Ուսանողները հայտնեցին, թե երբ կդադարեցնեն դասադուլը
Դասադուլը կազմակերպած «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խումբը Աժ-ի դիմաց հայտարարությամբ հանդես եկավ. Մենք՝ «Հանուն գիտության զարգացման» ուսանողական շարժման մասնակիցներս - Հիասթափություն ենք հայտնում առ այն, որ շուրջ 5 օր դասադուլի ընթացքում բազմաքանակ ուսանողներիս հնչեցրած մտահոգությունների, պահանջների ու դիրքորոշման վերաբերյալ պետական կառույցները դրսևորում են լիարժեք մերժողական դիրքորոշում - Շարունակում ենք հավատարիմ մնալ մեր կողմից առաջադրված պահանջներին, սակայն, զրկված լինելով այդ պահանջը պատկան մարմինների քննարկման առարկա դարձնելու որևէ հարթակից, և գիտակցելով, որ ուսանողության ձայնն այս հարցում շարունակում է մնալ անլսելի և անուշադրության մատնված, հայտարարում ենք հացադուլ: Հացադուլի նպատակներն են՝ 1)վերահաստատել մեր պահանջները՝ ուղղված տարկետում ստանալու իրավունքին և կարգին առընչվող ՀՀ կառավարության առկա որոշման չեղարկմանը 2) ՀՀ Ազգային ժողովում կազմակերպել առաջադրված պահանջի շուրջ բազմակողմանի, ժողովրդավարական և ներկայացուցչական քննարկում բոլոր շահագրգիռ կողմերի՝ ներառյալ ուսանողների ուղղակի ներգրավվածությամբ: Հայտարարում ենք, որ հացադուլը կդադարեցնենք միայն այն պարագայում, եթե կառավարության կողմից հայտարարվի օրենքի ընդունման գործընթացի առժամանակ կասեցման և խնդրի շուրջ լայն հանրային քննարկման կազմակերպման որոշման մասին:
