ԱԺ-ում կշռով ու քանակով թիվ մեկ ընդդիմադիր ուժը «Ծառուկյան» դաշինքն է. Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արտառոց չի համարում երեկ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների քննադատություններն՝ ուղղված Կարեն Կարապետյանի կառավարությանը։ «Ես չեմ ձեր հարցի հասցեատերը։ Տպավորությունները թողնում եմ իմ մեջ, որովհետև դրանցով չեմ առաջնորդվում։Մենք սատարում ենք Կարապետյանի կառավարությանը, կարծում ենք, որ այս քաղաքականությունը թե՛ բյուջե 2018-ի նախագիծը, թե՛ կառավարության քաղաքականությունը միտված է լուծել խնդիրները, որոնք կան մեր երկրում։ Որքանով են դրանք արդյունավետ, որքանով ոչ, ցույց կտա ժամանակը»։ Շարմազանովը նաև նշեց, որ պետք չէ զարմանալ «Ծառուկյան» խմբակցության քննադատություններից, որովհետև ինչպես «Ելքը», «Ծառուկյան» խմբակցությունը ևս ընդդմիադիր ուժ է խորհրդարանում․ «ԱԺ-ում թիվ մեկ և՛ կշռով, և՛ քանակով, և՛ ստացած ձայներով ու քանակով ընդդիմադիր ուժը «Ծառուկյան» դաշինքն է»։
