Որ դեպքում են զինծառայողին արձակուրդ տրամադրելու
Ազգային ժողովում քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: Հիմնական զեկուցող` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը թվեց օրենքում առկա նորամուծությունները, հիշեցնելով, որ առաջարկվող նախագծով` պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերից հանվել է գիտական աստիճան ունենալու հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունքը: Սակայն մինչ օրենքի` ուժի մեջ մտնելը ասպիրատուրայում տարկետում ստացած անձանց համար պահպանվելու է նշված իրավունքը մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը: Ինչպես նաև՝ տարկետման հիմքերից հանվել է ուսումը շարունակելու իրավունքը, որը փոխարինվել է նպատակային ուսման համար տարկետում ստանալու իրավունքով: Նրա հաղորդմամբ՝ փորձաքննության և հետազոտման կարգերը, զինվորական ծառայության հետ կապված խնդիրներ առաջացնող հիվանդությունների ցանկն այսուհետ սահմանվելու է կառավարության որոշմամբ՝ ներկայումս գործող` նախարարի հրամանով հաստատված կարգի փոխարեն: Հստակեցվել են զորակոչի կազմակերպման ընթացքում զինվորական կոմիսարների իրավասությունները և այլն: Ամրագրվել են «Ես եմ» ծրագրի իրականացման հիմնական չափանիշները դրանց շրջանակներում զինվորական ծառայության հետ կապված ընթացակարգերը: Կարգավորվել են շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողներին պաշտոնի նշանակելու, զինվորական կոչում շնորհելու կարգերը, արձակուրդ տրամադրելու դեպքերը և բուժման մեջ գտնվելու ժամկետները:
