Պետք է բոլորս ձայն բարձրացնենք բոլոր հնարավոր ատյաններում և առաջին հերթին ստիպենք, պահանջենք Հայաստանի իշխանություններին, որպեսզի տեղներից շարժվեն. Արտակ Բեգլարյան
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը նշեց, որ հայ պատանդները Բաքվում շինծու դատավարության առաջ են կանգնում, խոշտանգվում են, անմարդկային վերաբերմունքի են արժանանում, որովհետև ներկայացնում են մեզ՝ նախ որպես ԱՀ նախկին և գործող ղեկավարներ, երկրորդը՝ որպես հայեր, բոլորը, ոչ միայն ռազմաքաղաքական ղեկավարությունը։
«Դրա համար պետք է բոլորս ձայն բարձրացնենք բոլոր հնարավոր ատյաններում և առաջին հերթին ստիպենք, պահանջենք Հայաստանի իշխանություններին, որպեսզի տեղներից շարժվեն և առավելագույնը կատարեն մեր պատանդներին հայրենիք վերադարձնելու համար, մեզ մեր արժանապատվությունը վերադարձնելու համար»,- հայտարարեց Բեգլարյանը:
Նա նշեց, որ իրենք հավաքվել են ՄԱԿ-ի գրասենյակի առջև որպես միջազգային հանրության հավաքական դեմք և իրենց ակցիան ուղղված է ոչ միայն զուտ ՄԱԿ-ի կառույցներին, նաև բոլոր պետություններին, որովհետև բոլոր պետությունները ՄԱԿ անդամ են։
