաստանը կարելի է դասել առաջատարների շարքում, որտեղ տարիներ շարունակ կիրառվում է ներառական կրթությունը և որոշում է ընդունվել, որ մինչև 2025 թվականը բոլոր դպրոցները պետք է դառնան ներառական և հատուկ դպրոցները պետք է վերածվեն ռեսուրսային կենտրոնների: «Կողմ եմ ներառականությանը, այն այլընտրանք չունի, բայց քանի որ այսօրվա հարյուրից ավելի ներառական դպրոցները, ոչ հարմար են, ոչ՝ բաց, ապա մտավախություն կա, որ 2025 թվականին էլ կունենանք ձևականություն: Ներառական դպրոցում նույնիսկ միայն մեկ սանհանգույց չկա հարմարեցված երեխաների համար կամ թեքահարթակ, բայց դա միայն երևացող կողմն է, ծրագրային հարցերում նույնպես բազմաթիվ են խնդիրները»,- ասաց Արմեն Ալավերդյանը: Արմեն Ալավերդյանը նշեց, որ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանցից 91 տոկոսը գործազուրկ են: Աստղիկ Ավագյան
