Թոշակների բարձացումը շոկի մեջ է գցում մարդկանց․ նախարար
ԱԺ-ում այսօր քննարկվեց 2018 թվականի բյուջեն, ըստ որի եկող տարվա բյուջեն թոշակների, նպաստների և նվազագույն աշխատավարձի ավելացում չի նախատեսում: Բացի այդ, կրճատվել են առողջապահական, կրթական և սոցիալական ոլորտներին ուղղված ծախսերը: Միևնույն ժամանակ, դրան զուգահեռ աճելու է արտաքին պարտքը: Բյուջեի քննարկման ժամանակ «Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նկատեց․«Արտաքին նոր պարտքը լինելու է ճիշտ այնքան, որքան մինչ այժմ վերցրած պարտքերն են: Սա նշանակում է, որ աղքատներն ավելի են աղքատանալու, մարդիկ առնվազն 10 տոկոսով ավելի վատ են ապրելու հաջորդ տարի»։ Զեկուցող Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ի պատասխան Փաշինյանի, նշեց, որ այդկերպ մտածել են նաև եկող տարիների մասին ևս, իսկ թոշակները, աշխատավարձերն ու ու նպաստները նախորդ տարիներին արդեն բարձրացրել են: «Պետք է մի փոքր դադար տանք, որ այդ բարձրացումները մարսենք, որովհետև դա համընկել է 2014-2016 թվականների շոկերի հետ: Որպեսզի այդ շոկերից դու դուրս գաս, պետք է տնտեսությունդ աճի… կառավարության նպատակը հետևյալն է՝ պետք է պայմաններ ստեղծել, որ ոչ թե նպաստ ու թոշակ բարձրացվի, այլ մարդկանց աշխատելու հնարավորություն տրվի»,- ասաց Վարդան Արամյանը:
