Կառավարությունը փող է տալիս
ՀՀ կառավարությունը ՀՀ ազգային ժողովի 2017 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին կտրամադրի ֆինանսական աջակցություն: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ ՀՀ 2017 թվականի պետական բյուջեում «Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, արհմիություններին» ծախսային ծրագրի գծով ճշտված գումարը կազմում է 100.9 մլն դրամ, որի դիմաց ս.թ. հոկտեմբերի 24-ի դրությամբ ֆինանսավորումը կազմում է 42.1 մլն դրամ՝ ըստ 2012 թվականի Ազգային ժողովի ընտրություններում համամասնական ընտրակարգով 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ֆինանսավորման: Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կտրվի 30 միլիոն դրամ, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքին՝ 17 միլիոն, «Ելք» կուսակցությունների դաշինքին՝ 4 միլիոն, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությանը՝ 4 միլիոն դրամ, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը կստանա 2 միլիոն դրամ, սակայն նշենք, որ վերջինս խորհրդարան չի անցել:
