«Իրենցից գառնուկ ձևացնելով՝ որևէ մեկին խաբել չեն կարող». Նալբանդյան

Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունյես Ֆերեյրայի հետ համատեղ ասուլիսում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանները լրագրողներին հարցերին ներկայացնում  ենք ամբողջությամբ: – Հարցս ուղղում եմ պարոն Նալբանդյանին: Վերջին օրերին համանախագահները Մոսկվայում հանդիպումներ ունեցան սկզբում Ձեզ հետ, ապա` Ադրբեջանի արտգործնախարարի: Այս ֆոնին Բաքվից հնչել է, թե Ադրբեջանն ակնկալում և անգամ պահանջում է, որ ղարաբաղյան բանակցությունները կոնկրետ արդյունքներ ունենան: Ինչպե՞ս կարձագանքեք այս հայտարարությանը: Շնորհակալություն: – Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը մշտապես կողմ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման նպատակով ինտենսիվ բանակցություններին, որովհետև բանակցային գործընթացին այլընտրանք չկա: Այս առումով մենք կարևորում ենք եռանախագահող երկրների միջնորդական ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Այդ համատեքստում էին նաև կազմակերպված հանդիպումները եռանախագահների, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Մենք արդեն տեղեկացրել ենք, որ մեզ հետ այդ հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին գագաթաժողովներին՝ Ժնևում, դրանից առաջ՝ Սանկտ Պետերբուրգում, Վիեննայում, ձեռք բերված համաձայնությունների իրականացման հնարավորությունները: Նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպում կազմակերպվի ԵԱՀԿ նախարարական՝ արտգործնախարարների հանդիպման շրջանակներում Վիեննայում այս տարվա դեկտեմբերին: Հնարավոր է, որ այդ հանդիպումը լինի դեկտեմբերի 6-ին, 7-ին կամ 8-ին: Դեռ հստակ օրը և ժամը ճշտված չէ, բայց այդպիսի հանդիպման համաձայնություն տվել են երկու կողմերը: Ինչ վերաբերում է Ադրբեջանից հնչող հայտարարություններին, ապա կհիշեցնեի նորից, որ եռանախագահող երկրներն ամենաբարձր մակարդակով կոչ են անում զերծ մնալ ապակառուցողական, մաքսիմալիստ դիրքորոշումներից, եթե կողմերը ցանկանում են հիմնախնդրի կարգավորումը: Եռանախագահները կոչ են անում վերահաստատել հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հանձնառությունը: Արդյո՞ք Ադրբեջանը դա անում է: Եռանախագահները կոչ են անում վերահաստատել հանձնառությունը միջազգային իրավունքի երեք հայտնի սկզբունքներին՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշում և տարածքային ամբողջականություն՝ որպես հիմնախնդրի կարգավորման հիմք: Արդյո՞ք Ադրբեջանը դա անում է: Եռանախագահները կոչ են անում անվերապահորեն հարգել և իրականացնել եռակողմ անժամկետ զինադադարի համաձայնագրերը: Արդյո՞ք Ադրբեջանը դա անում է: Եռանախագահները կոչ են անում հարգել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունը: Արդյո՞ք Ադրբեջանը դա անում է: Եռանախագահները կոչ են անում իրականացնել Վիեննայի պայմանավորվածությունը միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման մասին։ Եվ ոչ միայն Վիեննայում. այդ հարցի շուրջ մենք խոսում ենք արդեն առնվազն վերջին ութ տարիների ընթացքում: Հիշեցնեմ, որ դեռ 2011-2012թթ. Սոչիում եռակողմ հայտարարություններ են ընդունվել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով, որտեղ արդեն ասվում էր, որտեղ արդեն խոսվում էր մեխանիզմի ստեղծման մասին։ Արդյո՞ք Ադրբեջանն անում է դա: Եռանախագահները կոչ են անում ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի մոնիթորինգային կարողությունները: Իսկ ի՞նչ է անում Ադրբեջանը: Անում է ամեն ինչ, որ եթե անգամ շատ ձևական ինչ-որ թվի ավելացում լինի այդ թիմի, ապա սահամանփակ լինեն մոնիթորինգային հնարավորությունները: Եռանախագահներն ամենաբարձր մակարդակով՝ այդ երկրների նախագահների մակարդակով, Դովիլում ընդունված հայտարարության մեջ կոչ արեցին կողմերին համաձայնություն տալ Կազանում հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքներին: Արդյո՞ք Ադրբեջանը դա արեց: Մենք մոտ ութ-ինը տարի քննարկում էինք հիմնարար սկզբունքները, հետո Ադրբեջանն ասաց, որ հիմնարար սկզբունքների կարիք չկա և դրանք պետք չէ քննարկել: Եվ դա եղել է ոչ միայն Դովիլում, ոչ միայն Կազանում… Այս շարքը կարելի է շատ-շատ երկար շարունակել: Այնպես որ, հայտարարություններ անել, իրենցից գառնուկ ձևացնելով. կարծում եմ որևէ մեկին խաբել չեն կարող: Գիտեք, ժողովրդական ասացվածք կա, որ ինչքան էլ քարոզ կարդաս գայլի գլխին, գայլը մնում է գայլ: – Հարցս ուղղում եմ Հայաստանի արտգործնախարարին: Պարո՛ն Նալբանդյան, ըստ տեղեկությունների՝ Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ, հայտարարության մեջ կարծես թե միակ կետը, որ ցայսօր կարգավորված չէ, հակամարտություններին վերաբերող կետն է: Այդ առումով, միգուցե նաև հասկանալի պատճառներով, Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնություններ կան և չի հաջողվում կարծես թե համաձայնության գալ: Խնդրում եմ ներկայացնեք՝ ինչպիսի՞ն է իրավիճակը այդ հարցի հետ կապված, ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը, Ադրբեջանը ի՞նչ է ցանկանում: Առաջիկա օրերին մենք սպասում ենք Ձեր ռուսաստանցի գործընկերոջ տարածաշրջանային այցին՝ Երևան, Բաքու, որից հետո Դուք կարծես հանդիպելու եք Ադրբեջանի արտգործնախարարի հետ: Գուցե, ինչ-որ նոր գաղափարներ, առաջարկներ է բերում պարոն Լավրովը: Շնորհակալություն: – Էդվարդ Նալբանդյան. Այստեղ ավելի շուտ պետք է խոսել ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ տարբեր մոտեցումների, որոնք հայտնի են, ես արդեն նշեցի դրանց մասին, ավելի շուտ կարելի է խոսել Ադրբեջանի և Եվրամիության, Ադրբեջանի և միջազգային հանրության միջև մոտեցումների տարբերության մասին: Գիտեք, այդ տարբերությունը բազմիցս ակնհայտ է եղել, նաև նախորդ գագաթաժողովների ժամանակ, այդ թվում՝ Արևելյան գործընկերության: Եվրամիության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մշտապես նույնն է եղել. ի աջակցություն եռանախագահող երկրների ջանքերին և մոտեցումներին: Դա ինչ-որ կոնյունկտուրային դիրքորոշում չէ, այլ բավական մտածված, գիտակցված և այնպիսի մոտեցում է, որ վնաս չհասցվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, այլ նպաստելով եռանախագահող երկրների ջանքերին և մոտեցումներին՝ նպաստի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Եվրամիության այս դիրքորոշումը երբևէ չի փոխվել: Ինչ վերաբերում է այդ հռչակագրին, ապա բանակցությունները շարունակվում են, և մինչև բանակցությունները չեն ավարտվել, այդ հռչակագրի վերաբերյալ ինչ-որ բանի մասին այսօր հայտարարելը, դեռ վաղաժամ է: Մի քանի օր դեռ կա: Տեսնենք: Ինչ վերաբերում է Լավրովի այցին, ապա դա պաշտոնական այցելություն է: Լավրովն այստեղ է լինելու նոյեմբերի 20-21-ին: Այս այցելությունն առաջին հերթին նվիրված է լինելու դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Հայաստանի ազգային պատկերասրահում մենք բացելու ենք բավական կարևոր ցուցահանդես՝ նվիրված այդ հոբելյանին: Նաև մի շարք այլ միջոցառումներ են նախատեսված այդ այցելության շրջանակներում: Բնականաբար, պարոն Լավրովը հանդիպում կունենա նաև Հանրապետության Նախագահի հետ, բանակցություններ կկայանան Արտաքին գործերի նախարարությունում, հնարավորություն կունենանք նաև մամուլի ասուլիսով հանդես գալ, և կարող եք այն ժամանակ ուղղել հարցերը թե՛ ինձ, թե՛ Լավրովին: Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է և բավական կարևոր դերակատարություն ունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ջանքերում՝ որպես եռանախագահող և որպես Հայաստանի և Ադրբեջանի կարևորագույն գործընկեր: Ինչպես գիտեք, մենք ունենք դաշնակցային ռազմավարական հարաբերություններ Ռուսաստանի հետ: Իհարկե, այդ նոր այցելությունը հնարավորություն կտա քննարկելու երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Նախագահների միջև վերջին հանդիպումը կայացավ երկու օր առաջ Մոսկվայում: Դա կարևոր իրադարձություն էր նվիրված՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի բացմանը: Հարցերի շրջանակը շատ լայն է։ Մենք, ինչպես հայտնի է, ունենք դաշնակցային հարաբերություններ և դրանով արդեն շատ բան է ասված՝ բազմաշերտ, բազմաբովանդակ և խորը համագործակցություն ունենք։ Մենք ջանք չենք խնայում, որպեսզի այդ հարաբերություններն առավել զարգանան և ամրապնդվեն: Դրան է ուղղված լինելու Լավրովի հերթական այցելությունը Հայաստան: Ինչ վերաբերում է ինչ-որ առաջարկների, ապա նշեմ, որ հեծանիվ հնարելն այս կարգավորման գործընթացում դժվար է: Վերջին տարիների ընթացքում բազմաթիվ աշխատանքային փաստաթղթեր ենք քննարկել, բայց բանակցային գործընթացի հենքը նույնն է մնում, որի մասին մենք բազմիցս ասել ենք: Եթե Ադրբեջանը ավելի աչալուրջ լինի այն կոչերին, այն մոտեցումներին, որոնք եռանախագահող երկրները միջազգային հանրության անունից ներկայացնում են՝ որպես հիմնախնդրի կարգավորման հիմք, ապա առավել մեծ հնարավորություններ կբացվեն այս գործընթացն առաջ մղելու և արդյունքներ ունենալու համար: Ներկայացնում է 168.am-ը

դիտվել է 39 անգամ
Լրահոս
ԿԳՄՍ նախարարի՝ Մայրենիի օրվա առթիվ ուղերձում հայերենի մասին ոչ մի բառ չկա․ Կարեն Վրթանեսյան Հերթական ծեծկռտուքը Նոր Նորքում. 20-25 տղա ծեծի են ենթարկել 2 երիտասարդի Խոշոր հրդեհ՝ կահույքի արտադրամասում Բեռնատարների վարորդները հայտնել են, որ վերևից է նման հրաման իջեցվել․ Գառնիկ Դանիելյան Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց՝ դեպի ձոր իջնող աստիճանների մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին Թրամփի նստավայր ներխուժելու փորձ կատարած տղամարդը սպանված է Խաղաղաւթյունն իրական է, եթե այն վաստակել ես պարտադրելով. Հասրաթյան Հայր Ռուբենը հավատացյալներին փոխանցեց Արտաքսման կիրակիի խորհուրդը Նախկին դատախազը ինքնասպանություն է գործել՝ նետվելով կամրջից Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքից հատված Իշխանությունը խոստացել էր տարեկան կառուցել 500 կմ ճանապարհ, իրականությունն այլ է․ Առաքելյան ԱՄՆ-ում Թրամփին կոչ են արել պատասխանատվության ենթարկել Ալիևի խուլիգաններին Վարժարանի շրջանավարտ Արթուր Գինոսյանը մահացել է Լարված իրավիճակ՝ Բաբաջանյան փողոցում․ բնակիչները բողոքում են «Նոր Երևան» թաղամասի ճանապարհային նախագծից Պեսկովը սպառնացել է Էստոնիային միջուկային հարվածով Վեհափառ Հայրապետը հրաժարվել է ցուցմունք տալ. փաստաբան Իրանցի պաշտոնյան չի բացառել ԱՄՆ-ի հետ միջանկյալ համաձայնության հասնելու հնարավորությունը․ Reuters Ռուսաստանից Հայաստան 3 չվերթ է չեղարկվել Արտաքսման կիրակին պատմական էր Փաշինյանի համար․ նրա ներկայությամբ պատարագին հնչեց Վեհափառի անունը Սևան-Երևան ճանապարհին քաղաքացիներ են վրաերթի ենթարկվել․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am