Լիբանանում կարող է լինել ավելի մեծ ողբերգություն, քան Սիրիայում. դեսպան
Սաադ Հարիրիի այցը Սաուդյան Արաբիա և հրաժարականը, որը մեծ աղմուկ բարձրացրեց ամբողջ տարածաշրջանում, կարող է ազդանշան դառնալ Սաուդյան Արաբիայի և Իրանի առճակատման համար։ Այսօր Հայելի ակումբում ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։ «Առ այսօր Սաուդյան Արաբիան և Իրանը բացահայտ առճակատման չէին գնում։ Սաադ Հարիրին կարող է այստեղ «տրոյական ձիու» դեր խաղալ և հարվածը կարող է ուղղվել դեպի Լիբանան: Լիբանանն իր մեջ պարունակում է դանդաղ գործող դինամիտ, որոնցից առաջինը «Հզբոլլահն» է, որն ամեն վայրկյան երկրում կարող է արյունահեղություն կազմակերպել, երկրորդը՝ Սիրիայից գաղթած 1,5 միլիոն փախստականներն են: Այս բոլոր ուժերը, որոնք դրսի հետաքրքրություններն են ներկայացնում, կարող են Լիբանանը հիմնահատակ կործանել, իսկ այնտեղ մենք ունենք Մերձավոր Արևելքի ամենամեծ համայնքը։ Եթե նման բան կատարվի, կլինի ավելի մեծ ողբերգություն, քան Սիրիայում»,- նշեց արտակարգ և լիազոր դեսպանը։ Արման Նավասարդյանը հավելեց, որ Լիբանանը կարող է զոհ գնալ այսօրվա քաղաքական ինտրիգներին։
