Ռուբեն Վարդանյանը գտնվում է լիակատար մեկուսացման մեջ․ Դավիթ Վարդանյան
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով ավելի քան մեկ տարի է՝ գտնվում է Ադրբեջանում կալանքի տակ, մեկուսացված է իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից։ Այս մասին RTVI հեռուստաալիքին հայտնել է Վարդանյանի որդին՝ Դավիթը։
«Իրավիճակի առանցքային խնդիրն ու անհեթեթությունն այն է, որ հորս շահերի միակ ներկայացուցիչները, ովքեր հասանելություն ունեն նրան, ադրբեջանցի տեղացի իրավաբաններն են։ Մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել ոչ միայն տեսնել հորս, այլ նույնիսկ կապ հաստատել նրա հետ։ Այսինքն՝ սա ինֆորմացիայի ամբողջական վակուում է և լիակատար մեկուսացում»,- ասել է Դավիթ Վարդանյանը։
Նրա խոսքով՝ Ռուբեն Վարդանյանին տեսակցելու փաստաբանների բոլոր դիմումները «կամ ուղղակի անտեսվել են, կամ մերժվել»։ «Անկախ բժիշկները» նույնպես չեն կարող այցելել ԼՂՀ նախկին պետնախարարին։
«Միակ բանը, որ եղել է, հետազոտությունն է, որ պետական հիվանդանոցն արեց նրա հացադուլից հետո Որոշ այցեր կան, ինչպես հասկացանք, Կարմիր Խաչից, բայց, դարձյալ, սա բավարար չէ, քանի որ դրանք բավականին մակերեսային են»,- ասել է Դավիթ Վարդանյանը։
Նամակները կարող են ուղարկվել նաև միայն Կարմիր Խաչի միջոցով, որն ունի «շատ խիստ կանոնակարգեր»՝ ոչ ավելի, քան չորս էջ, վստահեցրել է նա։
«Նրանք (Կարմիր խաչը) աշխատում են այնպես, ինչպես կարող են, բայց նրանց ձեռքերը նույնպես շատ կապված են այնտեղ: Մենք չենք կարող կանոնավոր նամակներ ուղարկել։ Ինչպես ինձ ասաց հայրս, վերջին վեց ամսվա ընթացքում նա արդեն անսահմանափակ թվով նամակներ է ուղարկել։ Դրանցից ոչ մեկը հասցեատիրոջը չի հասել, այսինքն՝ մեզ մոտ էլ է այս կապի մեթոդը կտրված»,- ասաց Դավիթ Վարդանյանը։
Արցախի նախկին պետնախարարի որդին նշել է, որ ինքը զանգում է հորը, սակայն հեռախոսով «որոշ հարցեր» քննարկել չեն կարող։ Նա նաև նշել է, որ ընտանիքը երախտապարտ է տեղի փաստաբանին, ով «վտանգում է իր կյանքը»:
Դավիթ Վարդանյանը հաստատեց, որ իր հորը 20 հոդվածներով 45 մեղադրանք է առաջադրվել։ Նրա խոսքով՝ քրեական գործը պարունակում է 25 հազար էջ ադրբեջաներեն, որոնք նրա համար բանավոր թարգմանվում են «քննիչի և դատախազության» կողմից նշանակված թարգմանչի կողմից։
Նա նաև նշել է, որ իր ընտանիքը «շատ երախտապարտ» է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ով հույս է հայտնել, որ Ադրբեջանը կառաջնորդվի «մարդասիրական նկատառումներով» Լեռնային Ղարաբաղի նախկին իշխանությունների նկատմամբ։ «Մենք աներևակայելի երախտապարտ ենք նման խոսքերի համար և հուսով ենք, որ դրանց ականջալուր կլինեն», - ասել է նա:
