«Երաշխիք տալի՞ս ես, պարոն ՀՀԿ-ական, որ դա չես կրկնի». Լևոն Բարսեղյան
Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ ընթացող քննարկման ժամանակ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը նշեց, որ օրեր առաջ լսեցինք ցուցակների հետ կապված՝ Դավիթ Հարությունյանի «ձեռնածուական մեկնաբանությունը»:«Ասում է՝ գիտե՞ք, վստահված անձինք քաղվածքներ անելու իրավունք ունեն, էլ ի՞նչ եք ուզում մեզնից: Հիմա ցուցակներ հրապարակելու պահանջն ուղիղ պահանջը չէ, ուղիղ պահանջը ցուցակների մատչելիությունն է: Դու այնպես արա, որ ընտրություններին մասնակցածների ցուցակները մեզ մատչելի լինեն: Ինքն ասում է՝ քաղվածքներ անելու իրավունք ունեք: Քաղվածքի չափն ինչքա՞ն է, պարոն Հարությունյան, քաղվածքի չափը կարո՞ղ է լինել -1 անուն-ազգանուն, տրամաբանությունն ասում է, որ քաղվածք է: Երկու վստահված անձ կարո՞ղ են այդ քաղվածքը գրանցել և ունենալ, իր բացատրությամբ ստացվում է, որ՝ այո: Քաղելու տեխնիկական եղանակը ո՞րն է, պարոն ՀՀԿ-ական, ձեռագի՞ր պետք է անենք, մարդ է, ու ձեռագիրը լավը չէ, ֆոտո անելը, սկան անելը, վիդեո նկարելը, կարդալ-ձայնագրելը քաղվածք չե՞ն: Այսինքն՝ ստացվեց, որ իր ասելով՝ իբր թե օրենքով մատչելիությունն ապահովված է, իսկ պրակտիկայում դա չենք ունեցել և չունենք: Մեր դիտորդներին, որոնք նույնիսկ փորձել են ցուցակները նայել, ծեծել են տեղամասերում: Երաշխիք տալի՞ս ես, պարոն ՀՀԿ-ական, որ դա չես կրկնի: Դրա համար ամենապարզ բանն ենք ասում՝ մասնակցածների ցուցակները հրապարակեք: Մասնակցությո՞ւնն է գաղտնի, թե՞ քվեարկությունը: Իրենք՝ որպես ականավոր, երևելի իրավաբաններ՝ կասեն, որ քվեարկությունը, բոլորի անձնական տվյալները հրապարակում եք, չէ՞, դուք մինչև ընտրությունները. մասնակցությունը գաղտնի չէ, վերջացավ, ուրիշ ոչ մի խոսակցություն չպետք է լինի»,- հայտարարեց նա:
