Ի՞նչ նորություն կա Շանթ Հարությունյանի գործից
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գերարագ՝ 15 օրյա ժամկետում, վարույթ է ընդունել Շանթ Հարությունյանի, նրա որդու և ընկերների գործը, սակայն մինչ օրս գործից որևէ նորություն չկա: «Գործում որևէ տեղաշարժ չկա, միայն գիտենք, որ գործը գրանցվել է դատարանում»,-ասաց Շանթ Հարությունյանի պաշտպանը՝ հավելելով, որ սեպտեմբեր ամսին դիմել էին, իսկ արդեն հոկտեմբերին գործը վարույթ էին ընդունել: Հարցին՝ գործի քննությունը երբ կսկսվի, փաստաբանն ասաց. «Արդեն երկար ժամանակ է, ինչ դիմել ենք: Ժամկետների մասին որևէ բան ասել չեմ կարող, հնարավոր է տարիներ հետո սկսվի»,-ասաց պաշտպանը: Ինչ վերաբերում է Շանթ Հարությունյանին, պաշտպանն ասաց, որ իրեն լավ է զգում և առողջական խնդիրներ չունի: Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում` ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը 2014թ-ի հոկտեմբերի 17-ին Շանթ Հարությունյանին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման։ Այս տարվա փետրվարին Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի որոշումը: Վճռաբեկը բողոքը վարույթ չէր ընդունել: Աստղիկ Ավագյան
